Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՖԵՐՄԵՐԸ, ԿԱՄ՝ ԵՐԲ ԿՅԱՆՔԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԴԱՌՆՈՒՄ

Երկու հսկա մեքենա, ՙՖորդ՚ մակնիշի, 6-7 ջահել` բեռնատարների խցիկի մեջ խորդուբորդ, քարուփոս ճանապարհով դժվարությամբ առաջ են շարժվում և կանգ առնում ՙԱղավնատուն՚ կոչվող տեղամասում տեղակայված անասնապահական ֆերմայի մոտ։ 

 Մոլորված, ճամփան կորցրածի տպավորությունն առաջին իսկ հարցուփորձից ցրվում է. ջերմոցում նախապատրաստական աշխատանքները հունվարից արդեն սկսվել են, մանավանդ, որ եղանակային պայմաններն այս տարի բարենպաստ, չոր, ոչ անձրևային, տաք ու արևոտ են, նրանք սածիլների ու դաշտի համար անտառային սևահող ու պարարտանյութ էին փնտրում։

Ապրես Մինասյանը, իր երիտասարդական խմբով, գործարար մարդու տպավորություն է թողնում։ Խմբի ղեկավարը, որը սկսված զրույցից անմիջապես հասկացվեց, խոսում է արցախյան բարբառով, ռուսերենի առատ խառնուրդով։
¬Որտեղի՞ց ես։
-Խնապատցի եմ, Ասկերանի շրջանից։
Նկատելով կասկածոտ հայացքս` շարունակում է.
-Տասնհինգ տարի առաջ եմ եկել։ Ապրում էի Միջին Ասիայում, Թուրքմենստանում։
-Երևի ստալինյան բռնադատվածների սերնդից ես։
¬Ոչ։ Լավ աշխատանք, լավ ապրուստ ունենալու համար Սովետի ժամանակ Ղարաբաղից շատերն էին գնում այլ քաղաքներ։ Սումգայիթը հայե՞րը չկառուցեցին... Իմ պատմությունը շատ երկար է։
¬Այնուամենայնիվ...
¬Հորաքրոջս ամուսինը, նույնպես խնապատցի, Կրասնովոդսկում, նավթավերամշակման գործարանում ինժեներ¬շինարար էր, անուն ունեցող հայտնի մարդ էր։ Հարազատ հորս ընտանիքը՝ բազմաերեխատեր՝ 4 եղբայր, 3 քույր, փոքրը ես էի, 9 ամսականում որդեգրեցին։ Թուրքմենստանում եմ ապրել, ռուսական դպրոց եմ հաճախել, տեխնիկում եմ ավարտել, նավթավերամշակման բաժինը։ Թուրքմենստանը նավթով հարուստ երկիր է։ Հայերը, (վրացիներ էլ շատ կային) աշխատում էին նավթի բազայում, պատասխանատու գործերը նրանք էին անում: Այնուամենայնիվ, տերուտնօրենը թուրքմեններն էին։
Անկախացումից հետո Թուրքմենստանում շատ բան փոխվեց, ազգային հարց մեջտեղ եկավ... Ղեկավար աշխատանքներն անցան տեղի ժողովրդի ձեռքը։ Հայը, վրացին էլ չէին կարող, այսպես ասած, ՙիրավունք ճոճել՚...
¬Իսկ դու ինչո՞վ էիր զբաղվում, Ապրես։
¬Մենք մեծ սեփական տուն, մեծ հողամաս, մեծ այգի ունեինք, բալի, խնձորի, կեռասի, դեղձի ծառեր, այնտեղ միայն հոնը, ընկույզը, պնդուկը չի դառնում, հողը բերրի է, ջուրն առանց սահմանափակման, անվճար։ Մեկ ծառից 300-400 կգ ծիրան էի քաղում, առևտուր էի անում... Սովետի քայքայումից հետո կոշկակարություն սովորեցի, 3-4 տարի լավ փող աշխատեցի, երբ դրսի երկրների հետ առևտուրը աշխուժացավ, իմպորտ կոշիկը շուկա մտավ, գործս կանգնեց։ Հետո աշխատանքի մտա նավահանգստում, նավթի տեղափոխման կետում։
-Մի խոսքով, գործդ լավ էր գնում։
-Գործս ո՜չ շատ լավ էր, ո՜չ վատ։ Բայց ապագայի հանդեպ մի անորոշություն կրծում էր սիրտս։ Մենք արդեն օտարություն էինք զգում։ Ազգային հարցը սուր չէր դրված, խժդժություններ, խառնակություններ չկային, բայց մեր ներքին զգացողությունն էլ առաջվանը չէր։ Սկսեցի մտածել, որ ավելի լավ է վերադառնանք հայրենիք...
-Բայց քեզ համար հայրենիքը...
-Գիտեմ ինչ եք ուզում ասել։ Հա, երեք տասնամյակ իմ հայրենիքը Թուրքմենստանն էր, բայց Ղարաբաղի հետ կապս կար։ Մինչև Շարժումը, մինչև պատերազմը 14 տարի ամեն ամառ ընտանիքով գալիս էինք Խնապատ։ Հորական, մորական կողմից պապուտատ ունեի։ Ժամանակը հետաքրքիր էր անցնում. անտառ էինք գնում, ջրամբար կար` լողանում էինք, մոշ էինք հավաքում... Հովեկի հետաքրքիր կյանք էինք ապրում։ Հետո ժամանակները փոխվեցին: Ժամանակը լրացել էր. Կրասնովոդսկից պիտի դուրս գայինք։ Մայրս իր ծննդավայրը ընտրեց:
-Հայրենիքում ինչպե՞ս դասավորվեցիր։
¬Աշխատող մարդն ամեն տեղ իրեն գտնում է, սոված չի մնում։ Օտարության մեջ ես լավ ապրուստ ունեի, բայց հայրենիքն ուրիշ է։ Ամեն մարդ պիտի իր հողում, իր հայրենիքում ապրի, ով ինչ ուզում է` ասի։ Հայրենիքի զգացողությունը ես այստեղ գտա` ես ինձ այստեղ տեր եմ զգում։ Տունս այնտեղ ծախեցի, Խնապատում տուն առա։ Մի քիչ փողով¬մողով էի եկել, ՙԿիրովեց՚ տրակտոր առա, սկսեցի աշխատել։ Այստեղ ընտանիք կազմեցի։ Ես ՙէն գլխից՚ հողի հետ աշխատել սիրում էի։ Գյուղում կես հեկտար հող վերցրի, սկսեցի բանջարեղեն մշակել։ Հաջողվեց։ Հետո ավելացրի՝ դարձրի՝ 2, հետո 3, հասցրի մինչև 6 հեկտարի։
Հողի ՙլեզուն՚ պիտի իմանաս, պիտի գրագետ մշակես, կարևորը գործնական աշխատանքն է, կարող է դիպլոմ ունենաս, կարդացած լինես, բայց չկարողանաս գործից գլուխ հանել։ Սովորեցի գյուղացիներից, մասնագետներից։
Բույսի համար ամեն տարի էլ լավ է, պիտի մշակես, դեղերը ժամանակին տաս, հողը միշտ փոխհատուցում է։
-Գյուղերում բողոքում են, որ գործ չկա։
-Ազատությունը կա, պետությունն օգնում է, անասունը տալիս է, մնում է աշխատես։ Մարդ չպիտի գործից վախենա։ Ամեն ինչից կարելի է եկամուտ ստանալ։ Իվանյան գյուղից մեկը, իմ ծանոթներից, բանակից եկավ, ուզում էր գնալ Ռուսաստան, մասնագիտությամբ ատամնաբույժ է, Արցախի պետական համալսարանն է ավարտել։ Բերեցի մոտս աշխատանքի, սովորեցրի, այսպես ու այսպես, պիտի ցանես, մշակես, բացատրեցի մեկ տարի։ Սովորեց, հետո ինքնուրույն գործ դրեց։ Այսօր 4 հեկտար հող է մշակում-վարում¬ցանում¬իրացնում, եկամուտ է ստանում։ Ապրուստի տեր դարձավ, ընտանիք կազմեց, երեխա ունի։ Մի խոսքով, կյանքը նրա համար հետաքրքիր դարձավ։ Ինքն այսօր նույնիսկ աշխատողներ է բանեցնում։
¬Այսինքն, աշխատատեղ է ստեղծում։
-Այո, ամեն ինչ իրար հետ փոխկապակցված է։ Հաջողությունն ուրիշներին էլ է ապրեցնում։ Ես ինքս 6-7 աշխատող եմ պահում։
-Ասում են ձմերուկի դաշտերում մեծ քանակությամբ ազոտական պարարտանյութ եք օգտագործում, որն առողջության համար վնասակար է։
-Ես չեմ օգտագործում։ Նախ՝ շատ թանկ է, երկրորդ՝ եթե չափը ստույգ չվերցրիր, բանդ բուրդ է, իսկ պարարտանյութից վնաս չկա։ Իմ ձմերուկը խանութում մեկ ամիս մնում, չի փչանում, սելիտրա տվածը՝ շա~տ¬շատ 10 օր է մնում։ Գլուխ գովել չլինի՝ գնորդներն ասում են, որ իմ ձմերուկի համն ուրիշ է։
-Իրացման հարցում չես դժվարանո՞ւմ։
-Դժվարություններ կան։ Շուկան փոքր է։ Վերջին շրջանում էլ ձմերուկի առևտրով զբաղվողները շատացել են, բերում են Հայաստանից, մեր հանրապետության մյուս շրջաններից։ Շատ անգամ ստիպված ենք լինում գինը իջեցնել։ Ջրի համար էլ թանկ ենք վճարում, մեկ հեկտարի հաշվով՝ 60 հազար, 6 հեկտարի համար՝ 360 հազար։
-Չե՞ս ափսոսում Խնապատ գալու համար:
-Բացարձակապես: Եթե գնայի Ռուսաստան, 15 տարում գուցե նյութական առումով ավելի շատ բանի հասնեի, բայց կորցրածս ավելի շատ կլիներ: Ճիշտը հայրենիք գալն էր:

 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ