ԱՆՍՈՎՈՐ ԱՄԱՆՈՐ
ԱՆԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ
Դժվա՞ր է այսօր։ Իհարկե, դժվար է։ Միշտ էլ դժվար է եղել տոնածառ զարդարելը, նվերներ հայթայթելն ու ցավը հաղթահարելը։ Այն ժամանակ էլ Արցախը հյուծվում էր, օրեցօր պակասում էին ժպտացող դեմքերը։ Մարդիկ արցունքի միջից փորձում էին ժպիտ պարգևել երեխաներին՝ Ազատամարտի սերնդին։ Եվ, կարծես, հաջողվում էր։ Վկայում են ՙԱզատ Արցախ՚-ի զրուցակիցները։
ԱՆՆԱ ԱՅՎԱԶՅԱՆ
Պահեստազորի սպա, Մեսրոպ Մաշտոց համալսարանի ազգային դաստիարակության գծով ղեկավար
Շարժման առաջին Նոր տարին էինք դիմավորում։ Ստեփանակերտում ՙԱմարաս՚ բարեգործական միություն էինք ստեղծել։ Հավաքվել էինք որոշելու ինչպես ուրախացնել մեր փոքրիկներին։ Մանկապարտեզում պետք է հանդես կազմակերպեինք և զարդարեինք շատ-շատ եղևնիներ։ Եվ ամենակարևորը՝ հեռու-հեռուներից ժամանած Ձմեռ պապը պետք է երեխաներին բաժաներ երկար սպասած մանդարինը։ Ցանկությունը՝ մեծ, հնարավորությունը՝ սեղմ. ի՞նչ անել, ինչպե՞ս ելք գտնել։ Գրասենյակում մտորում էինք բոլորս։ Մեզ հետ էին նաև Բերդաձորը պաշտպանող տղաները, բոլորին հայտնի Անդրանիկի գլխավորությամբ։
-Եղևնիները ես կբերեմ Բերդաձորի անտառներից,-համարձակ առաջարկը Անդոյինն էր։
Բերդաձորից Ստեփանակերտ հասնելն այն տարիներին խաղ ու պար չէր։ Անիրական ցանկություն էր թվում։ Եվ մենք նկուղից հանեցինք հին ու կոտրված արհեստական տոնածառն ու վերանորոգեցինք։ Բամբակե փաթիլներով ու ձեռքի տակ եղած փայլերով զարդարեցինք։ Հետո սկսեցինք հավաքել չիր ու չամիչ, պնդուկ ու ընկույզ։ Որոշեցինք մանդարինն էլ փոխարինել խնձորով։ Ձմեռ պապիկի պարկը պատրաստ է։ Ըստ սցենարի՝ Ձմեռ պապը ֆիդայի էր։ Պատրոնդաշը կապած գալիս է Արցախի հեռու սարերից։ Եվ այդ դերն էլ ստանձնեց Ստեփանակերտի մայր թատրոնի դերասան Վլադիկ Միքայելյանը։ Հաշված օրեր էին մնացել Ամանորին։ 1989թ. դեկտեմբերի 29- ն էր։ Վաղ առավոտյան, մանկապարտեզի շեմին մի կույտ եղևնի ու մանդարինով լի արկղեր էին շարված։
-Կեսգիշերին ֆիդայի տղաներ են բերել։ Նրանցից մեկը վիրավոր էր,-ասաց պահակը։
-Անդոն է,- կռահեցի ու շտապեցի հիվանդանոց։ Տեղեկացրին, որ նրա վերքը թեթև էր, վիրակապել են« ու տուն է գնացել։
Ֆիդայի տղաներին հանդիպեցի Ամարասի գրասենյակում։ Արցունքներս չէի կարողանում զսպել։ Կես գիշերին պինդ կապուկներ էին արել, արկղերն էլ դրել ձիերի վրա ու անտառներով տեղ հասցրել։
-Եղևնիները Բերդաձորի անտառներից են, իսկ մանդարի՞նը,-հարցնում եմ։
- Դե... Լաչինի խանութներից, - խուսափուկ պատասխանում է Անդրանիկը։
Ֆիդայի տղաներն իրենց կյանքը վտանգի էին ենթարկել երեխաներին ուրախացնելու համար։ Ես մտածում էի՝ այսպիսի տղաներ ունեցող ազգը կմեռնի՞։ Ձմեռ պապ ունեցող ազգը կմեռնի՞...։
Տարիներ են անցել։ Մի քանի օրից նոր տարի է։ Խանութները լիքն են մանդարինով, տոնածառով, երգող ու պարող Ձմեռ պապիկներով։ Ամեն ինչ կա, բացի...։ Մեր երեխաներին պարտավոր ենք ուրախացնել։
ՍՈՒՍԱՆՆԱ ԱՎՇԱՐՅԱՆ
Ստեփանակերտի հ.5 /Մանկության մոլորակ/ մանկապարտեզի տնօրեն, ՄՄՀ պատմության ամբիոնի դասախոս
Արցախյան ազատամարտի տարիներն էին։ Արցախը շրջափակված էր։ Ստեփանակերտը ռմբակոծվում էր։ Դեկտեմբերի 12-ին ծնվեց չորրորդ զավակս։ Ժամեր անց տեղափոխվեցի մեր տան նկուղը։ Առաջին ձյունը փոքրիկներիս ավետեց Ձմեռ պապիկի գալուստը։ Տոնածառը զարդարեցինք։ Դեկտեմբերի 31-ն էր, 1991թ. նախօրյակը։
-Քույրիկ, մհենգ վեր լուսանա, Ձմեռ պապիկը մզետի պադարկայա՞ պիրելու,-շշուկով հարցրեց ավագ որդիս։
Կեսգիշերին բացեցի օժիտիս ճամպրուկները, որտեղ պահված էր մայրիկիս նվիրած կտորեղենը։ Տարբեր գույներով երեք պարկ կարեցի։ Տարբերելու համար պարկերի վրա բալ, խնձոր ու տանձ նկարեցի։ Ամենադժվարն առջևում էր։ Պիտի պարկերը լցնեի ունեցած-չունեցածով։ Վաղուց փայփայած բնական քարերով ուլունքներս զարդատուփից հանեցի ու վզնոցներ հավաքեցի աղջիկներիս համար։ Հերթը Գագիկինս էր։ Կտրեցի զգեստիս փայլող հատվածը, նապաստակ կարեցի ու մեջն էլ բամբակ լցրեցի։ ՙԱմարաս՚ բարեգործական ընկերության նվիրած մանդարինները, ընկույզն ու չիր-չամիչն էլ տեղավորեցի պարկերի մեջ ու դրեցի տոնածառի տակ։ Փայլող շղթաներով էլ զարդարեցի նորածին Հարութիս մանկասայլակը։ Ամեն ինչ պատրաստ էր։ Արդեն լսվում էր աքլորի կանչը։ Թե ի՞ նչ կբերեր նոր օրը, անորոշ էր, ինչպես հիմա…
Խորհուրդ չեմ տալիս, ուղղակի խնդրում եմ՝ եկեք չխլենք մեր մանուկների Ամանորյա հեքիաթը։
Մայրաքաղաքի փողոցներում եղևնիներն արդեն պեծին-պեծին են տալիս, իսկ մթնշաղին նաև լույսեր են վառվում։ Գունավոր լույսեր։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ինչպես 2021-ի նախաշեմին, այնպես էլ 2022-ին՝ մեզ չի ողջունում մեծ-մեծ խաղալիքներով, բարձրահասակ ու շքեղ Տոնածառը։ Չկա նախատոնական եռուզեռ։ Հեռացել է այն խինդ-ուրախությունը, որ համակում էր բոլորիս։ Հերթական անսովոր Ամանորին մեզ տրամադրություն հաղորդողն ու սթափեցնողը կրկին մեր մանուկներն են։ Արցախի Հանրապետության ամենաուժեղ Սերունդը։