Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Ցուցադրություն Արցախի պետական երկրագիտական թանգարանում՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ

 

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ այսօր` մայիսի 18-ին, Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում կազմակերպվել է «Կերեն հնավայրի գաղտնիքները» խորագրով ցուցադրություն։ Արցախի պետական երկրագիտական թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանն ասում է, որ ամեն տարի մասնագիտական տոնը նշում են նոր ցուցահանդեսներով:

-Այս տարի որոշել ենք ցուցադրությունը նվիրել Կերենի հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերին,- պատմում է Ժ. Առստամյանը:- Ցուցադրությունը կազմակերպել ենք թանգարանի պահոցներում ներառված Կերենի հավաքածուով, որի ընդամենը մի մասը ներկայացնելու հնարավորությունն ունենք: Մյուս մասն էլ ներկայացված է լուսանկարների տեսքով: Հնավայրն ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում հայտնվել է 2003 թվականի նոյեմբերին, երբ ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը Կերենում պատահաբար հայտնաբերել է բնույթով հետաքրքիր կավ-անոթներ, զենք-զրահի մասեր ու դրանք հանձնել Բերձորի պատմաերկրագիտական թանգարանին: 2004թ. մարտ ամսին արդեն Հայաստանի «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ի արշավախումբը Արտակ Գնունու, Հակոբ Սիմոնյանի և Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ սկսել են Կերենի պեղումներն ու ուսումնասիրությունները: Կերենը գտնվում է Քաշաթաղի շրջանում, Ողջի գետի ձախ ափին: Համանուն դամբարանադաշտը ձգվում է մոտավորապես 800 մետր: Պեղածո նյութերը բացառիկ տեղեկություններ են հայտնում Ք.ա. II հազարամյակում այստեղ հաստատված ցեղային հզոր միավորման մասին, տեղաբնակների պաշտամունքի, կենցաղի, սովորույթների, աշխարհընկալումների, թաղման ծեսերի, արարողակարգերի, արվեստի գործերի ու սպառազինությունների մասին:

Ժաննա Առստամյանը ցավով հիշեց` Կերենի դամբարանադաշտը 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով անցել է Ադրբեջանի հսկողության տակ:

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանին օրվա խոհերն ու զգացողությունները տեղափոխեցին անցյալ` ուսանողության շրջան: Խորհրդային տարիներին Արցախի հնավայրեր փորձուսուցման ուղարկված Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի ուսանողների մուտքն Արցախ արգելել էր Ադրբեջանի կառավարությունը:

-Բայց արցախյան ազատագրական պայքարի արդյունքում բացվեցին հայկական արգելված գոտի- հնավայրերը և սկսվեցին ուսումնասիրությունները,- նշեց բանախոսներից Մելանյա Բալայանը:- Ու, ցավոք, մեզնից նորից օտարվեցին մեր հնավայրերը: Միակ բարեբախտությունն այն եղավ, որ գոնե որոշ հնավայրերից արված պեղածոները մեր ձեռքի տակ են` թանգարաններում: Դրանք ուղղակի պեղածո-գտածո նյութեր չեն, դրանք մեր նախնիների հիշատակներն են, այն վկայությունները, որոնք պատմում-վկայում են մեր նախնիների ու մեր երկրի պատմությունն ու հաստատում, որ, այո, Արցախը Հայաստան է:

Պատմաբանը համոզված է` մեր ժողովրդի ինքնակազմակերպվածության արդյունքում մենք նորից կարող ենք վերագտնել մեզ ու տեր կանգնել մեր կորցրած արժեքներին:

ԱՀ ԿԳՄՍ աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժնի վարիչ Երազիկ Դանիելյանը տեղեկացնում է` Արցախում գործող բոլոր թանգարաններում այսօր նշում են մասնագիտական տոնը:

-Ընդհանուր խորագրով «Թանգարանների ուժը» միջոցառման շրջանակներում թանգարաններում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ,- օրվա միջոցառումների ցանկը ներկայացնում է Ե. Դանիելյանը:- Եվ քանի որ ԻԿՕՄ-ը` թանգարանների միջազգային խորհուրդը, մայիսի 18-ին նշվող «Թանգարանային գիշեր» միջոցառումը տեղափոխել է մայիսի 21-ը, մի շարք միջոցառումներ իրենց շարունակությունը կգտնեն այդ օրը: Դրանք կլինեն բաց դասախոսությունների, վարպետաց- դասի, ֆիլմերի ցուցադրության տեսքով:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն