Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՏԱՐԱԾՔԸ

HAMLET_11.jpgՍտեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի պոեզիայի և գիտական նիստերի դահլիճում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ գիտաժողով՝ ՙԱրձակագիր Մարտիրոս Ոբնի (Համլետ Մարտիրոսյան) ստեղծագործությունը՚ թեմայով։ Հավաքվել էին գրողներ, մշակույթի գործիչներ։ Արձակագրի ծննդյան 60-ամյա հոբելյանը նշելու համար ԼՂՀ գրողների միությունը ընտրել էր վերոնշյալ ձևաչափը, որը միջոցառումը դարձրեց բավականին հետաքրքիր։
 Անկեղծ և անմիջական մթնոլորտում անցավ հոբելյանը՝ հեռու կարծրատիպերից և շաբլոն խոսքերից։ Հանդիսությունը ֆոն ծառայեց նաև բանավիճելու և անդրադառնալու  արդի հայ արձակի զարգացման միտումներին։ Զեկուցումներով, ելույթներով, անկաշկանդ զրույցով վերհանվեց, ուրվագծվեց Համլետ Մարտիրոսյանի՝ որպես  գրողի և լրագրողի քաղաքացիական և ստեղծագործական դիմագիծը։ 
ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը, բացելով միջոցառումը, ասաց, որ դարձդարձիկ ու հեղհեղուկ այս ժամանակներում, երբ կարծես գրականությունը հետին պլան է մղվում, և գրողի հոբելյանը կարծես թե երևույթ չի դիտվում, Համլետ Մարտիրոսյանը  կարողացել է հաղթահարել ՙչդիտելու՚ պատնեշը և ներկայանալ ընթերցողին որպես ինքնատիպ արձակագիր և անհատականություն։
Հ. Մարտիրոսյանը կարողացել է իր բառով ու պատկերով բարձրացնել գեղարվեստական խոսքի դերակատարությունը կյանքում, օժտված գրող, որի ստեղծած պատկերներում ճիգ չի զգացվում, վերարտադրության մեջ կառուցվում է իր իրականությունը՝ կերպարային, ինտելեկտուալ մտածողությամբ։
Արձակագիր Մաքսիմ Հովհաննիսյանը նշեց, որ իրականության վերարտադրության սյուռեալիստական ոճը, կյանքի երևույթների ցավագին արտացոլումը Համլետին տարբերում են մյուս արձակագիրներից, նրան ընթերցելը դարձնելով մի կողմից հետաքրքիր, մյուս կողմից՝ ծանր։ Գրողն ունի լիասպառ հոգևոր տարածք, բառն ունի կշիռ, գտնում և ներկայացնում է ինչ-որ բան, որ ուրիշները չեն նկատում։ Արձակագրի ստեղծագործական կյանքը հարթ չի անցել, նա կյանքից ժամանակ պոկելով գրելու համար, ստեղծել է արժեքներ, որի գոյությունը կշարունակվի։
Արձակագիր և հրապարակախոս Կիմ Գաբրիելյանը գնահատեց գրողին որպես երևույթ, որի արձակն առանձնանում է, նա պատկերները ստեղծում է ուրույն ոճով, ասելիքը կարծես բեմադրում է, որը գալիս է նրա դերասանական տաղանդից։ Համլետը մի քանի ոլորտներում մակարդակ է դրսևորել, լրագրության մեջ ևս ուրույն ձեռագիր ունի, մարդ, որ հետաքրքիր է և՜  կյանքում, և՜ արձակում։
Բանաստեղծ, թարգմանիչ Հրանտ Ալեքսանյանը հակիրճ ներկայացրեց իր նկատառումները՝  նշելով հոբելյարի արձակի հիմնական հատկանիշները՝ պարզությունը, անմիջականությունը, ճշմարտացիությունը, որ պարտադիր պայման է։ Համլետը պատմելու շնորհք ունի, հետաքրքիր բառամթերքով է մատուցում պատմությունը, որը նրա արձակի առանձնահատկությունն է։
ՙԳյուրջյան՚ կիրառական արվեստի ինստիտուտի ռեկտոր, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանն իր ողջույնի խոսքում ասաց, որ արձակագիրը տիրապետում է գրելու գաղտնիքներին, գրականություն ՙկառուցելու՚ արվեստին։ Գրողի լրագրողական հաղորդաշարը ևս առանձնանում է։ Իսկ ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Զինաիդա Բալայանը հոբելյարին համարեց որոնող, քննող արվեստաբան։
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանն իր ելույթում նշեց, որ Հ. Մարտիրոսյանը, շարունակելով Սարգիս Աբրահամյանի, Բագրատ Ուլուբաբյանի, Մաքսիմ Հովհաննիսյանի ավանդույթները, ստեղծել է մի արձակ, որտեղ պոետական կտորներ կան, երևույթ, որ հատուկ է հայ արձակին։ Հայ ժողովրդի արցախյան հատվածի ճակատագիրն  արտացոլված է նրա արձակի մեջ. մասնավորապես մատնանշվեց ՙԴժոխքից եկածին հարցեր չեն տալիս՚ վեպը։ Նրա արձակին հատուկ է ժողովրդական մտածողությունը, պատկերայնությունը։
ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի դասախոսներ Ժաննա Բեգլարյանը, Ամալյա Գրիգորյանը, Ռենա Մովսիսյանը հանդես եկան ՙԳեղարվեստական պատկերը Հ. Մարտիրոսյանի մտածողական համակարգում՚, ՙԱրցախյան շարժման արտացոլումը Մարտիրոս Ոբնի ստեղծագործության մեջ՚, ՙԱրցախյան ժողովրդական բանահյուսությունը գրողի արձակում՚ թեմաներով, զեկուցումներով։ Հ. Մարտիրոսյանը երևույթները դիտարկում է ներսից՝ վերհանելով դրանց պատճառահետևանքային կապը, ինչի արդյունքում նրա պատումները ձեռք են բերում գեղարվեստական համոզչականություն։ Խոսքը հակիրճ է, հաճախ՝ մանրանկարչի վրձնահարվածներով, կերպարները գուցե տիպական չեն, բայց անհատականացված են։ Բարբառի հյութեղ բառապաշարի օգտագործման բազմաթիվ օրինակների կարելի է հանդիպել Հ. Մարտիրոսյանի ստեղծագործություններում։ Օգտվելով խոսակցական ու բարբառային շերտերից, նա ստեղծել է միջավայրի կոլորիտ՝ ցույց տալով մեր ժողովրդի լեզվամտածողության և հոգեբանության ինքնատիպությունը՝ գեղարվեստական խոսքին հաղորդելով աշխուժություն, կենդանություն և հարազատություն։ Գրողը բարբառային բառաշերտի միջոցով ընդլայնելով բառընտրության ասպարեզը՝ իր գեղարվեստական խոսքը դարձրել է դինամիկ, կոլորիտային, անմիջական ու ինքնատիպ և նպաստել է բարբառի հաշվին գրական լեզվի հարստացմանն ու զարգացմանը։
ԼՂՀ գրողների միությունը հոբելյանի առթիվ լույս է ընծայել գրողի երկհատորյակը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ միջոցառման ավարտին։ Առաջիկայում լույս կտեսնի նաև երրորդ հատորը, որին ընթերցողը սպասում է։
 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ