[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ԿԱՄԵՐԱՅԻՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՆԱԽԱԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՄԵՐԳՈՎ

 Դե, իհարկե, ինչպե՞ս կարող է Արցախի պետական կամերային նվագախումբը գնալ արձակուրդի առանց Նոր տարվան և Ծննդյան տոներին նվիրված համերգի:

Բայց որ մաեստրո Մուրադյանը բեմում հայտնվեց ամանորյա դիմակահանդեսային գլխարկով, միանգամից պարզ դարձավ, որ հանդիսատեսը բազում այլ անակնկալների ականատեսը կլինի։ Առաջին անակնկալը պարգևեց փոքրիկ ջութակահար Ալեքսանդրա Հայրապետյանը, ով, չնայած մանուկ հասակին, բավականին վարպետությամբ նվագեց Ա. Վիվալդիի ջութակի համար a-moll Կոնցերտի առաջին մասը: Իսկ Հայդնի Մանկական սիմֆոնիայի կատարմանը մասնակցող բազմաթիվ մանուկ-երաժիշտներ պարզապես խանդավառություն հաղորդեցին դահլիճին: Մեծ տպավորություն թողեց արցախցի երգչուհի Գոհար Ալեքսանյանը` ՙՄոնա Լիզա՚ և ՙSammer time՚ հանրահայտ ու սիրված ջազային երգերի գեղեցիկ, աննման կատարումներով: Ակորդեոնահար Անատոլի Մկրտչյանն աշխույժ պարային տրամադրություն հաղորդեց Աստոր Պիացոլայի ՙWomen՚ և ՙLiber Tango՚ ստեղծագործությունների կատարումներով: Հայաստանից հրավիրված երիտասարդ քանոնահարուհի, ՙՎերածնունդ՚ միջազգային մրցույթ-փառատոնի ՙԳրան Պրի՚-ի, Սայաթ-Նովայի անվան հանրապետական մրցույթի մրցանակակիր Սոնա Գրիգորյանը հանդիսատեսին մեծ հաճույք պարգևեց ՙՌուսական մեղեդիների՚ և Պագանինիի ՙՎարիացիաներ՚-ի նուրբ և վիրտուոզ նվագով: Եվ անշուշտ, այս ամենն առանց Արցախի կամերային նվագախմբի ինչպե՞ս կարող էր գեղեցիկ շունչ ստանալ: Ռուբեն Ալթունյանի հայկական պարեղանակների մշակումները հուզիչ, խրոխտ ու համոզիչ էին հնչում նվագախմբի կատարմամբ: Ավանդույթի համաձայն՝ Յոհան Շտրաուսի հանրահայտ ՙՌադեցկի մարշ՚-ով նվագախումբը հանդիսավոր կերպով ավարտեց համերգը։ Խմբի անփոփոխ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Գևորգ Մուրադյանի, ինչպես նաև նվագախմբի տնօրեն, դաշնակահար Սիմոն Սարգսյանի ու խմբի ողջ կազմի նվիրական աշխատանքն է, որ ի զորու է այս ամենը կյանքի կոչելու: Մաեստրո Մուրադյանի հավաստմամբ՝ իր ստեղծագործական կյանքում արցախյան հատվածն ամենակարևորն է: Ոչ միայն կռվի դաշտում, այլև մշակութային ասպարեզում Արցախը պետք է առաջնագծում լինի, համոզված է նվագախմբի ղեկավարը: Պատշաճը հատուցենք խմբին՝ բոլորանվեր աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի, նորանոր ուժերի ներգրավման համար։ Նվագախումբը բազմաթիվ համերգներով երաժշտասեր հանրությանը գեղագիտական հաճույք է պարգևում, իր ակտիվ մասնակցությամբ հարստացնում Արցախի մշակութային կյանքը: 

 Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ