Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԳԱՆՁԱՍԱՐ

Ամեն մի պատերազմ մարդու հոգուն  ու սրտին  խոր վերքեր է թողնում։  Արցախյան հերոսամարտը՝ նույնպես։ Այսօր այլևս  չեն որոտում թնդանոթները, թեկուզ փխրուն, բայց խաղաղություն է տիրում։ 
Եվ հիշել անցյալն ու նրանց՝ այսօրվա  խաղաղությունը կերտողներին, մեր բոլորիս սրբազան պարտքն է։ Իր ստեղծման օրից  ԼՂՀ զոհված ազատամարտիկների  հարազատների միությունը փորձում է հնարավորինս սատարել կազմակերպության  անդամներին,  տարբեր միջոցառումներ նախաձեռնելով՝  ձգտում փոքր-ինչ ամոքել նրանց վիշտը։ 
Հերթական միջոցառումը դեպի Գանձասար ուխտագնացությունն էր։  Խմբում ընդգրկվեցին Ստեփանակերտի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի շրջանների զոհված ազատամարտիկների հարազատներ, որոնց առաջին  կանգառը  Վանք գյուղում  էր. այցելություն զոհված ազատամարտիկների  գերեզմաններին, որտեղ հիշեցինք այն տղաներին, ովքեր ապրելով մեր  հանրապետության սահմաններից  դուրս,  Ղարաբաղի համար  ծանր օրերին  հասկացել են հայ  մարդու արդար պայքարի  անհրաժեշտությունը,  եկել՝  կամավոր զինվորագրվել են ինքնապաշտպանական  ջոկատներում, պաշտպանել մեր հողը վանդալներից։ 
1993թ. Կուրսկի մարզի  Ռիլսի  քաղաքի բնակշահագործման գրասենյակի միջնորդությամբ՝ Վլադիմիր Միխայլովի  տանը, որտեղ նա  ապրում էր միակ քրոջ հետ (ծնողներ չուներ),  որպես փախստական բնակեցրել են ադրբեջանցիների։ Օրերից մի օր  Վլադիմիրը  տուն է գալիս, տեսնում  քույրը լաց է լինում։ Պարզվում է, որ թուրքը բռնաբարել է քրոջը, փախել։ Վլադիմիրը քրոջն ուղարկում է Ուկրաինա, ինքը հասնում Երևան, այնտեղից էլ կամավորագրվում  ՙԱրծիվ 23՚ ջոկատին, գալիս Մարտակերտ։ Տղաների պատմածով՝ նա աչքի էր ընկնում քաջությամբ։ Ընկերները հարգում, սիրում  էին նրան։ Մարտի  25-ին ՙՊուշկեն յալ՚ կոչվող  տեղամասում նա զոհվում է վիրավոր ազատամարտիկներին մարտադաշտից դուրս բերելիս։ Հանգչում է Ստեփանակերտի  հուշահամալիրում։ Ընկերները բազմիցս հետաքրքրվել են, մինչև հիմա քրոջ տեղը հայտնի չէ... 
Լյուբչիկ  Զախար Վալերիի, ուկրաինացի, Շեպետովկա  քաղաքից։  Զոհվել է 1993թ., Հակոբ Կամարի գյուղը պաշտպանելիս,  
Պրոնին  Ալեքսանդր Գեորգիի, Ղազախստան (1992թ.,  Ճարտար),
Կոլեսնիկով Անդրեյ  Անատոլիի,  Ստավրոպոլ  (1993թ.), 
Իգնատով Ալեքսանդր Նիկոլայի, Պետերբուրգ (1993թ.),
Բուտակով Սերգեյ  Վլադիմիրի, Ուսինսկ (1993թ.), 
Կուլիկ Իլյա Միխայիլի, Մոսկվա (1992թ, Ճարտար), 
Մասլով Յուրի Ալեքսանդրի, Ստավրոպոլ (1993թ.),
Մոտրիչ Դմիտրի Անատոլիի, Վլադիվոստոկ (1992թ.), 
Պրոսոլով Վիտալի Ալեի, Ստավրոպոլի երկրամաս (1993թ.), 
Ուլյանով  Էդուարդ Ալիմի (1993թ.), 
Մուրավյով Դմիտրի  Միտրիի, Մոսկվա (1993թ.), 
Կոնոմենկո Ալեքսեյ  Իվանի, Կրասնոդար (1994թ.), 
Դանկո Վիկտոր Ալեքսանդրի, Խարկով (1992թ.) և մնացած՝ թվով 38 տղաներ։ Հիշենք  ու մեծարենք  նրանց։ Հիմա մենք ենք ձեր մայրերը, տղաներ։ Փա՛ռք ձեզ, հազա՜ր փառք։ Իհարկե, հաղթանակը բոլորինս է, ինչպես նաև այն ծանր բեռը, որ կրում ենք։ 
Ուխտագնացության ժամանակ մյուս  նպատակը  զոհված ազատամարտիկների հարազատներին  ՀՀ ԶՈՒ  20-ամյակի  հուշամեդալներով պարգևատրելն էր. 84 հոգի արժանացան այդ մեդալներին։ 
Ամուսնուն  և երկու որդիներին  կորցրած  Իրա Խաչատրյանը առաջին անգամ է Գանձասարում։ ՙՄիշտ մասնակցում եմ մեր Միության միջոցառումներին,- ասաց Իրան,- բազմիցս եղել եմ տարբեր տեղերում, բայց Գանձասար առաջին անգամ եմ այցելում։ Սա ուրիշ վայր է, այստեղ ես հասկացա, թե ինչի համար են զոհվել մեր տղաները։ Մենք էլ ենք կանգուն՝ ինչպես  Գանձասարը՚։ 
ՙՏղաներս՝ Սերգեյն ու Սամվելը,¬ ասում է Վիլեն Թովմասյանը,-  զոհվել են Հակոբ Կամարիի համար մղված մարտում, Սերգեյը՝ 1992-ին, Սամվելը՝ 1993-ին՝  թողնելով  5 երեխա։ Թոռներս  մեծացել, բարձրագույն  ուսում են ստացել,  աշխատում են։ Սամվելի տղան՝ Տիգրանն արդեն ամուսնացել է։ Կյանքը շարունակվում է։ Մենք ապրում ենք։ Ես մինչև հիմա  ցնցված  եմ մեր բանակի հաղթական  շքերթով։ Կեցցե՜ մեր բանակը։ Մեր տղաների երազանքը՝ ունենալ ազգային բանակ, իրականացված է՚։ 
ՙՈրդիս՝ Իգոր Հասրաթյանը, զոհվել է 1992թ. Նախիջևանիկ-Սառնաղբյուր  հատվածում։ Նա  Շարժման  առաջամարտիկներից էր, գերազանցիկ ուսանող։ Ես կորցրել եմ նաև գյուղս՝ Կարմիրավանը։ Ապրում ենք։ Այս օրը, որ միասին ենք, զենքով է եկել, երգով է եկել։ Առյուծ մայրերից կորյուններ են ծնվել, և նրանց շնորհիվ է, որ կանգուն մնաց Արցախը։ Ես այս մեդալը պատվով կկրեմ։ Հազա՜ր փառք մեր տղաներին, և թո՜ղ Աստված  հազար  անգամ ավելի ուժ տա մեր զինվոր տղաների բազկին։ Եկեք երգենք մեր բանակի երգը, ու թող իմանան բոլորը. մեր անունն է հայկական բանակ՚,- ասում է Ալեքսանդր Հասրաթյանը։ 
ՙԵս մասնակցել եմ շատ մարտերի, հրաշքով կենդանի  եմ մնացել,- ասում է ազատամարտիկ Սասուն Առստամյանը,- կարծես ամաչում եմ մեր մայրերից,  որ իրենց տղաները չկան, բայց այսպիսի ծնողների հետ առաջին անգամն է, որ մասնակցում եմ միջոցառմանը և պարգևատրվում եմ։ Ուրեմն նրանք մեզ ընդունում են իրենց որդիների նման։ Այս պարգևն ավելի է պարտավորեցնում, որ ամուր կանգնենք այս սուրբ հողի վրա՚։ 
Գանձասարի սուրբ օջախում Հայ Առաքելական եկեղեցու քահանա Տեր Գրիգորիսն օրհնեց ուխտավորներին՝ խնդրելով, որ Աստված խաղաղություն պարգևի Արցախ աշխարհին։   
Հրաժեշտի պահին ասես չէին ուզում բաժանվել, պատգամում էին միշտ միասին  լինել, կարծես մոռացել էինք մեր վիշտը։ 
Խաղաղություն Արցախ աշխարհին, կապույտ երկինք, հաջողություններ բոլորին։ 
Թող Արցախ աշխարհում էլ չլսվեն պայթյուններ, էլ ոչ մի մայր արցունք չտեսնի։ Միայն հարսանիքներ լինեն ու ծնունդներ... 
 
Գալյա ԱՌՍՏԱՄՅԱՆ