Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՄՆԱԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԳՐԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ՚

altՀոկտեմբերի 14-19-ը Արցախում անց է կացվել Պոեզիայի միջազգային փառատոն՝ բացառիկ երևույթ,  տարածաշրջանում առաջինը, որին մասնակցել են 10-ից ավելի երկրների բանաստեղծներ, արվեստի և գրականության գործիչներ։ 
Արձագանքները դեռ չմարած՝ ԼՂՀ ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը և ԼՂՀ կառավարության մամլո ծառայության պետ, բանաստեղծ Հրանտ Ալեքսանյանը մասնակցել են Լեհաստանում տեղի ունեցած պոեզիայի միջազգային երկու փառատոների։ 
Ստորև ներկայացնում ենք Վ. ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ մեր հարցազրույցը։
ցախի նման փոքրիկ մի երկրամասում այդ ծավալով միջոցառում կազմակերպելու գաղափարը և նախապատրաստական ի՞նչ աշխատանք տարվեց։ 
- Համացանցը հնարավորություն է տալիս հաղորդակցման մեջ լինել աշխարհի տարբեր ծագերի հետ, այդ թվում՝ գրական-գեղարվեստական դաշտում։ Եվ, բնականաբար, ես համացանցում առնչվում էի նյութերի, որոնք պատմում էին այս կամ այն երկրում պոեզիայի միջազգային փառատոների մասին։ Սկսեցի խորանալ երևույթի մեջ, ուսումնասիրել ձևաչափերը, առավելությունները, հնարավորությունները։ Պոեզիայի յուրաքանչյուր փառատոն իր հետ որևէ նորություն պետք է բերի։ Ընդհանրապես, երբ թռուցիկ հայացք ենք նետում, տեսնում ենք, որ բոլոր ժողովուրդներում գրականության դերակատարությունն անփոխարինելի է,  նախ՝ հոգևոր-մշակութային կյանքի զարգացման, ապա՝ ժողովուրդների գեղագիտական դաստիարակության, մշակույթների հարաբերությունների առումով։ Ի վերջո, մշակութային հարաբերությունները գրողների միջև ստեղծվում և վերածվում են ժողովուրդների հարաբերությունների։ Հիշենք Թումանյանին, որ լավ է ասել ու բոլոր ժամանակների համար է ասել. այն է՝ գրականությունների բարեկամությունը վեր է ածվում ժողովուրդների բարեկամության։ Խոստովանեմ, ես տեսա, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային փառատոների գործընթացներից շարունակաբար դուրս է մնում։ Այս մասին արտահայտվեցի մամուլում, մասնավորապես ՙԳրական թերթում՚։  
Նույնիսկ Ֆրանսիայում բոլորովին վերջերս պոեզիայի փառատոն էին անցկացրել  ՙՀայաստան-Հայաստաններ՚ վերտառությամբ (ամեն տարի Ֆրանսիայում պոեզիայի փառատոնը նվիրվում է որևէ ազգային գրականության)։ Հայաստաններ՝ նշանակում է տարբեր պետություններում հայկական համայնքները։ Եվ եղավ այնպես, որ մի 6 հոգի Հայաստանից էին հրավիրել, 6-ը՝ Հայաստաններից։ Ղարաբաղը ընդգրկված չէր ոչ Հայաստանի, ոչ Հայաստանների մեջ։ Ես դիմեցի փառատոնի կազմակերպիչներին, կոնկրետ Հայաստանի գծով փառատոնի անցկացման ղեկավարի տեղակալ Վարուժան Սրապյանին։ Այսօր  ԼՂՀ¬ն  կարիք ունի աշխարհի տերությունների կողմից ծանոթացման, ճանաչման։ Այս գործընթացում մեծ դերակատարություն ունի գրականության, արվեստի գործիչը, գրողը։ Իսկ մենք, որ կանգնած էինք Ղարաբաղյան շարժման ակունքներում, այսօր արհեստականորեն կարծես հայտնվել ենք խաղից դուրս վիճակում։ Այս խնդիրը ևս կարևորվեց և ինձ անհանգստացրեց։ Արդյունքում ստացվում է 2 մեծ խնդիր. առաջին՝ գրականության գործառնական նշանակության բարձրացումը ժողովրդի, անհատի, հոգևոր զարգացման, պետականության կերտման գործում և երկրորդ՝ մեր դերակատարության ընդգծումը Արցախի ճանաչման գործընթացում։ Ես զգացի, որ այս գործընթացներում մենք շատ անելիքներ ունենք։ 
- Դուք Հրանտ Ալեքսանյանի հետ մասնակցել եք նաև Մակեդոնիայում տեղի ունեցած Պոեզիայի միջազգային փառատոնին։  
- Տեղեկանալով, որ Մակեդոնիայում անց է կացվում պոեզիայի միջազգային փառատոն, հարցի շուրջ խորհրդակցեցինք Հրանտ Ալեքսանյանի հետ, Ռումինիայից և Բուլղարիայից մեզ ծանոթ (համացանցից) գրողների՝ Մարիուս Չելարուի և Ռոման Կիսյովի միջոցով կապ հաստատեցինք փառատոնի կազմակերպիչների հետ, որպեսզի Արցախից ևս գրողներ հրավիրվեն։ Հեշտ չէր այդ հրավերին հասնելը, քանի որ երբեմն նման փառատոների կազմակերպիչները աշխատում են հեռու մնալ կոնֆլիկտային տարածքներ ներգրավելուց։ Եվ մենք ներկայացրինք Ղարաբաղը, Հայաստանը։
- Ի՞նչ տվեց Ձեզ Մակեդոնիայի փառատոնը։
- Բավականին ծանոթություններ ստեղծեցինք, փոխշփումներ եղան, գրքերի փոխանակումներ, այցեքարտեր,  հանդիպումներ։ Ի դեպ՝  Մակեդոնիայում նախապես հրատարակվել էր ժողովածու՝ մակեդոներեն և անգլերեն լեզուներով։ Մակեդոնիան պոեզիայի փառատոների մեծ ավանդույթ ունեցող երկիր է, պոեզիայի, արվեստի, մշակույթի երկիր,  նախանձելի, հեքիաթային, հրաշք բնությամբ ու խաղաղ մարդկանցով, հնագույն կառույցներով, եկեղեցիներով։ 15-20 տոկոսը մահմեդականներ են, ովքեր իրենց կրոնը փորձում են  փաթաթել նաև այստեղ։ Ստրուգայի փառատոնին մենք բանաստեղծություններ կարդացինք։ Այստեղ հետաքրքիր վայր կա՝ Պոեզիայի պուրակ և Օխրիդ գետի վրա` Պոեզիայի կամուրջ, հենց լճի մոտ մեր հանգստավայրն էր։ Այցելեցինք տեսարժան վայրեր, հայկական համայնք։ Այստեղ մենք ծանոթացանք փառատոնի կազմակերպման այբուբենին։ Այս այցը մեզ համար նաև ճանաչողական բնույթ էր կրում։
 - Փաստորեն Մակեդոնիայից հետո Արցախում կազմակերպվեց փառատոնը։
- Այո։ Վերադառնալուց անմիջապես մեր իշխանություններին ներկայացրինք ծրագիրը և գործնականորեն ձեռնամուխ եղանք գաղափարի իրականացմանը։ Հղումներ արեցինք տարբեր երկրների մեզ ծանոթ և անծանոթ գրողներին։ Մոտավորապես գիտեինք՝ ովքեր կարող էին գալ, քանի որ նաև հնարավորությունների հարց էր։ Պիտի ասեմ, որ աշխարհի շատ անկյուններում գրողները տեղյակ էին մեր հիմնախնդրին և համակրանք ունեին հայերիս հանդեպ։ Նրանք իրենց ելույթներում բազմիցս նշում էին, որ այն ժողովուրդը, որ ազատության համար զոհողության է գնում, արժանի է հարգանքի, արժանի է ապրելու, գոյատևելու։ Նրանք համակրում են ազատության, անկախության մեր գաղափարները։ 
- Այսինքն, ոմանց չգալը քաղաքականացված չէր։ 
- Իհարկե։ Օրինակ, Իտալիայից մի բանաստեղծուհի, որի հետ մտերմացել էինք, խոստացել է մյուս անգամ անպայման գալ։ Ավելի շատ ճանապարհային, կենցաղային որոշ խնդիրներ խանգարեցին ոմանց գալ։ Բայց 10 երկրներից, այն էլ՝ բավականին ճանաչված գրողներ, եկան։
- Խնդրեմ՝ Ձեր դիտարկումները Արցախի փառատոնի մասին։
- Ամեն ինչ անցավ՝ ինչպես ծրագրել էինք։ Նախապես հրատարակել էինք ալմանախ՝ հայերեն և անգլերեն, ընդգրկելով փառատոնի մասնակիցներից գործեր։ Եկան Ռուսաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից, Ամերիկայից, Լիբանանից, Սերբիայից և այլն։ Մի խոսքով, փառատոնը ներկայացուցչական էր, նրանց հետ մենք կապեր ստեղծեցինք։ Գերմանիայից Վիլհելմ Բարչին ծանոթ չէինք, եկավ, բերեց գիրք, որն ինձ համար անակնկալ էր, այնտեղ գերմաներենով իմ բանաստեղծություններն էին։ 
Հայտնի հայագետ Փիթեր Քաուն ՙՊոեզիայի միջօրեականներում՚ մեր գիտաժողովը ղեկավարեց, նրա նկատառումները շատ ուշագրավ էին։ Երկրորդ գիրքը, որ ամբողջացնում է փառատոնը, արդեն տպարանում է։ Ես կարծում եմ, որ մեր առջև դրված խնդիրը լուծել ենք, փառատոնը կայացել է։
- Հետաքրքիր է, փառատոնն ի՞նչ արձագանքներ է գտել դրսում։
- Ռուսաստանից Ալեքսանդր Բոբրովն էր եկել, ՙՍովետսկայա Ռոսիա՚-ում և ՙՌոսիյսկի պիսատել՚ թերթում  հոդված է տպագրել, որի առթիվ Ադրբեջանը մեծ աղմուկ է բարձրացրել, այդ կապակցությամբ ես հանդես եմ եկել ՙԳրական թերթում՚՝ ՙՊոեզիան ընդդեմ նավթի՚ վերնագրով։ Աշխարհը ականջալուր եղավ մեր ձայնին, մեր խնդրին. արձագանքներ շատ կան։ Արցախի միջազգային ճանաչման գործընթացում նման փառատոները մեծ դերակատարություն ունեն։ Անդրկովկասում պոեզիայի միջազգային փառատոն նման մակարդակով առաջին անգամ է կազմակերպվում։ Մասնակիցները վերադառնալուց հետո արձագանքել են, նամակներ են գրել՝ Ղարաբաղի մասին հիացական, բարձր կարծիքներով։  
- Արաբ բանաստեղծը՝ Աբդո Լաբակին ասել է՝ մեկ բան է լսելը, այլ բան՝ աչքով տեսնելը։
կտեսնեն պատերազմից ավերված մի երկիր, բայց տեսան մաքուր ու գեղեցիկ մայրաքաղաք, ապրող ու ստեղծագործող, աշխատասեր և հյուրընկալ ժողովուրդ, հինավուրց երկիր։ 
Մենք կարողացանք ինչ-որ չափով բարձրացնել պոեզիայի ֆունկցիոնալ գործառնությունը։ Մենք չենք կարող մնալ մեկուսացված մշակութային-գրական միջազգային գործընթացներից, այսպես ասած, տապակվել սեփական յուղում։ Աշխարհը Ղարաբաղը գիտեր որպես տաք կետ, մենք այդ ՙտաքը՚ ներկայացրինք պոեզիայով։ Փաստորեն այդ օրերին Արցախը դարձել էր պոեզիայի էպիկենտրոն։ Կարծում եմ՝ պատերազմում հաղթած երկիրը պետք է ունենա   նաև բարձր մշակույթ։ Այն երկրում, որտեղ կա բարձր ոգի, բարձր մշակույթ, այնտեղ  կա  նաև զարգացած տնտեսություն, և ընդհակառակը։ 
- Պարոն Հակոբյան, իսկ ի՞նչ տպավորություններ եք բերել լեհաստանյան փառատոներից։   
- Մակեդոնիայում մենք ծանոթացել էինք մի տաղանդավոր բանաստեղծուհու` Դանուտա Բարտոզային, լեհուհի է, Պոզնանի ԳՄ նախագահի տեղակալը, ով մեզ հրավիրեց Լեհաստան, մասնակցելու պոեզիայի փառատոնին՝ Պոզնանում և Վարշավայում։ Մենք ներկայացնում էինք Հայաստանն ու Արցախը։ 
Լեհաստանը բավականին հետաքրքիր երկիր է, հետաքրքիր մարդիկ են։ Երկիրը հետաքրքիր պատմություն ունի։ Պատերազմներ է տեսել։ Կոտորածներ են տեսել։ Եղանք այն շենքում, ուր ֆաշիստները կոտորել են լեհ ազատարարներին։ Ցնցող էր։ Մասնակցեցինք բելոռուսական պոեզիայի օրվան։ Մենք հպարտությամբ էինք ներկայացնում Արցախը։ Եղանք Ադամ Միցկևիչի համալսարանում, նրա հանդեպ սերը Լեհաստանում պաշտամունքի է հասնում։ Եղանք երաժշտական գործիքների թանգարանում։ Հետաքրքիր էր գրականության ոլորտում առնչվել մի երկրի, նրա մշակույթի գործիչների հետ, որը աշխարհին տվել է  Նոբելյան մրցանակակիրներ` Հենրիկ Սենկևիչ, Չեսլավ Միլոշ, Վիսլավա Շիմբորսկա։
Լեհաստանում էլ էին ալմանախ հրատարակել, որտեղ մեզնից էլ թարգմանություններ կային։ Համալսարանում հանդիպումներ ունեցանք այն կուրսերում, որտեղ ռուսաց լեզու են ուսումնասիրում։ Մենք առիթը բաց չէինք թողնում խոսելու Արցախի, Ղարաբաղյան հիմնախնդրի մասին, պատասխանում էինք հարցերի։ Նման միջոցառումները մտերմացնում, ջերմացնում են։ Եվրոպական երկրներում մարդկանց միջև կա հարաբերությունների բարձր մշակույթ, Եվրոպան դա է։ Շատ հետաքրքիր մարդկանց հետ ծանոթացանք, կապեր հաստատեցինք։ Ամենուր անկեղծ խոսակցություն էր ծավալվում պոեզիայի շուրջ։ Հնարավորություն ունեցանք ներկայանալու, մտքեր փոխանակելու։ Գրքերի շնորհանդեսները ևս շատ հետաքրքիր էին։ Մի խոսքով, պոեզիան ներկայանում էր որպես բարեկամության մեկնված ձեռք, որը սեղմվում էր առանց քաղաքականության, առանց սահմանների։ Սա է պոեզիայի փառատոների ելակետը, կարգախոսը։ Մեր յուրաքանչյուր քայլ ուղղված էր երկրների հոգևոր զարգացմանը։ Մեր դեպքում՝ նաև Արցախի ճանաչմանը։ Մենք փորձում էինք պատշաճ ձևով ներկայացնել մեր գրականությունը, մեր մշակույթը, մեր երկիրը։
- Միջազգային փառատոների ազդեցությունը Վարդան Հակոբյանի ստեղծագործական ընթացքի վրա։
- Մեծ աշխարհի հետ շփումները բացում են մեր աչքերը, և այս ամենը գրողի աշխարհայացքի ընդլայնման վրա մեծ ազդեցություն է թողնում։ Ես նոր տեսանկյունից եմ դիտում իմ ստեղծածը, իմ անելիքները։ Բավականին մտահղացումներ, կուտակումներ կան։ Գրառումներ ունեմ, որոնց հետագայում կանդրադառնամ գեղարվեստի ձևով։
 
Հ.Գ. Վերջերս ԼՂՀ ԳՄ  նախագահի հասցեով  ստացվեց Լեհաստանի Պոզնան քաղաքի ԳՄ նախագահի տեղակալ Դանուտա Բարտոզի նամակ-արձագանքը, որը ներկայացնում ենք. ՙՍիրելի Վարդան, հպարտ եմ, որ Դուք մեզ հետ էիք։ Ես հիանում եմ Ձեր հայրենասիրույթամբ, որը չի թաքցնում այն, որ Դուք կուզենայիք Ձեր հայրենիքը տեսնել ազատ ու անկախ։ Դուք պետք է ունենաք մեծ քաջություն և սեր ձեր հայրենիքի նկատմամբ և շեշտեք այն, որտեղ էլ լինեք։ Եթե Ղարաբաղի անկախության մասին բանաստեղծը չմտածի, էլ ո՞վ պետք է մտածի։ Դուք զենք ունեք, և այդ զենքը պոեզիան է։ Լեհաստանն էլ անկախ չի լինի, եթե չունենա բանաստեղծներ, ազատ չի լինի առանց մեր բանաստեղծների։ Ես բախտավոր եմ, որ հանդիպել եմ Ձեր նման  բանաստեղծների, երկրի ազատության մասին մտածողների, և որ հնարավորություն ունեցա հանդիպել Ձեզ։ Ես հիշում եմ բանաստեղծների ազատության մասին Ձեր բանաստեղծությունը և ուրախ եմ, որ Հայաստանում կան Ձեր ու Հրանտի նման մարդիկ։ Հարգանքներով՝ Դանուտա՚։ 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ