ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՆ ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ամանորին ընդառաջ Ստեփանակերտում գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն Ստեփան Շահումյանի անվան պուրակում՝ դեկտեմբերի 24-ին։ ՙԱզատ Արցախ՚-ի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների բաժնի պետ Էդգար Ավանեսյան մանրամասնեց, որ Վերածննդի հրապարակում տոնածառ չի տեղադրվելու։
-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխաներն ամեն տարի սպասում են տոնածառի լույսերը վառելու միջոցառմանը, Ստեփան Շահումյանի անվան պուրակում համեստ զարդարվել է եղևնի, իսկ պուրակը՝ ձևավորվել գունավոր շղթաներով ու լուսային դեկորներով,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ քաղաքապետարանը երեխաների համար նախատեսում է գլխավոր տոնածառի բացման արարողություն, որի շրջանակներում նրանց կտրամադրվեն նաև նվերներ։
Ամանորյա ձևավորման աշխատանքներ են իրականացվել նաև մայրաքաղաքի տարբեր փողոցներում։
-Արտաքին լուսավորության բարելավման, ինչպես նաև տոնական ձևավորման նպատակով լուսային խողովակներով և լուսաշղթաներով ձևավորվել են Ա. Մանուկյան, Վ. Սարգսյան, Գ. Լուսավորիչ, Հ. Հակոբյան, Ազատամարտիկներ, Անդրանիկ, Ա. Մանուկյան և Ա. Հակոբյան, Ն. Ստեփանյան, Մ. Մաշտոց փողոցների ծառերը,-ասաց նա՝ ավելացնելով, որ լուսային ձևավորում է իրականացվել Ազատամարտիկների, Կամո, Ադմ. Իսակովի, Ալ. Մանուկյան, Հ. Թումանյան, Մ. Բաղրամյան, Տ. Մեծ և Մ. Մաշտոց փողոցներում։
Մեր զրուցակցի հաղորդմամբ՝ անվտանգ երթևեկության և երեկոյան ժամերին տեսադաշտը ապահովելու, ինչպես նաև ամանորյա ձևավորման նպատակով Վերածննդի և Հաղթանակի հրապարակների, Բաղրամյան-Մկրտչյան, Գ. Ստարավոյտովի և Առաքելյան փողոցների օղակաձև խաչմերուկներում մայթեզրերին տեղադրվել են շուրջ 600 մ. լուսային խողովակներ։ Իսկ Հաղթանակի հրապարակում, Բաղրամյան-Ա. Մկրտչյան և Առաքելյան փողոցների օղակաձև խաչմերուկների կանաչ գոտում տեղադրվել են լուսաշղթաներով մոնտաժված, կարկասային տոնածառներ։
Է. Ավանեսյանը հավելեց, որ Ստեփանակերտում ամեն տարի ամանորյա նվերների համար երեխաների փաստաթղթերի գրանցման գործընթացն իրականացվում է մայրաքաղաքի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 դպրոցում՝ դեկտեմբերի 13-25-ը։ Ծնողը կամ ներկայացուցիչն այդ շրջանակներում կարող է դիմել նաև իրենց նախընտրած դպրոցից նվերը ստանալու համար։
Ստեփանակերտ քաղաքում բնակվող տեղահանված ընտանիքների երեխաների գրանցումը նույնպես կատարվում է նշված դպրոցում` բացառությամբ Հադրութի և Շուշիի շրջանների բնակիչների։ Նրանց գրանցումը կատարվելու է համապատասխան վարչակազմերի գրասենյակներում։