ՈՒԶՈ՞ՒՄ ԵՍ ԴԱՌՆԱԼ ԷԼՖ…
Թամար ՂԱՐԱԽԱՆՅԱՆ
Շուտով կեզրափակենք հետպատերազմյան առաջին տարին: Արցախցին կրկին տուն է շինում, նորից փորձում է ոտքի կանգնել: Թեև մենք` մեծերս, դեռ չենք հասցրել ուշքի գալ դառն իրականությունից, միևնույն է, ավանդույթի համաձայն, մեր փոքրիկներն սպասում են ամանորյա հրաշքներին: Ճիշտ է, նրանք նույնպես մեծերի հետ հավասար ճաշակել են այդ դառն ու դաժան օրերը, սակայն բնավ մեղավոր չեն, որ մեծերը զբաղված են, տարված են իրենց առօրյա հոգսերով, որ իրենց մանկությունը խաղաղ ու անհոգ չէ:
Ֆեյսբուքյան էջում ուշադրությունս գրավեց ՙԱրցախի մայրիկների ակումբ՚-ի հետաքրքիր նախաձեռնությունը: Այն հետևյալն էր. իրականություն դարձնել 2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսների, ինչպես նաև 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամություն ստացած, նաև անհայտ կորած մեր հայրենակիցների երեխաների ամանորյա երազանքները: Խումբն ստեղծվել է 2018թ.: Այն մի հարթակ է, որտեղ ընդգրկված մայրերը, նաև ապագա մայրերը կարող են տեղադրել իրենց հուզող հարցերը` կապված երեխաների խնամքի հետ և ստանալ դրանց պատասխանները: Խմբում կան նաև բժիշկներ ՀՀ-ից, ովքեր անվճար խորհրդատվություն են տրամադրում մեր մայրիկներին:
Երեխաներն ուղարկում են Ձմեռ պապիկին ուղղված իրենց նամակները, իսկ էլֆերը (խմբի անդամները) փորձում են իրագործել փոքրիկների ցանկությունները: Խմբի համակարգողը տեղադրում է նամակները ՙԱրցախի մայրիկների ակումբ՚ խմբում: Նվիրատուն` տվյալ դեպքում էլֆը, մեկնաբանություններում + նշանն է դնում` այդպես արտահայտելով իր պատրաստակամությունը տվյալ փոքրիկին օգնելու հարցում: Բարերարներն անձամբ կամ Հայփոստի միջոցով են իրենց նվերներն ուղարկում: Որևէ դրամահավաք չի կազմակերպվում: Էլֆ դառնալու ցանկություն են հայտնել նաև զոհվածների կանայք, քույրեր, ինչը հպարտանալու մեծ առիթ է: Ամենահուզիչն այն է, որ մանուկները Ձմեռ պապիկից ամենաառաջինը խաղաղություն են խնդրում, հետո` զինվորական համազգեստ ու հրացան (դա, սովորաբար, տղա երեխաների խնդրանք-ցանկությունն է) և միայն ամենավերջում հիշում են խաղալիքների մասին: Ընթերցում եմ նամակները և ինձնից անկախ հուզվում` որքան շուտ մեծացան մեր բալիկները… թող այլևս պատերազմ չտեսնի ոչ ոք: