Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԲԱՆԱՁԵՎԸ ՄԵԿՆ Է՝ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՄԱՐԱԾ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ

Հետպատերազմյան տարիներին Արցախում իրականացված սեփականաշնորհման գործընթացը հնարավորություն ընձեռեց մարդկանց զբաղվել փոքր և միջին ձեռնարկատիրությամբ, երկրագործությամբ, իրենց ընդունակությունները դրսևորել տարբեր ոլորտներում՝ դրանով նաև փորձելով վերականգնել ավերված տնտեսությունը։

Երկրի գործադիր իշխանությունն իր աջակցությունն է ցուցաբերում երիտասարդներին՝ հատկապես գյուղատնտեսության բնագավառում բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու համար։ Ներկայում հանրապետությունում կան կայացած հողագործներ, բանջարաբույծներ, ֆերմերներ… 

Երիտասարդ բանջարաբույծ Գևորգ Գալստյանն ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի ֆինանսներ բաժինը։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո՝ 1995թ. մեկնել էր Ռուսաստան՝ աշխատանք որոնելու։ Սակայն շատ շուտով հասկացել է, որ փողն ու հարստությունը հողի մեջ են ու վերադարձել է ծննդավայր՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնք։ Հողի հանդեպ սերը նրան փոխանցվել է պապից՝ Ալեքսան Գալստյանից, ով որդիների մեջ մանկուց ներարկել էր այդ սերն ու փոխանցել թոռներին։ Ոչ պակաս հողի մշակներ են հայրն ու հորեղբայրը՝ Արմավիր և Արշավիր Գալստյանները, ովքեր տարբեր ժամանակահատվածներում ու բավականին տևական՝ ղեկավարել են Նորագյուղի կոլտնտեսությունը։
Այսօր արդեն Գևորգը Արցախում ճանաչված բանջարաբույծներից է, զբաղվում է սոխի և բանջարաբոստանային այլ մշակաբույսերի արտադրությամբ, ու դա նրան մեծապես հաջողվում է։ Գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի համար, մի քանի տարի առաջ Արցախի Հանրապետության Նախագահի կողմից արժանացել է ՙԵրախտագիտություն՚ մեդալի, ինչն, իր իսկ խոսքով՝ էլ ավելի է պարտավորեցրել իրեն։
Գևորգը նաև բարեգործությամբ է զբաղվում։ Բացի այն, որ իր ստացած բերքի մի պատկառելի մասը նա բաժանում է իր աշխատողներին ու գյուղի զոհված ազատամարտիկների ընտանիքներին, նաև հաճախ է աջակցում նման կարգավիճակի տեր անձանց՝ սոցիալական այս կամ այն խնդրի լուծման համար։
Գ. Գալստյանի հետ մեր զրույցը նպատակ ունի բացահայտել նրա հաջողության գաղտնիքը, համոզված, որ այն օրինակ կհանդիսանա երիտասարդության համար։

- Գևորգ, քանի՞ տարի է, որ զբաղվում եք բանջարաբուծությամբ. ինչո՞ւ ընտրեցիր հենց այդ ճյուղը։
- Հողագործությամբ սկսել եմ զբաղվել 2007 թվականից։ Սկզբում ձմերուկ և այլ մշակաբույսեր էի աճեցնում, բայց դա կարելի է ասել` սիրողական բնույթի աշխատանք էր։ Հաշվի առնելով, որ հանրապետությունում սոխի արտադրությամբ զբաղվողներ քիչ կան և պահանջարկ վայելող մշակաբույս է, վերջին 10 տարիներին սկսեցի հիմնականում սոխ աճեցնել։ Սկսել եմ 1000 քառ. մետր հողատարածքից, իսկ այսօր արդեն 30 հա ցանքատարածություն ունեմ։ Ասեմ, որ այդ ամենը մենակ չեմ անում. ինձ հետ է նաև իմ հորեղբոր տղան՝ Արամ Գրիգորյանը:
- Համաձայնվեք՝ մի քանի հոգով հնարավոր չէ դա անել։ Փաստորեն նաև նոր աշխատատեղեր եք ստեղծել:
- Սեզոնում առնվազն 50-60 բանվոր ունենք։ Աշխատանք գրեթե միշտ կա, կլոր տարին բերք ենք ստանում, քանի որ, բացի աշնանացան և գարնանացան սոխից, ցանում ենք պոմիդոր, վարունգ, լոբի, կարտոֆիլ, իսկ ձմռանն էլ` կանաչեղեն։
- Պետության աջակցությունը որքանո՞վ եք զգում։ Արտադրանքը հեշտությա՞մբ է իրացվում։
- Օգտվում եմ պետության տրամադրած վարկերից. վարկը վերցնում ու ժամանակին մարում եմ։ Տարեցտարի ավելացնում եմ ցանքատարածքները, դրա համար էլ ամեն տարի վարկ եմ վերցնում։ Կառավարությունը լիզինգային եղանակով տեխնիկա է տրամադրում ՝ շարքացան, տրակտոր։ Ցանկացողներն օգտվում են նաև պետության տրամադրած պարարտանյութերից, թունաքիմիկատներից։
Ինչ վերաբերում է արտադրանքի իրացմանը՝ դրանում խնդիրներ չեն ծագում։ Ե՜վ տեղում ենք վաճառում, և՜ Հայաստանի Հանրապետությունում։
- Այսօր շա~տ-շատերը չեն կարողանում օգտագործել սեփականաշնորհված հողամասերը։ Ի՞նչն է պատճառը։ Կարո՞ղ եք որևէ խորհուրդ տալ այդ հողատերերին։
-Հողի լեզուն հասկանալ է պետք։ Ես մասնագիտությամբ գյուղատնտես չեմ, բայց երբ սկսել եմ զբաղվել այս գործով՝ փնտրտուքների մեջ եմ ընկել։ Այսօր դրա հնարավորությունը կա, համացանցն ինքնին տեղեկատվության անսպառ աղբյուր է: Բացի այդ, կա մասնագիտական գրականություն, այնպես որ՝ ինքնակրթությամբ զբաղվելով` ամեն ինչի կարող ես հասնել։ Յուրաքանչյուր բնակավայր հողի մշակման տեսակետից ունի իր առանձնահատկությունները. դա ևս պետք է հաշվի առնել:
Շատ կարևոր է պարարտացման ձևերն իմանալը։ Բոլոր նման աշխատանքները՝ ցանքաշրջանառություն, պարարտացում և այլն, պետք է կատարվեն ճիշտ ագրոժամկետներում։ Իսկ նախքան ցանքսը՝ հողը պետք է լաբորատոր ստուգման ենթարկվի։ Հասկանալի է, բերքատվության բարձրացման համար մեծ նշանակություն ունի ոռոգումը։
Սերմի ընտրությունը ևս մեծ նշանակություն ունի։ Հիմնականում հոլանդական սերմ ենք օգտագործում։ Ինքս ամեն տարի սերմ եմ գնում։
-Ո՞րն է, ի վերջո, հողի հետ աշխատելու Ձեր բանաձևը…
- Պետք է լինել աշխատասեր։ Ժամանակի ընթացքում էլ մասնագիտական որակներ ձեռք բերել:
- Ի՞նչ կուզենայիր ասել այն երիտասարդին, ով օտար ափերում է աշխատանք փնտրում։
- Պետք չէ թողնել հայրենի եզերքը և բախտ որոնել օտար ափերում։ Հայոց հողը բարեբեր է, արևը՝ ջերմ, ջուրն էլ՝ կենսատու։ Գործդ ձեռնարկիր քո երկրում։ Հարստացրու քո հայրենիքը։ Մի՜ թող, որ երազանքներդ անկատար մնան։ Ինչ նպատակ ունես՝ սկսիր ի կատար ածել այսօր։ Իսկ հաջողությունն էլ երկար սպասել չի տա:

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ