ՕՐՀՆԵՐԳԸ ԵՐԿՐԻՍ...
Պատերազմ-խաղաղություն՝ այս անվերջ-մշտատև «հրմշտոցի» մեջ անդադար կորցնում, կորցնում, կորցնում-գտնում եմ ապրել-չապրելու որոշումս... Հաղթանակների ռազմականչը շաղախելով սպասվող գրոհի ազդանշանին շտկում եմ ուսերս, ու սրբագրելով իրարամերժ զգացողողություններս` քայլերս ուղղում Եռաբլուր-Պանթեոն, որտեղ կյանքը բացակա է մեր կյանքից... Գնում եմ ասելու՝ երանի՜ ձեզ տղաներ, հազար երանի, որ գնացիք հաղթած, որ չտեսաք ապրողներիս պարտությունը, հազար երանի ձեզ՝ հավերժ հաղթածների Բանակիդ երանի՛...
Տղաները, որ հիմա Եռաբլուրում են ու Ստեփանակերտի զինվորական Պանթեոնում, գրել են Երկրիս օրհներգը... Նրանք այն վաղուց նոտագրել են սեփական արյամբ, ու հիմա օր ու գիշեր ՙերգում են՚... ու մենք, որ հին ու քաղաքակիրթ ազգ ու ժողովուրդ ենք, արժանապատիվը՝ ազգ ու ազգությունների մեջ, ձեռքներս ծալած նստել-հանգստանալու, հուսալքվել-հուսահատվելու իրավունքը չունենք։ Չունենք և՝ վերջ... Տղաները մեզ զրկել են այդ տարրական, այդ մարդկային-շարքային իրավունքից... Տղաները գիշեր ու տիվ Երկրի Օրհներգն են երգում, ու մենք այն կանգնած ենք լսելու, օրնիբուն, ոտքի վրա և այնքան ժամանակ, մինչև որ մի օր էլ այն լիաթոք երգելու իրավունքն ունենանք... Մեր Օրհներգն այլևս ապրելու ճանապարհ է, ոտքի կանգնելու՝ հրամայական։ Նրանք հավերժ ապրելու, հավերժ երգելու իրավունք են ձեռք բերել մարտադաշտում, նրանք վաստակել են հավերժական կյանքի իրավունքը։ Նրանք մեր ժամանակների քրոնիկոնը կերտել են կյանքով՝ կյանքով կյանքի համար... Մեր կյանքը կյանքով գնեցին, մեր բոլոր ռազմերգերը օրհներգերի վերածեցին, հիմա նրանց կուռ շարքերը օրհներգում են, որ չսխալվենք, չմոլորվենք ու Արցախը դարձնենք աշխարհի խղճի առաջնադիրքն ու ժամադրավայրը... Նրանք Եռաբլուրում ու Ստեփանակերտի Պանթեոնում զորագունդ դարձած, կհուշեն մեզ ապրելու գաղտնաբառը... Ոզո՞ւմ եք ճանաչել նրանց, սովորեք կարդալ նրանց հայացքները, սովորեք վերծանել նրանց շուրթերին սառած-մնացած խոսքի վերջին փշրանքները... Ուզո՞ւմ եք ապրել արժանապատիվ կյանքով, առաջնորդեք Եռաբլուր-Պանթեոնում շարք-շարք մատուռված տղաների կիսատ մնացած, կիսատ թողած երազանքների «զորաշարքերը»... Առջևից գնալիս չմոռանաք առնել նրանց մայրերի օրհնությունը, որոնք այլևս Սուրբ Մեռոնի են վերածվել իրենց աղոթքներով երկնառաք, իսկ արցունքները նրանց՝ մեռոնաջրի, որ բալասան են ու պիտի ամոքեն Երկրի Ցավը, այն Երկրի, որը նրանց կարոտի մեջ մշտաներկա որդիների հոմանիշն է այլևս... Նրանք գիշեր ու տիվ մեռոնաջուր են ցողում երկրի քարերին ու սրբացնում որդիների Հայրենիքը։
Անմահների զորագնդի վերջին խոսքի իրավունքը վերցնելու ենք մեզ վրա, մեր ուսերին կրելու այն ծանրությունը, որ ընկավ ձեր ուսերից ծնկելու պահին... Հայերեն ննջող զոհերի հետ մեր ամենօրյա, մեր մշտատև զրույցներում դավանելու պես խոստանանք պիտի, որ մեր ապագան անցյալում չենք մոռանալու ու չենք թողնելու անցյալում... Իսկ տարեմուտի առաջին շնորհավորանքի հետ՝ ոտքի վրա պարպվող թասը ՙխոսելու է՚ ձեր հավերժ ներկայության մասին, այն մասին, որ մեր ապագա բոլոր հաղթանակների դրոշակակիրն եք լինելու այսօր, վաղը և ընդմիշտ...
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ