Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՄԱՔՐՈՒՀԻՆ

Տիկին Լարիսան մաքրուհի է դպրոցում: Դպրոցը նրա համար երկրորդ տուն է դարձել, աշակերտները` թոռները: ՙՄեր Լարիսա տատիկը՚, այսպես են արտահայտվում նրա մասին աշակերտները` ամեն դասամիջոցի հավաքվելով նրա շուրջ:

 Ծանր մանկություն է ունեցել` ինչպես տարեկիցներից շատերը: Ծնվել է Մարտունու շրջանի Հերհեր գյուղում։ Վաղ հասակից զրկվել է ծնողներից, մեծացել է տատիկի, պապիկի խնամքի տակ։ Սիրել է գյուղական կյանքը: Այսօր էլ կապված է գյուղին, նրա առօրյային։ 

Մինչև 4-րդ դասարանը սովորել է Հերհերի միջնակարգ դպրոցում: Մինչև օրս առանձին ջերմությամբ է հիշում իր առաջին ուսուցչուհուն՝ Քնարիկ Սարգսյանին, որից էլ սովորել է լինել բարի ու աշխատասեր։
Անցյալ դարի 70-ականներին մայրը նրան բերում է Շուշի` սովորելու գիշերօթիկ դպրոցում: ՙԵս իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել գիշերօթիկի ուսուցիչներին, որոնցից շատերն, իհարկե, այսօր չկան։ Նրանք ինձ սովորեցրել են գնահատել աշխատանքը, տվել են լավ կրթություն ու դաստիարակություն՚։
Գիշերօթիկը փակվելուց, ուսումը շարունակում է Ստեփանակերտի 9-րդ դպրոցում։ ՙԵրևի իմ բախտը բերել է այն առումով, որ ինձ միշտ լավ ուսուցիչներ են հանդիպել: Ուսուցիչն էլ հեղինակություն էր, հարգանք կար նրա անձի ու մասնագիտության նկատմամբ,- նկատել է տալիս իմ զրուցակիցը: -Այսօր մի քիչ այլ իրավիճակ է. ուսուցիչները չափազանց ծանրաբեռնված են և հնարավորություն չունեն երկար ժամանակ տրամադրելու աշակերտներին: Հիշում եմ, ինչպես էր մեր դասղեկը դասերից հետո մնում, մեզ համար գիրք էր կարդում, որպեսզի սեր առաջացնի ընթերցանության հանդեպ: Այսօրվա ուսուցչի վրա առավելագույն պարտականություններ են տրված, շատ է նաև թղթաբանական աշխատանքը՚:
Երբ Լարիսան 7-րդ դասարանում էր, մայրն արդեն հիվանդ էր, սոցիալական պայմանները ստիպեցին առավելապես ուշադրություն դարձնել ընտանիքին, և գնահատականներում նկատվեց հետընթացը:
Դպրոցում Լարիսան կոմերիտմիության քարտուղար էր, զբաղվում էր թեթև աթլետիկայով, մասնակցում դպրոցում կազմակերպվող բոլոր մարզական միջոցառումներին։ Դրան զուգահեռ իր մտերիմ ընկերուհու` հայտնի դիպուկահար Մարգարիտա Սարգսյանի հետ, ով, ցավոք, այսօր չկա, դիպուկ կրակողներ էին և բազմիցս մասնակցել են բազմաթիվ մրցույթների, գրավել մրցանակային տեղեր: Երկուսով Ադրբեջանի չեմպիոններ էին հրաձգության գծով: Ցավոք, այդ ժամանակ չէր թույլատրվում Բաքվից բացի այլ վայր մեկնել մրցույթներին մասնակցելու համար՚,- վերհիշում է տիկին Լարիսան:
Հարազատներն ու մտերիմները համոզված էին, որ միջնակարգն ավարտելուց հետո նա պիտի բարձրագույն կրթություն ստանար։
Սակայն, մոր հիվանդության պատճառով նրա ծրագրերը հետին պլան մղվեցին և 1975 թվականին նա աշխատանքի ընդունվեց Ղարմետաքսկոմբինատում՝ որպես ջուլհակուհի։ Սպասարկում էր 40 պնևմատիկ հաստոց, աշխատում էր ժակարդի արտադրամասում և առաջավորի անուն էր ձեռք բերել։ Ընկերուհին՝ Մարգարիտան, ընդունվում է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը, սովորելուն զուգընթաց աշխատում Լարիսայի հետ՝ մեկ հերթափոխում։
Ղարմետաքսկոմբինատում աշխատում է տաս տարի, այնտեղ էլ մտնում է կոմունիստական կուսակցության շարքերը։ Անսպառ էներգիան ու ակտիվությունը տեսնելով, նրան ուղարկում են Բաքու` սովորելու բարձրագույն կուսակցական դպրոցում։ Հեռակայում է և աշխատում։ Սիրում էր ՙպատմություն՚ առարկան, հաճույքով էր կատարում հասարակական աշխատանք, լավ կազմակերպիչ էր։ Կուսակցական դպրոցը Լարիսան չավարտեց. ամուսնացավ և ընտանեկան կյանքը խանգարեց կրթությանը, նա նվիրվեց իր նոր ձևավորված ընտանիքին։
Այժմ տիկին Լարիսան ունի վեց երեխա՝ հինգ տղա և մեկ աղջիկ, ունի 10 թոռ, սպասում է նորերին... Նրա առաջնեկը` Ալեքսանդրը, ով հիմա ծառայում է Պաշտպանության բանակում, ծնվել է 1982 թվականին: Նա այժմ ինժիներ¬մեխանիկ է, իսկ կրտսեր որդին Ստեփանակերտի Ք.Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սան է։
Հայրենասեր ընտանիք են, ամուսինն Արցախյան պատերազմի մասնակից է։ Տիկին Լարիսան իր չորրորդ որդուն ծննդաբերել է 1992 թվականին: ՙԱյդ ժամանակ Կրկժանի ազատագրման մարտերն էին ընթանում։ Առաջին խանձարուրը իմ տղայի համար զինվորական փաթաթանը դարձավ։ Ես այդ ժամանակ, իհարկե, չէի կարող իմանալ, որ նա այդ պատերազմից 24 տարի անց պիտի գնար մարտի` նույն ոսոխի դեմ պայքարելու, մասնակցելով 2016 թվականի ապրիլյան գործողություններին՚,-ասաց նա:
Պատերազմի տարիներին, երբ Ղարմետաքսկոմբինատն արդեն չէր աշխատում,՝ Տիկին Լարիսան աշխատանքի է տեղավորվում ՙՂարաբաղ՚ հյուրանոցում, որպես հարկի հերթապահ և հավաքարարուհի։ Որոշ ժամանակ անց այդ հյուրանոցն էլ դադարեց գործել. դժվար տարիներ էին, նա աշխատեց սկզբում ՙՀեղնար՚ հյուրանոցում, ապա Ստեփանակերտի հացի գործարանում: Որոշ ժամանակ տնային տնտեսուհի էր, օգնում էր հարսներին՝ թոռներին պահելու հարցում։
Արդեն 10 տարի է, աշխատում է թիվ 1 դպրոցում: Երեխաների, ուուցչական կոլեկտիվի հետ շփումը, դպրոցական առօրյային մասնակցելը գերագույն հաճույք է համարում։ Սիրով է կատարում մաքրուհու իր աշխատանքը: Համաձայն չէ այն մտքին, որ նոր սերունդը վատն է, դժվար կառավարելի։ Գտնում է, որ ցանկության դեպքում կարելի է լեզու գտնել բոլորի հետ`վերանայելով մոտեցումները, մեթոդները` նրանց կարգի հրավիրելու, դասապրոցեսին ներգրավելու համար։ Ավանդույթների պահպանման կողմնակից է, գտնում է, որ մեր պապերը ճիշտ էին հասկանում կյանքը և դաստիարակում մեզ, ներդաշնակ էին բնության և իրենք իրենց հետ։
Տիկին Լարիսան աշխատանքի է գալիս վաղ առավոտյան գործն ավարտելուց հետո գնում է գրադարան, վերցնում հավանած գիրքը և նստում միջանցքի անկյունում գտնվող նստարանին։ Սիրում է դասականներին: Որոշ գրքեր ընթերցում է անընդհատ և ափսոսում, որ երեխաները գրքի հետ քիչ են աշխատում և գրադարանի ամենաակտիվ ընթերցողներից մեկն ինքն է։
Տիկին Լարիսան նաև բանաստեղծություններ է գրում, օգնում, եթե աշակերտներին հանդեսի համար ինչ¬որ խոսք կամ քառյակ է պետք կամ պատի թերթի ձևավորման անհրաժեշտություն կա: Երեխաների համար նա անփոխարինելի օգնական է. ինչ¬որ մեկի շորը կամ պայուսա՞կն է պատռվել` կկարի, անտրամադի՞ր են, հուսադրող խոսք ունի:
ՙՉէի՞ք ուզենա փոխել աշխատանքը՚` հարցիս մեղմ ժպտում է: ՙՀամապատասխան կրթություն չունեմ և` արդեն հարմարվել եմ իմ կյանքին ու աշխատանքին։ Կյանքից ու ճակատագրից չեմ դժգոհում։ Կարևորն այն է, որ մարդը օգտակար լինի կողքինին։ Անկախ իր կատարած աշխատանքից՚,- հետևում է պատասխանը։


Սրբուհի ՎԱՆՅԱՆ