…ԹՈՂ ՄԱՅՐԵՐԻ ԱՂՈԹՔՆԵՐԸ ՎԵՐԱԾՎԵՆ ԽԱՂԱՂ ՕՐՀՆԵՐԳԵՐԻ
ՙԱԱ՚
ԱՀ ՙՄայրություն՚ ՀԿ-ի հանդիպումների հերթական հանգրվանը Ասկերան շրջկենտրոնն էր։ Բնակչության տարբեր շերտեր ու բնագավառներ ներկայացնող մասնակիցների թվում էին նաև Արցախի տեղահանված շրջաններից քաղաքացիներ, որոնք ժամանակավորապես ապաստանել են շրջկենտրոնում։
Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի նահատակների հիշատակը, ապա տիկին Գրիգորյանը Աստվածարարումի շնորհ մորը բարձրացրեց ամենաբարձր պատվանդանին, որտեղ նա ոչ միայն պետության ծառան է, այլև ազգի շարունակականությունն ապահովողն ու նրա գենոֆոնդի պահապանը… Նա մաղթեց, որ բոլոր մայրերի աղոթքները վերածվեն խաղաղ օրհներգերի, զի մայրը կենդանի աղոթք է, քայլող բարություն, իսկ մոր աղոթքը կարող է փոթորիկներ սանձել ու պատնեշ դառնալ չար նկրտումների ճանապարհին« ապա ցանկացավ, որ հայ մոր տառապանքն այլևս վերջակետվի հավերժական հանգստությամբ։
ԱՀ ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը, համառոտ տեղեկություն ներկայացնելով կազմակերպության գործունեության մասին, անդրադարձավ այն հիմնախնդիրներին, որոնք ի հայտ են եկել վերջին իրադարձություններով պայմանավորված։ Մարտահրավերները բազում են ու բազմապիսի, ահա թե ինչու անհրաժեշտ է վերանայել ամենքի ու յուրաքանչյուրի պահվածքն ու վարքագիծը՝ հերթական փորձությունները պատվով հաղթահարելու ճանապարհին։ Նրա դիտարկմամբ՝ մենք պարզապես իրավունք չունենք նահանջելու, առավել ևս՝ խեղճ ու պարտված զգալու։ Հանուն Արցախի վաղվա, հանուն մեր երեխաների ու նրանց ապագայի պիտի շարունակենք ապրել, պայքարել ու ծառայել երկրին։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է փոխել ոչ միայն տրամադրությունն ու տրամադրվածությունները, այլև տեր կանգնել պատմամշակութային հարուստ ժառանգությանը, անաղարտ մայրենիին, կապվել մայր հողին բազում թելերով, ապրել, աշխատել ու արարել միայն Հայրենիքում։ Նա առաջարկեց նաև գնահատել դժվար պահին ձեռք մեկնած ռուս ազգին, որոնց հետ բարեկամությունը դարերի պատմություն ունի։
ԱրՊՀ պրոֆեսոր, հոգեբան (ՙՄայրություն՚ ՀԿ համանախագահ) Արզիկ Մխիթարյանը հայ մոր ու կնոջ դերը դիտարկելով պատմական բուռն ու թեժ անցքերի հոլովույթում` միջոցառման մասնակիցներին հույս ու լավատեսություն ներարկեց. ՙԱնշուշտ, հայրենիքի կորուստն անհամեմատելի է որևէ կորստի հետ։ Իսկապես ծանր շրջան ենք ապրում, սակայն անհրաժեշտ է հաղթահարել հետապնդող դեպրեսիոն վիճակը, նեղվածությունը և չմոռանալ, որ հայ կինը միշտ եղել է (ու կմնա) բարձունքի վրա՝ անտեսելով բոլոր փորձությունները։ Հայ մորը ճակատագրով տրված է այլ առաքելություն, ծանր, սակայն վեհ առաքելություն։ Մենք տեսել ենք 1915 թվական, սակայն կարողացել ենք հաղթահարել, պետություն դառնալ, քանի որ ունեինք կամք ու նպատակ, իսկ պատմությունը, ցավոք, կրկնվելու հատկություն ունի։ Այսօր բոլորս հավասար պայմաններում ենք, քանի որ դիմացինի ցավն ընկալելու, կիսելու ընդունակություն ունենք և այն միասին կհաղթահարենք՝ լինելով լավատես, համախմբված։ Մենք պարտավոր ենք լինել ամուր, սիրել մեր հայրենիքի ամեն մի մասնիկը և ապրել լավ ապագայի հույսով՚։
Գրող, լրագրող Սիրվարդ Մարգարյանը շնորհավորեց ներկաներին և ի դեմս նրանց՝ բոլոր հայ մայրերին Ավետման տոնի, Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց նրանց առաքինի պահվածքի, անկոտրում ոգու, երկրի տղամարդկանց մշտապես թև ու թիկունք լինելու համար։ ՙՀայ մայրերն ուժեղ են ու արիասիրտ, նրանց կոտրել չի լինի, նրանք միայն իրենց զավակների գերեզմանին խունկ ծխող ու մոմ վառող մայրեր չեն, նրանք թիկունք ու ապավեն են իրենց զավակներին, հայրենիքին ու պետությանը… Առհավատչյան դուք եք, որ մահ ու ավեր արհամարհելով կրկին տուն ու օջախ եք շենացնում՚,- ասաց Ս. Մարգարյանը և մոր ու տան կարոտից խրամատում ծնված ՙՀայոց Մայրերին՚ բանաստեղծությունը ձոնեց նրանց։
Բաքվից բռնագաղթած, Արցախյան առաջին պատերազմում որդուն կորցրած Ասկերան քաղաքի բնակչուհի Եվգենյա Ստեփանյանը երախտիքի խոսք ասաց իրենց այցելելու և գնահատելու համար… Կյանքի փորձով իմաստնացած Եվգենյա տատիկի կարծիքով բոլոր նեղություններն ու դժվարությունները ժամանակավոր են« ու չնայած 50 տարվա վաստակածը ջուրն է թափվել, վստահ է, որ Արցախը կրկին հառնելու է, գերիները տուն են վերադառնալու, իսկ իրենք քարից էլ կարծր իրենց հոգով գուրգուրելու են մայր հողը, հայրենի հանդերի ցախն ու փուշը բալասան են դարձնելու։ Միջոցառումն ավարտվեց Ասկերանի ՙԲերդ՚ համույթի` մայրերին ձոնված երգերով։
ՙԱԱ՚