Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙՇՈՒՇԻՆ ՈՐՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՋԱԽ՚

17-09-04_1.jpgՇուշին հայկական մշակույթի օջախ՚ թեմայով միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր հայկական տպագրության 500-ամյա հոբելյանին, իր աշխատանքներն ավարտեց սեպտեմբերի 18-ին։ Երկու օրերի ընթացքում հայ և օտարազգի գիտնականները ներկայացրին իրենց ուսումնասիրությունները, եղան ուշագրավ առաջարկներ։ Գիտաժողովն ունեցավ ոչ միայն տեսական, այլև գործնական նշանակություն։

Երկրորդ օրը աշխատանքներն ընթացան երկու մասնախմբերում հետևյալ խորագրերով՝ ՙՇուշիի հնագիտական մշակույթ և ազգագրական միջավայրը՚, ՙՀոգևոր-եկեղեցական  կյանքի և հայ արվեստի զարգացումը Շուշիում՚։
Մասնախմբի ղեկավարներն ամփոփեցին կատարված աշխատանքները, եղան առաջարկություններ, ելույթներ։
Վերջում գիտաժողովն ընդունեց հայտարարություն։
Գիտաժողովի աշխատանքներն ամփոփեցին մասնախմբերի ղեկավարները և  ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը։
IMG_7611..jpgՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳՈՐԾԻՔ Է
Համլետ ՊԵՏՐՈՍՅԱՆ,
ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր.
- Շնորհակալություն հայտնելով գիտաժողովի կազմակերպիչներին՝ ուզում եմ շեշտել ամենաէականը՝ վերաբերմունքը մշակույթի հանդեպ։ Շոյված ենք  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ուշադրությունից և ջերմությունից, սրտացավ  վերաբերմունքից, որ կար ամբողջ գիտաժողովի ընթացքում։ Սա խոսում է իշխանության՝ մշակույթի, գիտական հասարակության հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին։
Ես կարծում եմ, Շուշիի մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու համար պետք է կազմվեն ծրագրեր, մշակվեն հայեցակետեր, ստեղծվի կազմակերպական մարմին։ Այսօր էլ, ցավոք, Շուշիի հետազոտությունը մտավորականության շրջանում անհատական բնույթ է կրում։ Ոչ մի ծրագրում մտցված չէ Շուշիի հետազոտումը։ Մենք կամավոր ենք զբաղվում դրանով, և այսպես է եղել նաև 19-րդ դարի վերջերից սկսած։ Ես կարծում եմ, հարմար պահն է սկսել համակարգումն այս ոլորտում։
Այսօր ամբողջ աշխարհում մշակութային ժառանգությանը վերաբերվում են որպես առաջընթացի գործիքի։ Եթե մարդ տեսնում է, որ իր քաղաքի հնությունները հարգվում են, եթե մանրամասնությունների մեջ խորանում են, նա ոգևորվում է, որ ինքն էլ իր կյանքով ավելի ակտիվ լինի, ավելի կազմակերպված։
ՀԻՆԱՎՈՒՐՑ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ,
6.jpgՀայաստանի թատերական գործիչների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր.
- Սա այն բացառիկ դեպքերից մեկն է, որ գիտական քննարկումների համատեքստում առաջին հերթին մենք ուշադրություն ենք դարձնում մոտեցումների կատարելությանը։ Մեր երախտագիտությունը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որն իր գործառույթից դուրս և գործառույթի ներսում կազմակերպչական խնդիրներ էր լուծում։ Սա խոսում է այն մասին, որ այստեղ կա որոշակի մշակութային քաղաքականություն։
Երկօրյա աշխատանքային ծրագիրը բավականին հագեցած էր։ Մենք լսեցինք  գիտական  սկզբունքով կառուցված զեկուցումներ, հաղորդումներ, պրոբլեմային, սակայն կիրառական նշանակության երևույթներ։ Հնչեցին կարևորագույն մտքեր, առաջարկություններ, մասնավորաբար Շուշիի ճարտարապետական հուշարձանների,  Շուշիի նախկին թատերական կյանքի մասին։ Առաջարկություն եղավ, որն ինձ ևս մհահոգում է. դա Շուշիի Խանդամիրյան թատրոնի շենքի վերակառուցումն է, այնպիսի լուծումներով, ինչպիսին եղել է։ Դա ցույց կտա քաղաքաշինական շերտերի հաջորդականությունը։ Խանդամիրյան թատրոնի վերակառուցումը քաղաքի  պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման գործում մի խոշոր քայլ կլինի։ 
Մի շարք զեկուցումներ ուրախացրին այն առումով, որ փրկվեցին մոռացության մատնված  անուններ, մասնավորապես՝ գեղանկարիչ Ստեփան Աղաջանյան, երաժիշտ Դանիել Ղազարյան։ Նաև հնարավորություն ունեցանք մեր մասնախմբում լսելու Դանիել Ղազարյանի ստեղծագործություններից։ Ես հուսով եմ և հավատում եմ, որ այս գիտաժողովն անպայմանորեն իր արձագանքը կունենա  հանրային կյանքում, գիտաժողով, որ որոշակի խնդիրների համապարփակ մատուցում, հանգրվանային իրողություն է, որը կմշակի հետագա հայեցակարգերը։
Դիմում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին, ընդհուպ մինչև երկրի Նախագահ,  Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությանը՝ գիտական աշխատանքները համակարգելու, որոշակի քաղաքականություն վարելու նպատակով Արցախում ՙԿաճառ՚ գիտակրթական  կենտրոնի հիմքի վրա  ստեղծել հայագիտական հետազոտական կենտրոն, որը հետագայում հիմք կհանդիսանա Գիտությունների ազգային ակադեմիայի Արցախյան բաժանմունքի ստեղծման համար։ Երկրորդ առաջարկությունը, որում իշխանությունների աջակցությունը չափազանց անհրաժեշտ է, գիտական-հանրամատչելի հանդեսի  ստեղծումն է երկամսյա-եռամսյա պարբերականությամբ։ Շուշիում նման  գիտական հանդեսի հրատարակումը հնարավորություն կտա հայագիտական մեր մոտեցումները դարձնել առավել նպատակային, գիտականորեն ճշգրիտ և ծառայեցնել Շուշիի մշակութային արժեքների հետազոտմանը և ուսումնասիրմանը։
Շուշին հարուստ նյութ է պարունակում։ Շուշին որպես գիտական օբյեկտ անսպառ է և կարող է դառնալ հայագիտության ճյուղերից մեկը։
ԿԱՐԵՎՈՐԸ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ Է
DSC_6541.jpgՆարինե ԱՂԱԲԱԼՅԱՆ,
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի
նախարարի պաշտոնակատար.
- Ես երախտագիտություն եմ հայտնում գիտաժողովի մասնակիցներին ոչ միայն հետաքրքիր և խոր վերլուծությունների, այլև առաջարկությունների, սրտացավ և շահագրգիռ վերաբերմունքի համար։ Կոչ եմ անում չբավարարվել գիտական կոնֆերանսով, այլ շարունակել համագործակցությունը ինչպես յուրաքանչյուրի, այնպես էլ ոլորտների հետ։ Շուշիի ազատագրումից հետո բոլոր այդ տարիներին տարբեր փորձեր են արվել քաղաքը վերականգնելու ուղղությամբ, ստեղծվել են հիմնադրամներ, մշակվել են ծրագրեր, ներկայացվել են նախագծեր, սակայն այս ամբողջը լիարժեք չի հաստատվել, չի ընկալվել և կյանքի չի կոչվել։ Իմ կարծիքով,  պատճառներից մեկն էլ այն էր, որ վերջնական մեր նպատակը հստակ չի  ձևակերպվել, որովհետև ընդհանրական ասպեկտով Շուշիի մասին մեր պատկերացումները սահմանափակվում էին ՙՇուշին՝ մշակութային կենտրոն՚ ձևակերպումով, իհարկե, չհաշված առանձին անհատների խոր ուսումնասիրությունները։
Վերջին տարիներին սկսած ակտիվ աշխատանքները պարտադրում են ավելի լուրջ վերաբերվել և ավելի ճշգրիտ ձևակերպել նպատակը և թե ինչի ենք ձգտում։ Այսօր, փառք Աստծո, կա այն գիտակցումը, որ պետք է վերականգնվի  Շուշիի դիմագիծը, նկատի ունեմ ճարտարապետական կողմը։ Այս ուղղությամբ ինչ-որ քայլեր արվում են. կան տարբեր ծրագրեր, ինչպիսին, օրինակ, Շուշիի հիմնադրամն է։ Բայց բոլոր դեպքերում կարծես թե ամեն ինչ ուղղված է Շուշիի արտաքին ճարտարապետական տեսքին։ Իսկ թե ինչպիսին պիտի լինի միջավայրը, այս հարցում դեռևս ամբողջությամբ խորամուխ չենք եղել։ Համատեղ աշխատանքի միջոցով է հնարավոր հասկանալ, թե ինչպիսի միջավայր պետք է ստեղծել։ Որովհետև շենքերը վերականգնել՝ դեռ չի նշանակում Շուշին վերականգնել։ Այս առումով կարևորվում է գիտաժողովը, որը մեկնարկ է, և քանի դեռ տպավորությունները թարմ են, կարծիքները չեն աղոտացել, կարելի է համագործակցել, առաջարկություններն ի մի բերել, որպեսզի արդյունքում գտնվի ճիշտ ձևակերպումը։
Տեղեկացնեմ, որ գիտաժողովի նյութերը, զեկուցումները կհրատարակվեն առանձին ժողովածուով, երեք լեզուներով։ Սրանով կլուծվի նաև միջազգային հանրությանը  մշակութային ժառանգությանը ճանաչ դարձնելու հարցը։ Անընդհատ խոսվում է ադրբեջանական քարոզչության ակտիվության մասին, իսկ հայկական կողմն այս հարցում թերանում է։ Ինչ-որ քայլեր, իհարկե, անում են, բայց պակասում է հետևողականությունը։

 

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ