Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՆՊԱՏԱԿԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊՏՈՒՂԸ ՄԱՍՈՒՆՔԻ ՊԵՍ ՊԱՀԵԼ-ՓՈԽԱՆՑԵԼՆ Է ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ

78333.jpgԱրցախյան ազատամարտում նահատակվածների անունները մշտապես վառ են ապրողներիս սրտերում։ Նրանց հիշատակը հաճախ է խնկարկվում տարաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ, ինչը պարտադիր է, օրինաչափ։
Քսան տարի առաջ՝ 1992թ. նոյեմբերի 17-ին, Չլդրան-Կիչան հատվածում մղվող մարտերում հերոսաբար ընկավ Արցախյան ազատամարտի նվիրյալ Գրիգորի Առստամյանը։ Օրերս ԼՂՀ զոհված ազատամարտիկների հուշաթանգարանում կազմակերպված միջոցառումը նվիրված էր անմահ քաջորդու հիշատակին։ Հրավիրվածների թվում էին Գոյամարտում նահատակվածների հարազատներ, ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներ, դպրոցականներ։
Հուշ-ցերեկույթի նախաձեռնությունը Շուշիի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի աշխատակից,  Խ.Աբովյանի անվան հիմնական դպրոցի դասվար Նարինե Գրիգորյանինն էր։ Կենտրոնի սաների և վերոնշյալ կրթօջախի նախապատրաստական խմբի երեխաների ուժերով կազմակերպված միջոցառման նպատակը աճող սերնդին հայրենասիրություն ներարկելն էր, նրանց մեր Գոյամարտի պատմությանն իրազեկելը։ Իսկ պատմությունը սերտելու համար թերևս ամենաճիշտ վայրը հուշաթանգարանն է, որտեղ հայրենիքի նվիրյալների հազարավոր լուսանկարներն են՝ հայացքներ, դեմքեր՝ խոհուն, ժպտուն, ծիծաղկոտ, սիրառատ, երազուն... 
Հիրավի, կարճ, սակայն իմաստալից կյանքով ապրեց Գրիգորին, կամ, ինչպես ընկերներն էին նրան անվանում՝ Գուգուլյը։ Նա դարծավ այն փոքրաթիվ մարդկանցից մեկը, որոնք ապրում են նաև մահվանից հետո և իրենց ապրած ամեն մի օրով սերունդներ կրթում ու հայրենասիրության դասեր տալիս։
Մոր՝ ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ Գալյա  Առստամյանի համար միջոցառումն անակնկալ էր։ Վիշտը հոգում անթեղած՝ նա հուշաթանգարան այցելողներին իր  շռայլ հոգուց սեր է տալիս, հույս, բարություն, հպարտություն ու համբերություն է բաժանում իր բախտակից քույրերին։ Երբ նրան հարցնում են, թե պատերին փակցված հազարավոր լուսանկարներից ո՞րն է իր որդին, պատասխանում է. ՙԲոլորն էլ իմ զավակներն են, իմ որդիները, Արցախ աշխարհի իմ ավետաբերները։ Մենք՝ որդեկորույս մայրերս, ամեն օր աղոթում ենք, որ այլևս պատերազմ չլինի, որ ծաղկի, բարգավաճի մեր երկիրը, որպեսզի քաջազուն տղաները հանգիստ ննջեն մայր հողում՚։  
Հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ, փոքրիկ բեմադրություններ... Գրական-գեղարվեստական ցերեկույթում ներկայացվեցին Գրիգորի Առստամյանի անցած մարտական ուղին և սխրագործությունները։ Այսպես և այս ձևով երեխաները հավաստիացրին, որ վաղը կպաշտպանեն հայրենիքն այնպես, ինչպես իրենց հայրերը, ավագ եղբայրներն ու քույրերը։ Նարինե Գրիգորյանի խոսքերով՝ երեխաների հետ միասին նմանատիպ միջոցառումներով հաճախ են լինում Պաշտպանության բանակի զորամասերում, տարբեր կրթօջախներում։ ՙԱսում են՝ հայրենասիրությունը մարդուն տրվում է ի ծնե։ Բայց այն, կարծում եմ, ավելի շատ փոքրուց են ներարկում մարդուն՝ մանկապարտեզից, դպրոցից... Իսկ Արցախն այսօր իսկական հայրենասերների կարիքը շատ է զգում,  և պարտավոր ենք մեր երեխաներին  դաստիարակել ազատամարտում նահատակվածների ոգով, հայրենիքին նվիրվածության դասեր տալ նրանց։ Մեր խնդիրը արյունով ձեռք բերված հաղթանակի պտուղը մասունքի պես պահել ու փոխանցելն է սերունդներին։ Եթե բոլորս նրանց պես ապրենք՝ վաղվա օրն ապահով կլինի՚,- ասաց Նարինեն։
Տիկին Գալյան փոքրիկ հուշանվերներ՝ գրքեր ու քաղցրավենիք բաժանեց երեխաներին, իսկ Նարինե Գրիգորյանին՝ ակտիվ համագործակցության և մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործին նպաստելու համար հանձնեց Միության պատվոգիրն ու Հայոց զինված ուժերի 20-ամյակի հուշամեդալը։ 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ