Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑՉԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Խաչատուր  ԱՎԵՏԻՍՅԱՆԻ 90-ամյակին նվիրված համերգ

 ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ հայ մեծանուն կոմպոզիտոր, քանոնահար Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին նվիրված համերգ: Հուշ-երեկոյի ընթացքում կոմպոզիտորի ստեղծագործությունները  կատարեց Արցախի ազգային նվագարանների նորաստեղծ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Լևոն Սարդարյանի գլխավորությամբ: Ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ տիկնոջ հետ, Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:Նորաստեղծ նվագախումբը, խոստովանում է գեղարվեստական ղեկավարը, իր առաջին մենահամերգը պատահական չէ, որ սկսել է սիրված կոմպոզիտորի գոհարների կատարմամբ: Դա մեծ հարգանքի, սիրո տուրք էր սիրելի ուսուցչի հիշատակին՝ աշակերտի կողմից: Լևոն Սարդարյանը հպարտությամբ նշում էր, որ եղել է Խ. Ավետիսյանի աշակերտը, ու պատմեց կոմպոզիտորի՝ հայ երգի նվիրվածության մասին, ում ջանքերով կոնսերվատորիայում բացվել էր ժողգործիքների բաժինը: Լ. Սարդարյանին էլ հաջողվեց  Արցախում  հիմնել առաջին ժողգործիքների նվագախումբը, որը հոկտեմբերին, Երևանում անցկացված ազգային նվագարանների նվագախմբերի միջև անդրանիկ մրցույթում, արժանացել է առաջին մրցանակի:

Խաչատուր Ավետիսյանի պարզ ու խորիմաստ, հուզումնառատ երգերը, գործիքային ստեղծագործությունները հասնում են մարդու հոգու խորքը, անկեղծ, մաքուր զգացմունքներով լուսավորում ու տանում դեպի գեղեցիկի, ներդաշնակության աշխարհ: Նվագախումբը`  նուրբ կատարումներով, գործիքային բազմերանգ ներկապնակով,  երգիչները հարուստ նրբերանգներով ձգտում էին արտացոլել կոմպոզիտորի ստեղծագործությունների թրթռուն հոգին, խորիմաստ ասելիքը: Դահլիճը մեծ հաճույքով ունկնդրեց ՙՈրտե՞ղ գտնեմ քեզ՚ երգը` Մարատ Հարությունյանի և Լիլիթ Շեկյանի, ՙԱյսպես թե գնա՚՝ Ալբերտ Աբելյանի, ՙԵրբ խանդում ես՚՝ Մհեր Մոսիյանի, ՙՔեզ իմ սրտից չեմ հանի՚՝ Լիլիթ Շեկյանի, ՙԾաղկած բալենի՚՝ Դավիթ Մարկոսյանի, ՙԻմ եղեգ՚՝ Նանա Ֆարաշյանի, ՙՀայոց հովիկ՚՝ Մարատ Հարությանյանի և Հարություն Բադալյանի կատարումները: Նվագախումբը մեծ վարպետությամբ կատարեց ՙՀայկական զարդաքանդակներ՚, ՙԱնուրջներ՚, ՙԱրցախի՚, ՙՀայուհի՚, ՙՄրմունջ՚ (սրինգ, մենակատար՝ Նարեկ Սարդարյան), ՙՀուշեր՚, ՙՔարավան՚, ՙԿախարդված ծաղիկներ՚ (քանոն, մենակատար՝ Տաթևիկ Բաղդասարյան) հանրահայտ ստեղծագործությունները, ՙՏոնական Հայաստան՚ պարային սյուիտը: Հուշ-երեկոյին մասնակցելու նպատակով Երևանից եկել էր Խաչատուր Ավետիսյանի աշակերտ, քանոնահար ու նաև լրագրող Անուշ Կիրակոսյանը, ով ՙԱնընդհատ շարժում՚ հանրահայտ ստեղծագործության կատարումով մեծ հաճույք պատճառեց հանդիսատեսին:

Նվագախմբում քամանչահարների խումբն առաջնորդում էր Երևանից հրավիրված հայտնի քամանչահար, ազգային գործիքների պատրաստման վարպետ Հակոբ Քալաշյանը, ով իր  փոքրիկ մենակատարություններով էլ ավելի էր հարստացնում ընդհանուր հնչողությունը: Ինչ խոսք, հանդիսատեսը միահամուռ կարծիքի էր. նվագախմբին հաջողվեց կազմակերպել կենդանի  հանդիպում, կենդանի շփում մեծ կոմպոզիտորի  անմահ  ժառանգության  հետ։

Ինչպե՞ս սկիզբ առավ ընդամենը մեկ տարի առաջ ստեղծված անսովոր այս կոլեկտիվը: Ինչո՞ւ անսովոր: Ով ներկա չէր համերգին, տեղեկացնենք, որ մոտ քառասուն հոգուց կազմված խմբում նվագում են և՜ 13-16 տարեկան պատանիներ, նորաթուխ երաժիշտ-կատարողներ, և՜ բավականին փորձառու երաժիշտներ, և՜ մեծ վարպետներ: Ինչպե՞ս ստացվեց միավորել այս ուժերը: Հեշտ չէր՝  իր մտորումներով  կիսվում է խմբի ղեկավար Լևոն Սարդարյանը: Գաղափարը ծնվեց մոտ մեկ տարի առաջ, երբ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը ձեռնամուխ եղավ առաջին անգամ Արցախում կազմակերպել ազգային նվագարանների մրցույթ: Արդյունքում ի հայտ եկան պատանի, շնորհալի երաժիշտներ գրեթե բոլոր շրջաններից: Գաղափար ծնվեց միավորել նրանց և ստեղծել Արցախի ազգային նվագարանների պատանեկան համույթ՝ թառահար և դիրիժոր Լևոն Սարդարյանի ղեկավարությամբ: Հիշեցնենք` նվագախմբի մարտական մկրտությունը տեղի ունեցավ Ճարտարում. ՙՏնջրե՚ միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպված համերգին ելույթ ունեցավ նաև այս շնորհաշատ պատանիներից կազմված համույթը: Գաղափարը զարգացում ստացավ: Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը պայմաններ ստեղծեց, ամենայն աջակցություն ցուցաբերեց Ստեփանակերտի Սայաթ-Նովայի  անվան երաժշտական քոլեջի ժողգործիքների փորձառու և  պատանիների նորաստեղծ համույթները միավորելու համար:

Համերգի ծրագիրը պատրաստ էր դեռ գարնանը, հիշում է դիրիժորը, և այդ ծրագրով պիտի հանդես գային ապրիլին, քանի որ Խաչատուր Ավետիսյանը ծնվել էր հենց այդ ամսին: Սակայն ապրիլյան հայտնի դեպքերը ձախողեցին պլանները, և համերգը հետաձգվեց:

Սեպտեմբերից, երբ հայտնի դարձավ Երևանում անցկացվող մրցույթի մասին, սկսվեցին լարված  պարապմունքները,  ծավալուն աշխատանքը, պատմում է նվագախմբի ղեկավարը: Այդ ամենը  տվեց իր  արդյունքը, ինչի ականատեսը եղավ նաև այդ օրվա հանդիսատեսը:

Սակայն պետք է նշել, որ նվագախումբը չունի պետական կարգավիճակ, դեռևս պաշտոնապես կազմավորվելու ճանապարհ ունի անցնելու: Նման պարագայում հնարավո՞ր կլինի արդյոք նվագախմբի կատարողական մակարդակն այս բարձր նշաձողին պահել, էլ ավելի մեծ զարգացում ապահովել: Գեղարվեստական ղեկավարի համոզմամբ՝ առանց պետական կարգավիճակի շատ դժվար կլինի նվագախումբը պահել բարձր մակարդակի վրա, քանի որ էլ ավելի մեծ պրոֆեսիոնալ մակարդակի հասնելու համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մոտեցում բոլոր հարցերում: Այնուամենայնիվ, նվագախմբի ղեկավար Լևոն Սարդարյանը լավատեսորեն է նայում ապագային: Նա համոզված է. եթե այսքան քայլեր են արվել նման նվագախումբ ստեղծելու համար, ուրեմն հաջորդ քայլերն էլ կարվեն, որպեսզի ակնհայտ հաջողությունն ամրապնդվի և նոր զարգացումներ ստանա:

 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ