[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻՆ

Տարիներ չեն անցել այն օրից, երբ տաղանդավոր արձակագիր Լևոն Խեչոյանը հյուրընկալվել էր Արցախում, ՙԳրիգւր Նարեկացի՚ պետհավատարմագրված համալսարանում հանդիպում ունեցել մտավորականության, գրական ընտանիքի, ուսանողության հետ։

Դեռ թարմ է հանդիպման տպավորությունը, առժամանակ հետո ցավն ու ափսոսանքը մահվան առթիվ։ Ճշմարիտ արվեստագետն ապրում է ժամանակի մեջ, ժամանակից առաջ անցնելով, ժամանակներն իրար կապելով։ Լևոն Խեչոյանի 60-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթը բացվեց վերոհիշյալ հանդիպումից հատվածների ցուցադրությամբ։ Լևոն Խեչոյանի համար Արցախը, հայոց աշխարհն առհասարակ, եղել է կենսակերպի առանցք։ Նա գրչի անխոնջ մշակ էր, հայրենիքի նվիրյալ զինվոր, մարդ, ում ներկայությունն զգացվում է իր գործերում, ելույթներում, իր ասված գնահատանք-խոսքերում։ ՙՆորարար գրող՝ արձակի ժանրում և միշտ արդիական՚,- այսպես բնութագրեց Խեչոյանին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ Վարդան Հակոբյանը։ -Դժվարությամբ եմ լծվում իմ խոսքին՝ վաղաժամ հեռացավ։ Որպես գրականության մարդ՝ չեմ կարողացել պարզել Լևոն Խեչոյան երևույթի գոնե տեսանելի սահմանները։ Մենք դեռ ՙտաք՚ ենք, և չգիտենք, թե ինչ հզոր անհատականություն է հեռացել մեր շարքերից՚։ Այնուհետև ԼՂՀ ԳՄ նախագահը նշեց նրա արձակի առանձնահատկությունը։ Ասաց, որ երիտասարդ էր, երբ եկավ Արցախ...իր բառի, բանի, խոսքի հետ։ Մասնակցեց ազատամարտին, ՙՄհերի դուռը՚ վեպը սկսեց գրել, երբ դեռ ռազմի դաշտում էր՝ դյուցազնականը և իրականը դնելով մեկ հարթության վրա։ Բանախոսը նաև զուգահեռ անցկացրեց նրա ու Եղիշե Չարենցի միջև, ով նույն այդ տարիքում մասնակցել է հեղափոխությանը, գրել է ՙԴանթեական առասպելը՚, իսկ Խեչոյանը՝ ՙՍև տարի, ծանր բզեզ՚-ը։ Նա եկավ ավելի ազնիվ դարձնելու բառը, որը նրա մոտ ձեռք է բերում մետաֆորային իմաստ։ ՙԽնկի ծառը՚ նորույթ է հայ գրականության մեջ։ Բառի դինամիկա, դրամատիզմ, դեպի Զոհրապ ձգվող շառավիղ, այս ամենը փիլիսոփայական հանդերձի մեջ,- Խեչոյանը Տիգրան Մեծի Հայաստանի, հոգևոր Հայաստանի դասական է, որ իր ապրած ժամանակում չգնահատվեց։ Արձակագիր Կիմ Գաբրիելյանը ավելի քան երկու տասնամյակ ընկերություն է արել Խեչոյանի հետ, մի ամբողջ գիտական աշխատություն է գրել նրա մասին, պաշտպանել թեկնածուական թեզ։ Նա ջերմ հուշեր պատմեց ընկերոջ մասին, ապա հակիրճ բնութագրեց նրա ողջ ստեղծագործությունը՝ համարելով, որ Խեչոյանը դեռ ուսումնասիրության մեծ տարածք ունի գրականագիտության համար։ Խեչոյանի ՙԽնկի ծառերը՚ լույս տեսան պատերազմից անմիջապես հետո և ստիպեցին խոսել իր մասին։ Դա սովորական գյուղագրություն չէր, նա փրկեց Ջավախքի նկարագիրը, որն իր ծննդավայրն էր, գրականություն բերելով մի տարածք, ուր գոյատևում են գերդաստաններով։ Ադրբեջանական մամուլը տպագրեց նրա ռուսերեն թարգմանված պատմվածքները, քանի որ նրա մեջ տեսել էին ճշմարիտ գրողի, ով հակառակորդին որպես թշնամի չի ներկայացնում։ Լևոն Խեչոյանը, բնավորությամբ համեստ մարդ լինելով, չէր սիրում հարցազրույցներ տալ, բայց արցախյան լրատվության միջոցների հանդեպ բարեհաճ էր, սիրով լի։ Լրագրող Նվարդ Ալեքսանյանը տարբեր առիթներով հանդիպելով նրա հետ, գրի է առել նրա մտորումները կյանքի, գրականության մասին, որի արդյունքում ծնվել են հրաշալի հարցազրույցներ։ Նվարդ Ալեքսանյանի ելույթը և վերլուծություն էր, և գնահատում, և հիշատակի խոսք։ Գրող, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը կանգ առավ արձակագրի ՙՄհերի դուռ՚ գրքի վրա, գրականությունը համարելով կուլտուրա, քաղաքականություն, էպոսը՝ հայոց սահմանադրություն. ՙԱրժանապատիվ ժողովուրդը ունենում է արժանի առաջնորդ,- ասաց բանախոսը։ -Էպոսի Մհերը Արցախի խաղաղության ճակատամարտի առաջնորդն է՚։ Լավ գիրքը միշտ գտնում է իր ընթերցողին։ Լևոն Խեչոյանը պահանջված գրող է։ Միջոցառմանը ներկա էր ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը, ով Խեչոյանի արձակի երկրպագուն է և իր տպավորությունները կիսեց հավաքվածների հետ։ Նրա կարծիքով՝ գրողը իր բոլոր ստեղծագործություններում լուծում է գոյաբանական խնդիր, ներկայացնում մաքառում, կյանքի և մահվան պայքար։ 

Նվարդ Սողոմոնյան