[ARM]     [RUS]     [ENG]

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՍԻՐԱՇՓՈԹ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՐԱՏՈՎ

Ն Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր գործունեության 83-րդ թատերաշրջանում ներկայացավ Մարկ Կամոլետիի ՙՖրանսիական սիրաշփոթ՚ երկու գործողությամբ կատակերգության առաջնախաղով:

Դեկտեմբերի 16-18-ը կայացած առաջնախաղն այնքան մեծ հաջողությամբ անցավ, որ հանդիսատեսի խնդրանքով թատերախումբն այն շարունակեց ներկայացնել նաև դեկտեմբերի 23-24-ը: Եվ կրկին դահլիճը` լեփ-լեցուն: Մի նկատառում. վաղուց մեր թատրոնում բեմադրված ներկայացումները նման մեծ հետաքրքրություն չեն առաջացրել: Փաստ, որ հեշտությամբ ցրեց երկար տարիների ընթացքում ձևավորված կարծիքն առ այն, թե ստեփանակերտցիների սերը դեպի թատերարվեստ նվազել է, այն էլ` էապես, ահա թե ինչու դահլիճը ներկայացումների ժամանակ դատարկ է լինում, լավագույն դեպքում` կիսադատարկ: ՙՖրանսիական սիրաշփոթ՚-ը շփոթված կարծիքի մշուշը հեշտությամբ ցրեց։ Փորձենք պարզաբանել, թե ինչպես...

Նախ` տեղեկացնենք, որ բեմադրության և երաժշտական ձևավորման հեղինակը  երիտասարդ, բայց արդեն փորձառու ռեժիսոր Մարիա Կարապետյանն է, բեմանկարչությունը` Արցախի հայտնի նկարիչ Ռոբերտ Ասկարյանի: Դերասանական խմբում ընդգրկված էին թատրոնի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ` Աշոտ Սարգսյան (Բեռնար), Մարիաննա Գևորգյան (Ժակլին), Դավիթ Ղահրամանյան (Ռոբերտ), Անի Սաղյան (Սյուզաննա), Մարիա Խաչատրյան (Սյուզետտա), Էդվարդ Դավթյան (Ջորջ): Գուցե, դերասաններին ոգևորել է ոչ միայն երիտասարդ սրտերին հոգեհարազատ սիրային խառնաշփոթը, այլ նաև այն, որ ներկայացմամբ նշանավորվեց թատրոնի ժամանակավոր դահլիճի բացումը Մշակույթի և երիտասարդության պալատում: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Ն. Աղաբալյանի համոզմամբ՝ մինչ թատրոնի շենքի հիմնանորոգումն այդ դահլիճն աշխատելու, թատերական միջավայր ստեղծելու և նորանոր հաջողությունների հասնելու լավ հնարավորություն է խոստումնալից երիտասարդների համար:

Համաձայնվեք, ըստ թատերական չգրված օրենքների, հաջողված բեմադրությունը վերագրվում է դերասանների հաջողված խաղին, իսկ ներկայացման անհաջողությունը` ռեժիսորի ոչ պատշաճ աշխատանքին: Այնինչ, գիտենք, որ  հաջողությունն ու անհաջողությունը գլխավորապես պայմանավորված են ռեժիսորի աշխատանքով: Անշուշտ՝ նաև դերասանների անսամբլային խաղի ներդաշնակությունից: Եվ մեծ ու փոքր շատ իրողություններից ու  հանգամանքներից...

Բեմադրության ռեժիսոր Մարիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ հարցազրույցը լույս սփռեց նրա գեղագիտական սկզբունքների, ներկայացման հաջողության գաղտնիքների ու  բաղադրիչների վրա:

- Մարիա, ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ` սիրո թեման: Հեշտ է աշխատել նման թեմայի վրա՞, թե՞...

- Շատ հանգամանքներ խառնվեցին իրար: Պահանջ կար` նոր շունչ, թեթևություն հաղորդել թատերական կյանքին: Երևանից՝ Պարոնյանի անվան երաժշտության և կոմեդիայի թատրոնի մեր գործընկերներին խնդրեցի նման թեմայով մի քանի պիես ուղարկել: Եվ կանգ առանք այս պիեսի վրա: Այո, արդեն թարգմանված: Ոչ, ես ինձ վրա չեմ վերցնի նման խնդիր, դրա համար սցենարիստի ունակություն, գիտելիքների մեծ պաշար պետք է ունենալ: Գրիչը ոչ բոլորին է լսում: Ըստ էության՝  թեթև այս պիեսը շատ բնորոշ է ֆրանսիական մշակույթին, հատկապես` թատրոնի և կինոյի ասպարեզին: Ինչ խոսք, նաև պահանջ կար շահութաբեր ստեղծագործություն բեմադրել: Այո, շատերն էին մեզ դիմում խնդրանքով՝ որ հերիք է լուրջ թեմաներ շոշափել: Ես նրանց հասկանում եմ, մարդիկ կտրվել են ուզում ոչ դյուրին առօրյայից: Իր աշխուժությամբ, թեթևությամբ, դինամիկ ռիթմով այս պիեսը տեղ չի տալիս ձանձրույթին: Դերասաններն էլ մեծ ոգևորությամբ ընդունեցին:

- Նախկինի համեմատությամբ այս դահլիճի փոքրությունը անհարմարություններ չի՞ առաջացնում:

- Սկզբում թվում էր, որ շատ փոքր է, բայց հետագայում սովորեցինք։

.- Ճիշտն ասած, պիեսի բովանդակությանը ծանոթ չեմ, բայց բեմադրությունը դիտելուց` պիեսի ավարտը թվաց ոչ թե ֆրանսիացու, այլ, ավելի շուտ, հայ մարդու էությանն ու հոգեբանությանը, արժեքային համակարգին բնորոշ խրատ: Սիրային եռանկյունիների իրար անընդհատ ներխուժումներից, հայտնի ու չհայտնաբերված երկու ամուսինների երկուստեք դավաճանություններից նրանք իրենց առաջվա սիրո  մեջ ավելի կոփված, ավելի ամուր ընտանիք պահպանելու ցանկությամբ դուրս եկան...

- Այո, պիեսն իրականում բազմակետեր է վերջում թողնում, իսկ ես որոշակի ավարտի բերեցի: Կուզենայի, որ ընտանիքի գաղափարն ավելի գերիշխող լինի մեր հայ հասարակության մեջ: Ցավով եմ լսում կազմալուծման շատ դեպքերի մասին: Կարծում եմ՝ իր բացասական դերն է խաղում համացանցն իր լավ ու վատ կողմերով: Պիեսում և՜ կինը, և՜ տղամարդը դավաճանության ՙքաղցրությունն՚ են ցանկանում վայելել: Բայց մեկը մյուսի դավաճանությունը բացահայտելով` հասկանում են, որ անտարբեր չեն իրար հանդեպ, և... նախկինում իրենց սրտերը պարուրող սերը նոր ուժով է վեր հառնում: Ահա դրանում է, ընտանիքի պահպանման վերաբերյալ է իմ ՙներխուժումը՚ պիեսի սյուժե:

- Տպավորիչ էր երիտասարդ դերասանների խաղը, թեկուզ և զգացվում էր հուզմունքը: Ինչպե՞ս եք  գնահատում նրանց խաղը: Գո՞հ եք, թե՞, ըստ Ձեզ, կատարելագործվելու տեղ դեռևս կա:

- Գոհ եմ, որ նրանք ձգտեցին հասնել հոգեբանորեն համոզիչ խաղի՝ չունենալով կյանքի սեփական փորձ, այսինքն` ընտանիք, ամուսնական հարաբերությունների  պաշար: Դժվար էր հենց այդ պահը՝ դերասանին հասցնել համոզիչ  խաղի: Խոստովանեմ, ինձ համար ևս դժվար էր նրանց ճիշտ ուղղություն ցույց տալ, քանի որ դավաճանող ամուսնու կերպարը հեռու է իմ էությունից: Այո, օգնության եկան ֆիլմերը, գրքերը, ավագ ընկերների խորհուրդները՝ չափազանց գնահատելի  աշխատանքի ընթացքում: Մյուս կողմից էլ, թատրոնը հենց այն վայրն է, որտեղ վերապրելով, կերպարանափոխվելով, կարող ես հասնել կերպարի լիարժեք արտահայտման: Այո, գոհ եմ, բայց նաև չասեմ, որ եզրափակիչ կանգառին հասանք: Քանի որ ամեն անգամ բեմ դուրս գալուց դերասանը մի նոր գույն, նոր երանգ է գտնում` բացահայտելու կերպարը: Ասեմ ավելին, բեմադրումը չավարտվող մի գործընթաց է: Այս ներկայացումը երեք ամսում հանձնեցինք, և դեռ կան պահեր, որ շտկելու, զարգանալու տեղ ունեն: Թատրոնն, ի տարբերություն կինոյից, ունի այդ հնարավորությունը: Թե՜ ռեժիսորի և թե՜ դերասանների կողմից ներկայացման ներկապնակն անընդհատ հարստանում է: Բեմադրությունը նոր ծնված  երեխայի, աճող մարմնի պես հասունանում է փուլերով:

- Այսպես ասած՝ երկնքից իջնենք երկիր: Այդյո՞ք, այս ներկայացումը եկամուտ բերեց:

- Պատկերացրեք, հանդիսատեսի ակնհայտ շարժ կար: Ներկայացման բոլոր օրերին էլ դահլիճը լեփ-լեցուն էր: Ճիշտ է, այն  մեծ չէ, այնուհանդերձ...

- Ո՞րն է հաջողության գրավականը:

- Կարծում եմ, հմտավարժությունը: Ներկայացման մեջ ընդգրկված բոլոր դերասաններն էլ անցել են ճիշտ ուսման ընթացք` ստուդիայից մինչև ինստիտուտ: Օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել, որ Արցախում Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի մասնաճյուղի բացումը մեծ դեր ունեցավ, մեծ արդյունք տվեց: Ինչպես ծառն ես տնկում, ջրում, աճեցնում ու արդյունքում պտուղը վայելում, նույն կերպ էլ այդ մասնաճյուղի գործունեությունն է մեր թատրոնի համար:

- Ասում են՝ հաջողությունը հաջողություն է բերում: Նախատեսվու՞մ է նոր ներկայացում Ձեր բեմադրությամբ:

- Այո: Բայց եկեք առայժմ չխոսենք դրա մասին՝ մինչև այն իրականություն չդառնա:

 

 Սուսաննա ԲԱԼԱՅԱ