[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ՚. ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

 ՙՄենք ենք, մեր սարերը՚ համույթը ստեղծվել է 15 տարի առաջ՝ ընդգրկելով հանրապետությունում ապրող ու ստեղծագործող տարեց երաժիշտների ու անհատ կատարողների ներուժը։

Տարիների հետ համույթը ժանրային առումով որոշ փոփոխություններ է կրել՝ շատ անգամ կապված գեղարվեստական ղեկավարի նախասիրությունների հետ, իսկ 2012 թվականին այն կրեց ՙՄենք ենք՝ մեր սարերը՚ հնչեղ անունը ու ստացավ երգի, պարի պետական համույթի կարգավիճակ։ Համույթն անցած տարիներին զգալի աշխատանք է կատարել հայ երգարվեստը քարոզելու և զարգացնելու ուղղությամբ, և որոնումները խմբին հասցրել են կայուն վիճակի, այսինքն՝ ձևավորվել է համույթի ստեղծագործական դիմագիծը՝ տնօրեն, ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ Սլավա Ապրեսյանի, գեղարվեստական ղեկավար, ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ Գարրի Ավանեսյանի, երգի մասի ղեկավար Վիտալի Ղազարյանի ջանքերի շնորհիվ։ Համույթն իր 15-ամյա գործունեության ընթացքում հայկական ժողովրդական երգարվեստը քարոզել է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքներում, մարզերում, գյուղական բնակավայրերում։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության հայաշատ վայրերում, Իրանում, Վրաստանում, Մերձբալթյան հանրապետություններում, Սփյուռքի մեր հայրենակիցներին է մատուցել հայ երգի ու պարի հմայքը, նպաստել հայրենիքի հանդեպ սիրո և կարոտի պահպանմանը։ Համույթի ղեկավարությունը ավանդույթ է դարձրել պաշտպանության բանակի զորամասերում հանդես գալը։ Տեղին է նշել, որ համույթի որոշ անդամներ մասնակցել են արցախյան գոյապայքարին, արժանացել կառավարական պարգևների։ Համույթը մասնակցել է համահայկական ու միջազգային տարբեր փառատոների, ստացել բազմաթիվ գովասանագրեր ու շնորհակալագրեր, արժանացել հանդիսատեսի բարձր գնահատականին ու համակրանքին։ Դեկտեմբերի 8-ին և 9-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ ՙՄենք ենք, մեր սարերի՚ տոնական համերգը՝ նվիրված 15-ամյա հոբելյանին։ Համերգին ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը։ Համերգային ծրագիրը բաղկացած էր մի քանի մասից՝ ղարաբաղյան ազգագրական, սիրո, կատակ¬երգեր ու պարեր, երգեր, նվիրված Արցախյան ազատամարտի հերոսներին ու հայոց բանակին, իսկ մի մասն էլ հավերժացրեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը՝ հնչեցնելով հայրենասիրական, ֆիդայական երգեր ու պարեր։ Համերգն սկսվել է ՙՂարաբաղյան էսքիզներով՚. ՙխաղիկները՚ կատարել են Վիտալի Ղազարյանը, Անահիտ Հովսեփյանը, Սեդա Ծատրյանը։ Գուրգեն Գաբրիելյանի մշակումներից հնչեցին ՙԱյան ըմ՚, ՙԱրկանք՚, ՙԱյայի օրհնանքը՚ երգերը։ Համույթի երգացանկում իր կայուն տեղն ունի ՙԹուրնավ հացը՚, որի խոսքն ու երաժշտությունը գրել է Գարրի Ավանեսյանը։ Չմոռանանք նշել, որ երգն արժանանում է ունկնդրի ջերմ վերաբերմունքին։ Վիտալի Ղազարյանը սիրված երգիչ է ոչ միայն Ղարաբաղում։ Նրա յուրաքանչյուր մուտքը բեմ ուղեկցվում է բուռն ծափողջույններով։ Նրա լավագույն կատարումներից էր ՙԿալին երգը՚, որը մտնում է ՙՂարաբաղյան էսքիզներ՚ շարքի մեջ։ Սիրո և կատակ¬երգեր բաժնում հնչել են ՙՀայ աղջիկ Ղարաբաղի՚-ն (մենակատար՝ Վիլեն Սարուխանյան) և ՙՆազան աղջիկ՚-ը։ Ստեփանակերտի Սայաթ¬Նովայի անվան քոլեջի շրջանավարտ Մարինե Ղահրամանյանը հիանալի կատարեց Արցախյան ազատամարտի հերոս Շահեն Մեղրյանին նվիրված երգը, իսկ ՙՁոն հայոց բանակին՚ և Մոնթե Մելքոյանին նվրված երգերը ներկայացրեց համույթը։ Տոնական համերգին առանձին շուք հաղորդեցին ԼՂՀ վաստակավոր գործիչ Արտաշես Եսայանի (դուդուկ) և Աշոտ Մուսայելյանի (զուռնա) երաժշտական համարները (ՙՀայկական ժողովրդական մեղեդիներ՚)։ Հայրենասիրական, ֆիդայական երգեր շարքից կատարվեցին ՙՍիփանասար՚, ՙՀայոց քաջեր՚, ՙՄուշ երկիր պապական՚, ՙՎերցուք տղերք հրացան՚, ՙՎրեժ՚ ստեղծագործությունները՝ մենակատարությամբ Վիտալի Ղազարյանի և Մարինե Ղահրամանյանի։ Նշենք, որ կատարումներին մի առանձին երանգ էր հաղորդում պարային խումբը (պարուսույց՝ Գ. Ավանեսյան)։ Տոնական համերգը ավարտվեց գուսան Բագրատի հայտնի ՙՋան Ղարաբաղ՚ երգով։

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ