Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙՆԻՑՑԱՅԻ ՁԱՅՆԵՐԸ՚ ՓԱՌԱՏՈՆԻ ԵՐՐՈՐԴ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԵՐԵՆՆ ԷՐ

Nina.jpgՀոկտեմբերի կեսերին Արցախի պետական երգչախումբը եղավ  Ֆրանսիայում՝ դառնալով Նիցցա քաղաքում  անցկացված խմբերգային  երաժշտության փառատոնի մասնակիցը։ Իսկ օրերս՝ նոյեմբերի  17-ին,  երգչախումբը  մայրաքաղաքի  երաժշտական  հասարակայնության  առաջ հանդես եկավ  խմբերգային  երաժշտության  մեծ ու  բազմազան ծրագրով։ Նիցցայում  անցկացված  փառատոնի,  արտասահմանում  և տանը այդ կոլեկտիվի ելույթների, նրա առաջիկա  ծրագրերի  մասին է մեր հարցազրույցը երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Նինա  ԳՐԻԳՈՐՅԱՆԻ  հետ։
- Արդեն մեկ ամիս է՝ ինչ դուք վերադարձել եք Նիցցայից։  Փառատոնն ինչպե՞ս անցավ Արցախի  երգչախմբի համար և ամբողջությամբ  ինչպիսի՞ տպավորություններ  ունեք փառատոնից։
- ՙՆիցցայի ձայները՚ միջազգային փառատոնն անցկացվել է  հոկտեմբերի 11-14-ը,  նրան մասնակցելու  էին հրավիրվել երգչախմբեր աշխարհի  տարբեր երկրներից, բայց եկել էին  միայն Գերմանիայից, հենց Ֆրանսիայից,  Բրազիլիայից  և մենք՝ Հայաստանից։ Փառատոնը չափազանց հագեցած էր, այն  անցկացվեց  մի քանի  եկեղեցիներում։ Չորս օրում տրվել է  երկու մեծ միավորյալ համերգ։ Բացի դրանից,  մենք ևս մեկ համերգ ենք  տվել հայկական եկեղեցում՝ հայկական համայնքի  համար։ 
-Բոլոր համերգներում  ծրագիրը  նու՞յնն էր։
-Ոչ, առաջին համերգում մենք կատարել ենք  միայն Կոմիտասի  երգերը, որոնք,  ինչպես միշտ, ընդունվել են բացառիկ  ջերմությամբ։ Մեր արտասահմանյան  համերգներին  դեռևս չի եղել եվրոպական  մի լսարան, որին Կոմիտասի  երգերը չհուզեն։ Եվ առավել ևս ցավալի է, որ նրա ստեղծագործության  տարածումը  տարերայնորեն  է ստացվում, դեպքից դեպք։ Իսկ չէ որ դա կարելի  է և պետք  է  պետական  մակարդակով իրականացնել  նպատակաուղղված  կերպով և լայնորեն՝ հանուն այն բանի, որ ամբողջ  աշխարհն իմանա ու գնահատի հայկական երգի իսկական հմայքը, որն այնպես վառ կերպով է ներկայացված Կոմիտասի ստեղծագործության  մեջ։  Եվ  ամենուրեք մեր ելույթները  ջերմ արձագանք էին ստանում։ Պետք է  ասեմ, որ  այնտեղ ընդհանրապես շատ ջերմ էին ընդունում մեզ։ 
- Դուք Նիցցայի  հայկական  համայնքի  հետ շփվե՞լ եք։ 
- Այո, մեզ դիմավորել է ՙՀայ մշակութային միություններ՚ կազմակերպության ներկայացուցիչ Նարինե Պետրոսյանը։ Նա և կազմակերպության ուրիշ ներկայացուցիչներ ամենուրեք ուղեկցել և հոգացել են մեր  մասին, ինչի համար  մենք մեծապես երախտապարտ ենք  նրանց։ Փառատոնի տնօրեն մուսյո Ալենն ասաց, որ ի պատիվ Հայաստանից եկած երգչախմբի՝ փառատոնի երրորդ լեզուն հայերենն է լինելու։ Դուք գիտեք, որ ցանկացած միջազգային փառատոնում առնվազն երկու լեզվից են օգտվում՝ այն երկրի լեզվից, որտեղ անցկացվում է փառատոնը, և մի որևէ միջազգային լեզվից։ Այս փառատոնում ծրագիրը վարվում էր ֆրանսերեն և անգլերեն։ Իսկ երրորդ լեզուն հայերենն էր։ Հենց միայն այս փաստով կարելի է դատել այն մասին, թե Ֆրանսիայում ինչքան լավ  վերաբերմունք  ունեն  հայերի նկատմամբ, ինչպես են հարգում հայ մշակույթը։ Բացի այդ, խոսք տրամադրեցին նաև Նարինե Պետրոսյանին։ Նրա ելույթը, որը չափազանց  վառ էր ու տպավորիչ, հայոց հազարամյա պատմության ու մշակույթի, Ցեղասպանության, Արցախի մասին էր... Նա իր կարճ ելույթում կարողացավ ասել շատ բան՝ մեզ ներկայացնելով և՜ քաղաքական, և՜ հոգևոր տեսակետից։ Նրան երկար ու ջերմագին ծափահարում էին։ Մենք ամենքս ծայրաստիճան հուզված էինք. չէ որ ներկայացնում էինք մի երկիր, որն, իրենց հերթին նրանք էին այդպես արժանավայել ու վառ կերպով ներկայացնում։  Մենք մեր աչքով տեսանք, որ բարեկամությունը Ֆրանսիայի և Հայաստանի, մեր ժողովուրդների միջև՝  ոչ թե պարզապես խոսք է, այլ՝ իրողություն։ Եվ դա մենք զգում էինք ամենուրեք և ոչ միայն փառատոնում։ Ի դեպ, Նիցցայի հայկական համայնքը շատ ակտիվ է։ Նա ունի իր երգչախումբը, որն, ի միջի այլոց, 2010 թվականին եղել է Արցախում։ Նրանց շատ ջերմորեն է ընդունել մշակույթի և երիտասարդության  հարցերի մեր նախարար Նարինե Աղաբալյանը, ինչի համար նրանք մեկ անգամ ևս, օգտվելով առիթից, խնդրեցին իրենց խոր երախտագիտությունը հաղորդել նրան։
- Իսկ փառատոնի մյուս երգչախմբերի հետ հասցրի՞ք շփվել, բարեկամանալ։ 
- Մեզ շատ դուր եկավ այն, որ յուրաքանչյուր համերգից հետո հնարավորություն էր ընձեռվում ֆուրշեթների ժամանակ շփվել իրար հետ, ավելի մոտիկից ծանոթանալ։ Հատկապես ջերմ հարաբերություններ ստեղծվեցին Գերմանիայից եկած խմբի հետ։ Դա կանանց կոլեկտիվ էր, և նրանց երգացանկում հիմնականում ջազային ստեղծագործություններ էին։
- Դուք ասացիք՝ նաև երրորդ համերգն եք ունեցել, որը տվել եք հայերի համար։ Ինչպե՞ս անցավ այն։
- Երկրորդ օրը, այսինքն՝ երկրորդ համերգին, ավելի շատ հայեր եկան։ Եվ նրանց հետ քննարկեցինք հատուկ նրանց համար երրորդ համերգի կազմակերպումը, քանի որ մենք մեկ ազատ օր ևս ունեինք։ Նրանք մեզ տարան հայկական եկեղեցի, որտեղ պատարագից հետո համերգ տվեցինք հայկական համայնքի համար։ Համայնքը ֆինանսական մեծ աջակցություն ցույց տվեց մեզ՝ վճարելով մինչև Փարիզ մեր ճանապարհածախսը, ճանապարհի համար ամեն անհրաժեշտով ապահովելով մեզ։ Այդ եկեղեցու քահանա Գրիգոր Խաչատրյանը շատ ջերմորեն վերաբերվեց մեզ հետ։ Կարելի է ասել՝ նրա թեթև ձեռքից ամեն ինչ հստակ և օպերատիվ կերպով կազմակերպվեց։ Պատարագից հետո մեզ էքսկուրսիայի տարան Մոնտե Կառլո։ Պետք է ասեմ՝ մեզ համար մեծ ուրախություն էր այդպես մոտիկից շփվելը նրանց հետ։ Ուզում եմ և՜ Նարինե Պետրոսյանին, և՜ քահանա Գրիգոր Խաչատրյանին, և՜ Նիցցայի ամբողջ հայ համայնքին խորին երախտագիտություն հայտնել այն ամենի համար, ինչ նրանք մեզ համար արեցին այդ մի քանի օրվա ընթացքում։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել նաև ԼՂՀ և Հայաստանի արտաքին գործերի նախարարություններին՝ մեր մեկնումին և Ֆրանսիայում գտնվելուն վերաբերող հարցերում կատարած հստակ, օպերատիվ աշխատանքի համար։
- Եվրոպական երկրներ կատարած մեծաթիվ ուղևորություններ ունեք ձեր ակտիվում։ Ի՞նչ տպավորություններ ստացաք վերջին ուղևորությունից։
- Կարելի է լիիրավ կերպով ասել, որ դա մեր ամենահետաքրքիր ուղևորությունն էր։ Չորս օրում հասցրինք լինել եվրոպական երեք երկրում՝ Իտալիայում, Ֆրանսիայում և Մոնակոյում։ Մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց Միլանում, մենք մի քանի ժամ ունեինք տեսնելու քաղաքի հիշարժան վայրերը։ Հասցրինք լինել Միլանի ամենամեծ եկեղեցում՝ Դուոմո գոթական տաճարում, տեսնել հռչակավոր Լա Սկալա թատրոնի շենքը։ Ահա այդպիսի երկար սպասված հանդիպում. չէ որ այնքան շատ բան գիտենք այդ թատրոնի մասին։ Բայց պարզվեց, որ դա շատ համեստ, թեպետև հինավուրց, բայց սովորական շենք է, համենայն դեպս՝ արտաքուստ առանձնակի տպավորություն չի թողնում այն։ Ցավոք, ներս չմտանք, շենքը փակ էր։ Միլանից մեքենայով գնացինք Նիցցա, որը մեզ շշմեցրեց իր ճարտարապետությամբ, խիտ ու կանաչ տնկարների էկզոտիկայով, սքանչելի, պարզապես կախարդական Լազուր ափով։ Պետք է ասեմ, որ ինձ զարմացնելը դժվար է, բայց Նիցցայի Լազուր ափը ցնցող էր։ Տղաներն, իհարկե, չհապաղեցին լողալ այդ սքանչելի լազուր ծովում, բայց աղջիկներն զգուշացան. ցուրտ էր։ Մեր նոր բարեկամների շնորհիվ մենք հնարավորություն ստացանք ավելի լավ դիտել բուն քաղաքը, ինչպես նաև Մոնտե Կառլոն։ Վերադարձանք Փարիզով, որտեղ հասցրինք լինել Էյֆելյան աշտարակի վրա։ Բայց ձեզ կասեմ, որ նույնիսկ ամենահետաքրքիր ճամփորդությունից հետո քեզ ուրախության, լիահորդ կյանքի աննկարագրելի զգացումն է համակում, երբ, տուն վերադառնալով, ծանոթ ոլոր ¬ մոլոր ճանապարհով մեքենայով սուրալով, վերստին սուզվելով մեր լեռնաշխարհի կախարդիչ բնության գիրկը՝ հասկանում ես, որ հարազատ տնից ավելի լավ բան չկա։
- Սահուն կերպով անցնենք մեր տնային գործերին։ Երգչախումբը նոյեմբերի 17¬ի համերգն սկսեց Կոմիտասի երգերով, որոնք, ինչպես միշտ, դահլիճը ջերմորեն ընդունեց, ապա կատարվեցին մի քանի նոր ստեղծագործություններ։ Պատմեցեք երգչախմբի նոր կատարումների, նոր նախագծերի մասին։
- Որպես կանոն, հայրենիք վերադառնալուց քեզ հայրենաբաղձության զգացումն է համակում։ Եվ կարծես թե յուրաքանչյուր փառատոնից հետո շտապում ես հանդիպել քո հանդիսատեսի հետ։ Այո, այդպիսի հետփառատոնային զգացում միշտ կա։ Այդ պատճառով անմիջականորեն վերադառնալուց հետո մենք իսկույն շարունակեցինք աշխատել այն դասական երգացանկի վրա, որը պատրաստում էինք  մինչև փառատոնը։ Դա բոլորովին նոր երգացանկ է։ Մենք հաճույքով էինք աշխատում նրա վրա և ուրախ ենք, որ այդ նոր ստեղծագործությունները դուր եկան մեր հանդիսատեսներին։ Համերգային ծրագրի մեջ ենք մտցրել այնպիսի դասական ստեղծագործություններ, որոնց մասին համարձակորեն կարելի է ասել, որ ինչպես դրամատիզմի, այնպես էլ տեխնիկական բարդության առումով խմբերգային երաժշտության գագաթ են հանդիսանում։ Վերդիի ՙՌեքվիեմի՚ 7-րդ մասը՝ ՙLibera me՚¬ն, իր մեջ պարունակում է դասական խմբերգային երաժշտության բոլոր բարդությունները։ Ինչպես Երևանից հրավիրված կոնցերտմեյստեր, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Թուրաբյանի, այնպես էլ երգչախմբի կատարողական վարպետության շնորհիվ այդ ստեղծագործության անդրանիկ կատարումը կայացավ, և հանդիսատեսը գոհ էր։ Ծրագրի մեջ էր մտցված նաև Մոցարտի ՙՄեսսա C¬moll՚¬ից ՙAgnus Dei՚ մասը։ Այսինքն՝ այս անգամ հանդիսատեսների համար զուտ դասական երաժշտության մթնոլորտ ստեղծեցինք, ինչն, ըստ երևույթին, նրանց շատ դուր եկավ՝ դատելով այն բանից, որ համերգից հետո մի քանի հոգի մոտեցան ինձ՝ խնդրելով կրկնել այդ ծրագիրը։ Մնում է միայն ափսոսալ լավ դահլիճի (ակուստիկայի առումով) բացակայության համար։ Եվրոպական ոչ մի երկրում այդպիսի՝ վատ ակուստիկա ունեցող համերգային դահլիճի հիմնախնդիր չկա։ Նրանց համար դա  նոնսենս է, քանզի եթե դա համերգային դահլիճ է, ապա այն կառուցվում է այնպես, որ այնտեղ լինի ոչ թե պարզապես լավ, այլ իդեալական ակուստիկա։ Եվրոպական դահլիճներից հետո դժվար է ընտելանալ մեր դահլիճներին, որոնցում ձայներն աղճատվում են, արձագանքվում։
Ինչ վերաբերում է նախագծերին, ապա պլաններ շատ ունենք, բայց, այ, դրանք իրականացնելն է դժվար, քանի որ աջակցությունն է քիչ։ Մենք մի համերգ ևս կտանք մինչև Ամանոր, այն լինելու է հնարավորինս թեթև, տոնական տրամադրություն հաղորդող։ Իսկ արդեն Ամանորից հետո կսկսենք աշխատել նոր՝ այն ստեղծագործություններից կազմված ծրագրի վրա, որոնք ես այս տարի բերել եմ Եվրոպայից։ Շատ հետաքրքիր ստեղծագործություններ են. կարծում եմ՝ մեր երգչախմբայինների համար էլ հաճելի է լինելու աշխատելը, հանդիսատեսների համար էլ՝ ունկնդրելը։ 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ