ՙԵՎ ՆՐԱ ԱՆՈՒՆԸ ԿԻՆ Է՚

 ՙՀայ-ռուսական (սլավոնական) համալսարանի օրերը Արցախում՚ միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում Երևանից ժամանած ուսանողական-համալսարանական թատերախումբը ցուցադրեց ՙԵվ նրա անունը կին է՚ վերնագրով ներկայացումը։

Ներկայացումը, որին ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, անցավ լեփ-լեցուն դահլիճով։ Հանդիսականները հիմնականում պատանիներ, ուսանողներ, երիտասարդներ, նաև զինվորականներ էին, ովքեր ջերմորեն արձագանքում էին բեմում կատարվող գործողություններին։ Ուսանողական թատերախումբը կարողացավ ներկայացման գաղափարները հասցնել հանդիսատեսի մտքին ու հոգուն։ Բեմադրության սկիզբը խորհրդանշական էր (փոքրիկ աղջնակը խաղում է փուչիկով)՝ գովք ընտանիքին և խաղաղությանը, գաղափար, որ կարմիր թելի պես անցնում էր ողջ ներկայացման ընթացքով։ Կինը՝ որպես մայր, խաղաղության ամենամեծ տենչողն է։ Պատերազմի բերած ամենամեծ տառապանքը կրում են կինը, մայրը։ Կինը մարդկության պատմության ընթացքում միշտ եղել է արվեստագետների ոգեշնչման աղբյուրը, և բեմադրության հեղինակները հետաքրքիր մտահղացման միջոցով էկրանի վրա, բեմում ընթացող գործողություներին զուգահեռ, ցուցադրում էին կնոջ դիմանկարների՝ համաշխարհային արվեստի գլուխգործոցների պատկերները՝ վաղ միջնադարից մինչև 20-րդ դար։ Ներկայացման ընթացքում հերթագայում էին կանանց կերպարները՝ իրարից խիստ տարբեր, իրենց երազանքներով, ռոմանտիկայով, իրատեսությամբ։ Ընտանիքի գաղափարը, ընտանեկան կյանքի գովքը կենտրոնական տեղ են գրավում բեմադրության մեջ։ Խոսքի, երաժշտության, մնջախաղի, պարային արվեստի լեզվով բեմադրող-ռեժիսորը և ուսանող- դերակատարները կարողացան իրենց ասելիքը հասցնել հանդիսատեսին։ Նարինե ԱՂԱԲԱԼՅԱՆ, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար. -Ներկայացումը հետաքրքիր էր, և հատկապես ողջունելի է, որ ուսանողները կարողացել են կատարողական նման մակարդակ ներկայացնել։ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետ բավականին լավ ավանդույթներ ձևավորելու հեռանկար կա։ Դասախոսական և ուսանողական կազմերը պարբերաբար այցելում են Արցախ, և արդեն փոխադարձ ջերմ հարաբերություններ են ձևավորվել։ Ներկայացումը ուներ հրատապ թեմա, և հուզիչ էին դահլիճում գտնվող զինվորների արձագանքը, նրանց ապրումները։ Կարծում եմ` դահլիճում չկար որևէ մեկը, որ անտարբեր մնար բեմում կատարվող գործողություններին։ Իսկ սա՝ կապը բեմի և դահլիճի միջև, շատ կարևոր է։ Մենք ևս մեր համալսարաններում ունենք թատերախմբեր, փոխադարձ այցելությամբ կլինենք Երևանում։ Կապը առաջիկայում էլ ավելի կամրապնդվի, փոխադարձ այցելությունները ավանդույթ կդառնան։ Սոնա ՄԱՐԳԱՐՅԱՆ, թատերախմբի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ-ռեժիսոր. - Ասեմ, որ մեր համալսարանական թատերախումբը երկար տարիներ է, ինչ գործում է։ Այն ստեղծվել է համալսարանի հետ, 16 տարի առաջ։ Ներկայացումը կոչվում է ՙԵվ նրա անունը կին է՚, որը և նախանշում է բովանդակությունը։ Այն մենք նվիրել ենք Արցախի կանանց ու մայրերին։ Դա մի պատմություն է կանանց կյանքի մասին՝ տարբեր իրադրություններում, կյանքի տարբեր ժամանակներում, տարբեր տարիքներում։ Սրանք տարբեր պատմություններ են այն մասին, թե ինչպիսին է կինը, երբ ուրախանում է, երբ տխրում է, երբ միայնակ է, երբ ուժ է ձեռք բերում, երբ մայր է դառնում, գիտի՝ երբ պիտի խոսի, երբ պիտի լռի, և այլն, և այլն։ Ինձ թվում է՝ մենք փորձել ենք մի հայացք նետել կնոջ հոգեկան աշխարհին, նրա կյանքին, պատմությանը։ Շատ ուրախ ենք, որ դահլիճը ներկայացումն ընկալեց այնպես, ինչպես մենք ենք նախատեսել։ Մեր թատրոնը Արցախ եկավ շատ հուզիչ պահի, երբ սահմանում լարվածություն էր, ցանկանում ենք Հայաստանին, Արցախին, աշխարհի կանանց ու մայրերին խաղաղություն։ Մարդիկ պատերազմ չեն ուզում, վիշտ ու տխրություն չեն ուզում. սա է ներկայացման գերխնդիրը։ Բավականին մեծ լիցքեր, տրամադրվածություն, հույզեր եղան երկուստեք՝ բեմում և դահլիճում։ Անկեղծ ասած, մինչև ներկայացումն սկսելը շատ անհանգիստ էինք։ Շատ երկար ենք նախապատրաստվել միջոցառմանը։ Շնորհակալ ենք հանդիսատեսին՝ ջերմ ընդունելության համար։ Կարծում եմ, սա մեր հանդիպման վերջին առիթը չէ։ Արցախ այցելելը կլինի շարունակական, այն ավանդույթ կդառնա՝ հատկապես տարվա այս ժամանակաշրջանում ։ 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ