ԱՐՑԱԽԸ ՆՈՐ ԲԱՆԱԼԻ ՈՒՆԻ
Անի Մանգասարյան
Արցախի ''Մենք ենք մեր սարերը'' հուշակոթողի տարածքում հայր ու որդի Արկադի և Գոռ Գրիգորյանների նախաձեռնությամբ տեղադրվել է ''Արցախի բանալին''։ Մտահղացումը պատերազմից առաջ էր։ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու անդամների համաձայնությամբ ու աջակցությամբ և ԱՀ ԱԽ քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի հովանավորությամբ աշխատանքերը սկսվեցին մեկ ամիս առաջ և արդեն ավարտական փուլում են։
-Այս բանալին խորհրդանիշն է ոչ միայն Ստեփանակերտի ամրության, այլև ամբողջ Արցախ աշխարհի։ Սա նաև հայապահպանության խորհրդանիշ է,-''Ազատ Արցախ''-ի հետ զրույցում նշեց նախագծի հեղինակ Արկադի Գրիգորյանը։
Ստեփանակերտը միշտ էլ ուներ իր բանալին, որը զարդարում էր մայրաքաղաքի մուտքը։ Խոստովանեմ՝ ես այն տեսել եմ սև ու սպիտակ լուսանկարներում և դրա մասին լսել հին ստեփանակերտցիներից։ Արցախի նոր բանալին ընդգծվում է ճարտարապետական լուծումներով ու մոտեցումներով։ Պատվանդանին Մեսրոպյանն է, որն ամբողջացնում է գաղափարը։
Մեր հանդիպման ժամանակ Գոռ Գրիգորյանը պատվանդանին վերջին տառն էր փորագրում։ Հայրը մոտենալով ասաց.
-Այս աշխատանքով, կարծում եմ, մեզ կհաջողվի համոզել, որ Արցախի բանալին գտնվում է հենց արցախցու ձեռքին։