[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՑ ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Հայոց մեծ երկրաշարժի 27-րդ տարելիցի կապակցությամբ Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հ. 1 հիմնական դպրոցում անցկացվեց բաց դաս-միջոցառում, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ՙՍՊԱրԾ՚ ՊՈԱԿ¬ի գործադիր տնօրենի տեղակալ Արկադի Գրիգորյանը, բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Հայկանուշ Եսայանը, մայրաքաղաքի դպրոցների ուսուցիչներ, դպրոցականներ:

Ինչպես տեղեկացանք, Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի և ՙՍՊԱրԾ՚¬ի միջև ձեռքբերված պայմանավորվածությամբ մշակվել է սեյսմիկ պաշտպանության վարքականոնների ուսուցման ժամանակացույց, որի համաձայն քաղաքի բոլոր դպրոցների աշակերտներն իրենց ուսուցիչների հետ պարբերաբար լինում են ծառայությունում` մասնակցելու ուսուցողական դասընթացներին: Դպրոցականները ոչ միայն ծանոթանում են կայանի կառուցվածքին, աշխատանքներին, այլև մասնակցում գործնական պարապմունքներին: Նպատակն է ` սովորողների գիտակցությանը հասցնել, որ ապրելով սեյսմավտանգ գոտում, պետք է տիրապետել երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններին: Միջոցառումն սկսվեց մեկ րոպե լռությամբ` Սպիտակի երկրաշարժին զոհ գնացած հազարավոր անմեղ մարդկանց հիշատակին հարգանքի տուրքով: Մասնակիցները 6-9-րդ դասարանների սովորողներն էին, որոնք միջոցառման անմիջական կազմակերպիչներ, դպրոցի աշխարհագրության ուսուցիչներ Հասմիկ Միքայելյանի և Սուսաննա Օհանյանի ղեկավարությամբ ներկայացրին բեմագիր, որն ուղեկցվեց տեսաֆիլմերի ցուցադրմամբ: Զուգահեռաբար տեղեկատվություն տրվեց Հայաստանի տարածքում տարբեր դարերում տեղի ունեցած ահեղ երկրաշարժերի և մասնավորապես 88-ի մեծ երկրաշարժի, նրա պատճառած մարդկային ու նյութական կորուստների, աշխարհի տարբեր երկրներից ձեռք մեկնած օգնությունների, մի խոսքով` բնական աղետի դաժանության և մարդկային անսահման գթասրտության մասին: Առանձնահատուկ ընդգծվեց մեծ հայի` Շառլ Ազնավուրի ցուցաբերած օգնությունը. երկրաշարժից անմիջապես հետո նրա հիմնած ՙԱզնավուրը Հայաստանին՚ բարեգործական հիմնադրամը բարոյական ու նյութական մեծ աջակցություն էր աղետից տուժածներին: ՙՔեզ համար, Հայաստան՚ երգի նրա թողարկած տեսահոլովակը, Անրի Վերնոյի և Ֆրանսիայի նշանավոր երգիչ-դերասանների մասնակցությամբ, վաճառվեց ռեկորդային` 2 մլն օրինակով, որի ամբողջ հասույթը փոխանցվեց Աղետի գոտուն: Դպրոցականների ներկայացրածն ուղեկցվում էր երկրաշարժի տեսարանների տեսացուցադրմամբ և նրանց կողմից հուզիչ երգ-երաժշտության կատարումներով: Միջոցառման նպատակն էր հիմնավոր դասեր քաղել այդ մեծ ողբերգությունից, որի մի պատճառն էլ թույլ տրված սխալներն էին: Օրինակ բերվեց 1989թ. Սան-Ֆրանցիսկոյի մոտ տեղի ունեցած երկրաշարժը, որի ուժգնությունը Սպիտակի երկրաշարժի ուժին էր, բայց եղավ ընդամենը 64 զոհ, այն դեպքում, երբ բնակչության քանակը և խտությունն այդ գոտում մի քանի անգամ գերազանցում էին Սպիտակի երկրաշարժի գոտուն: Ուստի շատ կարևոր է, որ բնակչությունը ծանոթ լինի երկրաշարժերից պաշտպանվելու վարքականոններին: Միջոցառումն ավարտվեց լավատեսական նոտայով: Տեսանյութում նորակառույց Գյումրին էր` փլատակներից վեր հառնած նոր դպրոցներով, մանկապարտեզներով, շենքերով, դեռևս դրանց սպասող ընտանիքներին ձեռք մեկնելու մարդկանց պատրաստակամությունը։ ՙԱյս միջոցառումը ճանաչողական և դաստիարակչական մեծ նշանակություն ունի, քանի որ մի անգամ ևս հիշեցրեց, որ անցած ողբերգություն չի լինում, կարիքի մեջ լինող մարդուն պետք է օգնել, և օգնողը մեզնից յուրաքանչյուրը պետք է լինի։ Միջոցառումը նպաստեց մատաղ հոգիներում նման հատկանիշների զարգացմանը՚,-ասաց դպրոցի նախկին տնօրեն, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռոմելա Դադայանը: 

 Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ