[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐԶԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ՏԱՐԻՆ ԱՐԳԱՍԱԲԵՐ ԷՐ

Նոր տարվա նախաշեմին նաև մարզաշխարհի ներկայացուցիչներն են ի մի բերում  իրականացվածն ու բացթողումները: Անցնող մարզական տարվա ձեռքբերումների ու հետագա անելիքների շուրջ է մեր հարցազրույցը ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության սպորտի վարչության պետ Աշոտ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

 - Ավարտվում է 2015-ը, ինչո՞վ այն առանձնացավ մեր մարզիկների համար: Տարվա ընթացքում ուրախացնո՞ղն է շատ, թե՞՝ հակառակը: 

- Լավ տարի էր, ոչ քիչ ձեռքբերումներ ունեցանք. արցախցի մարզիկները բազմաթիվ հանրապետական, հայաստանյան եւ միջազգային մրցումների են մասնակցել, որոնք առանձնանում էին իրենց կազմակերպվածությամբ եւ բարձր մակարդակով: Մեզ համար ամենակարեւորն ու հետաքրքիրը միջազգային մրցումներն էին, որտեղ հաղթանակներ ձեռք բերեցինք` մեծ հաջողությամբ հանդես գալով միջազգային մրցաշարերում: Ասեմ, որ մեր մարզիկները 2016-ին ութ անգամ մասնակցել են աշխարհի տարբեր առաջնությունների: Պատանիների և մեծահասակների առաջնություններում մեր երկու մարզիկներ գրավել են առաջին, երկուսը` երկրորդ և  5 հոգի՝ երրորդ հորիզոնականները: Արցախցի 7 մարզիկներ երկու անգամ հաջողությամբ  մասնակցել են նաև աշխարհի գավաթի խաղարկություններին, որոնց ընթացքում երկու մարզիկներ արժանացել են  առաջին կարգի մրցանակների: Տարվա ընթացքում տեղի ունեցած Եվրոպայի հինգ առաջնություններին ևս մասնակցել են մեր հանրապետության 24 մարզիկներ, որոնցից վեցը գրավել է առաջինից երրորդ տեղերը:  Չեմ ուզում անուններ նշել, քանի որ այդ ցանկը շատ կերկարի: Իհարկե, արժե խոսել նաև Համահայկական 6-րդ ամառային խաղերին արցախցի մարզիկների մասնակցության մասին, որտեղ առավել քան արժանի մասնակցություն ենք ունեցել՝ տարբեր մարզաձևերում նվաճելով 5 ոսկե, 4 արծաթե և 6 բրոնզե մեդալ:

- Ձեր կարծիքով, ի՞նչն է խթան հանդիսացել նման առաջընթացի համար:

- Այս ձեռքբերումները տարիների քրտնաջան աշխատանքի և լարված մարզումների արդյունք են: Վերջին տարիներին, պետք է ասել, արցախցի մարզիկներն առավել մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց գործին: Ինչու ոչ՝ ես  համարում եմ, որ մեր մարզիկների համար կարևոր ազդակ է նաև միջազգային առաջնություններում հաջողություններ գրանցած մարզիկներին պարգևատրելու եւ խրախուսելու  կառավարության համապատասխան որոշումը, ինչպես նաև պետության՝ մարզաշխարհի ներկայացուցիչների հանդեպ հատուկ վերաբերմունքը: 

- Ո՞ւմ եք համարում  տարվա մարզիկ:                                                                                                           

- Շնորհալի և հաջողությամբ հանդես եկող մարզիկներ շատ ունենք, սակայն  ես կնշեմ Արթուր Առուշանյանի անունը: Նա այս տարվա հոկտեմբերին Խաբարովսկում տեղի ունեցած կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունում 60 կգ քաշայինների պայքարում աշխարհի չեմպիոն հռչակվեց: Սա լուրջ ձեռքբերում է,  այդպիսի հաղթանակների անհրաժեշտություն մենք շատ ունենք:                                                              

-Ինչպիսի՞ն է շրջաններում մարզադպրոցների վիճակը: Հաջողվո՞ւմ է մարզական միջոցառումներին նաև շրջանների մարզիկների մասնակցությունն ապահովել: 

-Հանրապետության բոլոր շրջաններում գործում են տարբեր մարզաձևերի զարգացման ուղղությամբ աշխատող մարզադպրոցներ: Մենք տարեցտարի ձգտում ենք ընդլայնել գործող բաժանմունքների քանակը: Բացի այդ, յուրաքանչյուր մարզական միջոցառման ընդգրկվում են հանրապետության ոչ միայն շրջկենտրոնների, այլև գյուղական համայնքների թիմեր, հաղթողները հնարավորություն են ստանում մասնակցել նաև համահայկական և այլ միջոցառումների: 

- Ի՞նչ անելիքներ եք կարևորում, որոնք անպայման պետք է իրականություն դառնան գալիք տարում:

- Շարունակելու ենք  աշխատանքներն ըստ մեր կողմից կազմված օրացուցային պլանի: Տարվա ընթացքում նախատեսվում է մայրաքաղաքում կառուցել նոր սպորտային դահլիճներ, որոնց համար, թերևս, բարերարների միջոցներ նաև կներգրավվեն: Կշարունակվեն  զանգվածային սպորտի և առողջ ապրելակերպի քարոզչությանն ուղղված մի շարք ծրագրեր, այդ թվում՝ նաև վերականգնողական կենտրոնի հետ համատեղ իրականացվող` հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկմամբ մրցույթները, արդեն ավանդական դարձած ՙԼավագույն մարզական ընտանիք՚ և այլ մարզական ծրագրեր: 

-Ի՞նչ սպասելիքներ ու ցանկություններ ունեք` կապված նոր տարվա հետ:

-Ինչպես յուրաքանչյուր հայ, ես խաղաղություն եմ ակնկալում գալիք տարուց և, օգտվելով առիթից, շնորհավորում եմ բոլոր արցախցիների գալիք  Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Իսկ մեր մարզիկներին ցանկանում եմ նոր տարում նոր եռանդով աշխատեն, անեն հնարավորը, որպեսզի կարողանան  կրկնապատկել իրենց նվաճումները: Նորանկախ մեր հանրապետությանը շատ են պետք նման հաղթանակները: