Logo
Print this page

ՊԱՀՊԱՆԵԼ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՁԵՌՆԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ

ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար  Սլավա Ասրյանը   տարեվերջյան ամփոփիչ  մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԿԳՍ ոլորտում 2015թ. կատարված աշխատանքներին, արձանագրված ձեռքբերումներին ու բացթողումներին: Դրանք հարց ու պատասխանի  տեսքով ներկայացնում ենք  մեր ընթերցողներին։

 -Տարվա նորակառույցները:

-Շահագործման է հանձնվել 4 մանկապարտեզ, կառուցվել են նոր շենքեր Սոսում և ճարտարում, որտեղ տեղակայվել են նախկինում գործող մանկապարտեզները` առաջիկա 1-2 ամսում շահագործման կհանձնվեն 6 մանկապարտեզներ մայրաքաղաքի Ստեփգէս թաղամասում, Իվանյանում, Հադրութում, Տումիում, Ներքին Հոռաթաղում,  Քարվաճառում: Ընթանում են 4 մանկապարտեզների շինարարական աշխատանքեր, որոնք հաջորդ տարի շահագործման կհանձնվեն:

Դպրոցաշինության հարցերը շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում: Ինչպես  պետբյուջեի, այնպես էլ բարերարների կողմից հատկացված միջոցներով շահագործման են հանձնվել Մարտունու շրջանի Նորշենի նորակառույց դպրոցը,  Քաշաթաղի շրջանում Կումայրիի դպրոցը, ևս 4 դպրոցներում շինարարական աշխատանքեր են ընթանում, և 2016թ. դրանք ևս շահագործման կհանձնվեն: ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի միջոցներով վերակառուցվում է Ստեփանակերտի հ. 9 դպրոցը:

Մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում`  ՙԵզնիկ Մոզյան՚ արհեստագործական ուսումնարանը և ՀՀ ազգային ագրարարային համալսարանը  Շուշիում:

-Տարվա ամենաուրախալի իրողությունը:

-Հանրակրթության ոլորտում երեխաների թվի աճը: Ներկա դրությամբ հանրապետության հանրակրթական դպրոցներում ընդգրկված են 22618 սովորող` 947-ով ավելի նախորդ տարվա համեմատությամբ: Աճը կատարվել է տարրական օղակի ընդունելության հաշվին: Այս տարի  ունեցանք 1-ին դասարանցիների ամենամեծ թիվը` 2724, որը 316-ով ավել է նախորդ տարվանից: Ուրախալին նաև այն է, որ  այդ աճը,  քիչ տարբերությամբ,  կլինի նաև հաջորդ տարիներին:

-Ուսման որակի ապահովմանն ուղղված միջոցառումներ:

-Ե՜վ  կրթության պետական  տեսչության, և՜ ԳԹԿ¬ի կողմից կրթական հաստատություններում պարբերաբար անցկացվում են  ստուգումներ, ցուցաբերվում է անհրաժեշտ  մեթոդական  օգնություն: Տարվա ընթացքում տեսչության կողմից  համակողմանի ստուգման է ենթարկվել  28 դպրոց, ստուգվել են 4 մանկապարտեզ, 1 վարժարան, 1 արհեստագործական ուսումնարան,  30 դպրոցներում իրականացվել  թեմատիկ ստուգումներ: Նույն կարգով ԳԹԿ¬ի կողմից բոլոր դպրոցներում տարվա ընթացքում տարբեր առարկաներից տարբեր դասարաններում իրականացվել են արտաքին ստուգումներ, որոնց արդյունքներն ամփոփվում են մանկավարժական կոլեկտիվներում, և ըստ դրանց նախանշվում են հետագա անելիքները: 

-.Սովորողների գիտելիքների զարգացմանն ուղղված քայլեր:

-Այդ առումով լուրջ խթան են առարկայական օլիմպիադաները: 2015թ. ևս դպրոցականները բավականին ակտիվ են մասնակցել  օլիմպիադաներին. հանրապետական փուլում ունեցանք 373 մասնակից, որից 64-ը պարգևատրվեց նախարարության պատվոգրերով, խրախուսվեց դրամական միջոցներով, նրանցից  74-ը  մասնակցեց ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաներին, որոնցից 32-ը գրավեց մրցանակային տեղեր կամ արժանացավ գովասանագրի: Տարվա ընթացքում պարբերաբար կազմակերպվել են շարադրությունների մրցույթներ:  Հատկապես կառանձնացնեի  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, ապահովվել է բոլոր կրթական հաստատությունների ակտիվ մասնակցությունը: Առաջին անգամ անցկացվել է ՙՊատանի ասպետ՚ մրցույթը, որի նպատակը հայրենագիտական գիտելիքների յուրացումն է, ինչպես նաև բանակ-դպրոց-հասարակություն կապի ամրապնդումը: Դպրոցականների գիտելիքների զարգացմանն են ուղղված նաև ինտելեկտուալ խաղերը, ասմունքի, ՙՏարվա լավագույն աշակերտ՚ մրցույթները, այլ միջոցառումներ: 

-Տարվա գլխավոր նորույթը:

-Արհեստագործական ոլորտում բեկումնային էր  ՙԵզնիկ Մոզյան՚ ուսումնարանի բացումը` ֆրանսիական մոդելով, ժամանակակից սարքավորումներով, ուսումնական հագեցած պլաններով։

Մյուսը՝ ՙԹումո՚ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն է, որտեղ արդեն արտադպրոցական կրթություն է  ստանում 900 երեխա: 

-Նորություններ օրենսդրական դաշտում:

 - Փոփոխություններ են կատարվել ՙԿրթության մասին՚ ԼՂՀ օրենքում: Հիմնական շեշտը դրվել է կրթության հավասար պայմաններ ապահովելու`  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառական կրթության հարցերի վրա:

2015թ. հստակեցվել է  դպրոցների կարգավիճակը. բոլորը դարձել են ՊՈԱԿ-ներ,  դպրոցներում ստեղծվել են խորհուրդներ,  2016թ. նախատեսվում է իրականացնել դպրոցների ղեկավարների հավաստագրման գործընթաց, որին հետևելու է խորհուրդների միջոցով  դպրոցների տնօրենների ընտրությունը:

-Թվեր և փաստեր մարզական ոլորտից: 

-Կառանձնացնեի դպրոցականների հանրապետական սպարտակիադաները, որոնց հաղթողները մասնակցել են ՀՀ դպրոցականների սպարտակիադաներին: Սպորտի վարչության կողմից ևս կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ տարբեր տարիքային խմբերի մասնակցությամբ: Ֆեդերացիաների հետ իրականացրած համատեղ աշխատանքը բավականին լուրջ հաջողություններ է արձանագրել:  2015թ. Հայաստանի, Եվրոպայի և աշխարհի  մրցաշարերի առաջնություններում  մեր մարզիկները մասնակցել են 138 անգամ(1265 հոգի): Ընդհանուր առմամբ, 113 մարզիկներ գրավել են առաջին տեղը, 106-ը` երկրորդ, 122-ը` երրորդ մրցանակային տեղերը:

Տարեվերջին լավագույն մարզիկները   պարգևատրվում  են ԼՂՀ նախագահի կողմից, ինչը խթանում է սպորտի զարգացումը  հանրապետությունում:

-Տարվա ամենամեծ խնդիրը:

-Ունենալ որակյալ  ուսուցչական համակազմ: Մինչև յուրաքանչյուր դպրոց չունենա իր որակյալ ուսուցիչները, չի կարող հաջողություններ արձանագրել: Կենսաթոշակի  անցնելու հանգամանքով պայմանավորված՝ լավագույն մանկավարժներին արժանի փոխարինողների խնդիր ունենք: Այդ ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում: Այս գործում մեծ է նաև մանկավարժական կոլեկտիվների և հասարակության դերը երեխաներին դեպի մանկավարժական մասնագիտություններ կողմնորոշելու գործում: Նույնը նաև մեր  բանակի համար անհրաժեշտ սպայական կազմ պատրաստելուն է վերաբերում: 

-Տարվա մաղթանքը:

-Պահպանել լավատեսությունն այն բոլոր ձեռնարկումների նկատմամբ, որոնցով ամբողջանում ու նոր իմաստ են ստանում մեր իղձերն ու նպատակները:

Սուրբ Ծննդյան խորհուրդը մեզ ապավեն, և թող նոր տարում բոլորի տներում լինեն անսպառ լույս ու ջերմություն:

ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.