[ARM]     [RUS]     [ENG]

ԴԵՊԻ ՆԵՐԿԱՆ ԱՐՇԱՎՈՂ ԳԱԼԻՔԸ

Երբեմն հարցնում են` գրողի համար կա՞ լավագույն ժամանակ:

Իսկ արդյո՞ք գրողը կարող է տեղավորվել ստույգ ժամանակի մեջ. նա մերթ անցյալում է, մերթ ներկայում, իսկ ոչ հազվադեպ` դեգերում է ապագայի տեսլականներում: Նա ավելի շատ ապրում է ուրիշի կերպարների տեսքով, քան սեփական երևույթի մեջ: Չէ, դա նման չէ դիմակներ հագնելուն, քանզի դիմակի տակ պատսպարվում են, մինչդեռ ուրիշի կերպարով ապրելը ոչ այլ ինչ է, քան ինքն իրեն տառապանքի մատնել: Մի’ փորձեք, սակայն, տեսնել գրողի տառապանքը, այն տիեզերական նյութից է` որևէ ֆիզիկական կամ քիմիական ռեակցիայի չենթարկվող: Անշնորհակալ զբաղմունք է, հիրավի, ամեն ինչին նայել գեղեցիկը տեսնելու մղումով. այդպիսի դիտվածքը մարդուն կտրում է իրականությունից: Երևի դրա համար է, որ գրչի մարդը տրամադրության հաճախակի փոփոխություններ է ունենում` անկումներ և վերելքներ: Վերելքներ և անկումներ: Ահա և նորից տարեմուտ է` հերթական մի հանգրվան, որտեղից կարող ես և՜ առաջ նայել, և՜ հետ: Բայց որևէ հանրագումար չի կարող ամբողջական արտացոլել քո կենսական իրացումը. եթե քեզ առաջվա հետաքրքրասիրությամբ չեն ընթերցում, ուրեմն նաև չեն լսում քեզ: Գրողի խոսքը: Ի՞նչ է դա` ուղե՞րձ, մտորո՞ւմ, աղո՞թք: Որակեք ինչպես կուզեք, միևնույն է, այն ավելի պահանջված չէ, քան առօրյա գոյությունդ: Մնում է հուսալ, որ դեպի ներկան արշավող գալիքը` 2016-ի տեսքով, ավելի լավն է լինելու` անխռով, բարեկեցիկ, արդարամետ: Եվ երկրիդ վրա ամպերը չեն սևանալու, հայրենիքիդ սահմանները հսկող զինվորդ շարահրապարակում հպարտ ՙՅարխուշտա՚ է պարելու, գյուղացիդ բերքի առատությունից բերկրալու է, ուսուցիչդ` իմաստնանալու, չպտղավորվածդ` պտղավորվելու, մանուկդ` անհոգ քրքջալու… Թող այդ ամենը 2016-ին անպայման լինի: Եվ մի կարևոր բան էլ` թող նոր տարում գիրք կարդացողը շատանա, որովհետև, Թոմաս Ջեֆերսոնն է ասել` այն մարդը, ով ընդհանրապես ոչինչ չի կարդում, ավելի կրթված է, քան այն մարդը, ով միայն լրագրեր է կարդում: Իսկ եկող տարում և այդուհետ մեզ ուսյալ մարդիկ ավելի շատ են պետք գալու: Շնորհավո’ր Ամանոր:

Կիմ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Գրող