Սխալ
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_menus, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_menus, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՈՒՐ ՀԱՎԱՏՔ, ՀԶՈՐ ԲԱՆԱԿ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔ

Արցախյան ազգային-ազատագրական պայքարը նաև հոգևոր վերազարթոնք պարգևեց մարտնչող երկրին։ Հավատքով և բազկի զորությամբ ազատագրվեց պապերի երկիրը։ 

 ՙԱմուր հավատք, հզոր բանակ, պաշտպանված հայրենիք՚. այս եռամեծար գաղափարին էր նվիրված  դեկտեմբերի 10-ին  Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցած միջոցառումը։ Այն նախաձեռնել էր ԼՂՀ  պաշտպանության նախարարությունը ՙԲանակ-հասարակություն՚ կապի շրջանակներում։

Ներկա էին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, կառավարության անդամներ, ՊԲ բարձրագույն սպայակազմի և Արցախյան թեմի հոգևոր դասի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զինծառայողներ։

ՙՄահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն՚...Եղիշեի՝ գիտակցված, իմաստավորված մահվան այս գաղափարը, որն Ավարայրի ճակատամարտում Վարդանանց տարավ սուրբ նահատակության՝ մարտիրոսության, անմահացրեց  նրանց, դարեր շարունակ ուղեկցեց հայ մարդուն, կենաց-մահու ճակատամարտերի տարավ և այսօր էլ Հայոց Արցախում հնչում է որպես նախնյաց նվիրական պատգամ, սրբազան հավատամք։ Սա էր, թերևս, երեկոյի հնչերանգներից մեկը, որ մեկնարկեց հայոց հոգևոր հիմնով՝ ՙՏերունական աղոթքով՚։

-Բանակը մեր հասարակության հիմնասյունն է, երկրի և ժողովրդի  պաշտպանն ու ապավենը։ Իր դարավոր պատմության ընթացքում հայ ժողովուրդն անցել է բազմաթիվ փորձությունների միջով և երազում էր ունենալ բանակ ու Ազատ Հայրենիք։ Մենք հաղթական ենք եղել այն ժամանակ, երբ մեր հույսը դրել ենք սեփական բազկի զորության վրա,- իր ելույթում նման շեշտադրումներ արեց ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ի մասնավորի նշելով, որ սեփական հնարավորությունների հանդեպ ունեցած հավատն ու վստահությունն արդեն իսկ հաղթանակի կեսն են։

Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ այսօր մենք ունենք ժամանակակից սպառազինությամբ հագեցած բանակ, բոլոր մարտահրավերներին դիմակայող զինված ուժեր։ Հաղթողի և պարտադրողի կեցվածքը, ազգային միաբանությունը, միասնականությունը, ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանի գաղափարն ու տեսլականը. սրանք են այն կողմնորոշիչները, որոնք ուժ ու զորություն են հաղորդելու մեր զինվորին՝ հեռու վանելու հակառակորդի հոխորտանքները և արժանի հակահարված տալու նրա ոտնձգություններին։ Խոսելով Խաչի զորության, զորավիգության ու հավատքի մասին՝ Լ. Մնացականյանը մատնանշեց, որ բոլոր զորամասերում  առկա են աղոթատեղիներ, մատուռներ, զինվորների շրջանում հաճախակի են անցկացվում հոգևոր զրույցներ, զինվորներն այցելում են զորամասերին հարակից եկեղեցիներ։ Ի հավելումն ասվածի՝ ցուցադրվեց ՙԳոյամարտ՚ հեռուստածրագրի պատրաստած տեսաֆիլմը։ 

Պաշտպանության բանակի ավագ գնդերեց Սամվել սարկավագ Մկրտչյանն իր խոսքն սկսեց աստվածաշնչյան մեջբերմամբ. ՙԱստված մարդուն տվեց զենքը, որպեսզի երբ դրա կարիքն զգա՝ առնի և գործածի՚,- թշնամիների դեմ զենքի օգտագործումը համարելով ոչ թե մարդասպանություն, այլ գործ արդարության։

Ըստ Սամվել սարկավագի՝ բանակ-եկեղեցի համագործակցության նորագույն շրջանն սկզբնավորվել է Ղարաբաղյան շարժման ու գոյապայքարի և Արցախի թեմի վերաբացման առաջին իսկ օրերից։ Եկեղեցին ոչ միայն օգնել, օրհնել, աջակցել է հաղթանակ կերտող հայ զինվորին, այլև հայոց բանակի զորացման գործին իր անմիջական մասնակցությունը բերելու, իր տուրքն ու պարտքը տալու համար հիմնադրել է  Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը։ Ս. Մկրտչյանի կարծիքով՝ բանակի գնդերեցների  նպատակն է սերմանել հանդուրժողականություն, որպեսզի զինվորական ծառայությունն ընկալվի ոչ թե որպես պարտադրված պարտականություն, այլ բարոյական պարտք և իմաստավորված տուրք Աստծո, ազգի և Հայրենիքի նկատմամբ։ Ավագ գնդերեցն իր պարտքը համարեց արժանին մատուցել, գնահատել և մեծարել հերոսական ու անշահախնդիր զինվորական մասնագիտությունը կոչումի վերածած փառապանծ զինվորին ու սպային, ով այսօր պարտադրված պատերազմի պայմաններում աներևակայելի հերոսության ու անձնազոհության դաս և օրինակ է յուրաքանչյուրի համար։

Քառօրյա պատերազմի մասնակից, ՙՄարտական ծառայության՚ մեդալակիր, ԱրՊՀ ուսանող Սեյրան Մայիլյանն, իր ելույթում դիմելով ավագ սերնդի ներկայացուցիչներին, ասաց, որ նրանց խիզախության, հավատքի ու հայրենասիրության շնորհիվ երիտասարդ սերունդը թանկ ժառանգություն է ստացել՝ լինել ազատ, անկախ ու հպարտ Արցախի զինվորն  ու տերը։ Ս. Մայիլյանի բնորոշմամբ՝ հային  միշտ զորավիգ են եղել Սուրբ Խաչն ու ավանդույթներին հավատարիմ մնալը։  Հավատքն ու հաղթանակները ոգեղեն սնունդ են  տվել, կոփել ազգային ինքնագիտակցությունն ու պայքարելու կամքը։ Ս. Մայիլյանն իր հասակակիցներին կոչ արեց. ՙԼինել հայրենիքի առաջին պարիսպը՝ սա է մեր պատվի գործը։ Ամուր պահենք հայի հավատքը, գիտակցենք Հայոց բանակի դերը, բազմապատկենք ազգային ներուժը և միշտ հիշենք՝ մենք ազգ-պետություն ենք, մեր երկրի կենդանի սուրն ենք՚։

ՊԲ լավագույն սերժանտներից մեկի՝ Սլավիկ Ալավերդյանի խոսքը հայորդիների արժանապատիվ կեցվածքի, ամուր ու անսասան հավատքի մասին էր։ Սերժանտը հավատացած է, որ անպարտելի է ոգեղեն որակներ ունեցող զինվորը։

Արցախի հերոս, ՙՈսկե Արծիվ՚ շքանշանի ասպետ, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն օրհնության իր խոսքը շաղախեց պատգամ-պատվիրաններով։ Ինչո՞ւ ենք մենք սիրում զինվորին։ Հարցնում ու ինքն էլ պատասխանում է. որովհետև նա Աստծո ճշմարիտ զինվորն է, ազգի ու հավատքի պահապանը, նա ծառա է ազգի ու պետության, նա իր կյանքով վկայում ու ապացուցում է Քրիստոսի պատգամը։ Արցախի թեմի առաջնորդի հավաստմամբ՝ ազգի սյուներն են զինվորները, իսկ մարտնչելու ջիղը հայ զինվորի արյան մեջ է։ ՙՄենք պիտի բյուրեղացնենք Ասպետի կերպարը ու 24 ժամ լինենք  բանակի կողքին՚,-ասաց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

 Երեկոյին մի առանձին շուք էին հաղորդում Հայոց բանակին նվիրված երգերի կատարումները  զինվորի, սպայի և հոգևորականի մասնակցությամբ։ Անզուգական էր նաև Արցախում ու նրա սահմաններից դուրս հանրաճանաչ դարձած փոքրիկ Միշայի ՙՄեր անունն է հայկական բանակ՚ երգի կատարումը։ 

 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ