[ARM]     [RUS]     [ENG]

ՙՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ ՄԵՐ ԳՈՐԾԸ ԿԱՏԱՐԵՆՔ ԲԱՐԵԽՂՃՈՐԵՆ՚

Շրջկենտրոնի Վ.Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանը գործում է 1973 թվականից: Նրա ներկայիս տնօրեն Ռաշիդ Բաբայանը մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է, ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

 1979-1992թթ. Ռ.Բաբայանն ուսումնարանում աշխատում էր որպես մասնագիտական առարկաների գծով ուսուցիչ, 1993-95թթ.՝ արտադրական ուսուցման վարպետ, 2008-2014թթ.՝ ավագ վարպետ: 2015թ. հունվարին նա նշանակվել է ուսումնարանի տնօրեն:Ռ. ԲԱԲԱՅԱՆԻ հետ հարցազրույցը շոշափում է 2014-2015 ուստարում կատարված աշխատանքները:

- Պարոն Բաբայան, վերջերս լրացավ տնօրենի պաշտոնում Ձեր գործունեության մեկ տարին: Ի՞նչ փոփոխություններ են եղել կրթօջախում այս ժամանակահատվածում:

-2014-15 ուստարում ուսումնարանը թողարկել է 4 խումբ` տրակտորիստների, ավտովարորդների, վարսահարդարների և դերձակների, թվով 90 շրջանավարտ: Այժմ ուսումնարանում գործում է 14 խումբ, որից 4-ը` մեկ, 10-ը` երեք տարվա ուսուցմամբ: Նախորդ տարվա համեմատ ավելացել է սովորողների թիվը: Այսօր այն հասնում է 219-ի:Որոշակիորեն լուծվել են սովորողների տեղափոխման և ուսումնարանի  նյութատեխնիկական բազայի համալրման խնդիրները:

- Այսօր ի՞նչ հիմնահարցեր ունի ուսումնարանը:

- Կրթօջախը համալրված է համապատասխան մասնագետներով՝ այն ունի 57 աշխատող:Մեր հիմնական խնդիրը շենքային անմխիթար վիճակն է։ Շենքը 1930-ական թվականների կառույց է: Նախկինում օգտագործվել է որպես մսուր-մանկապարտեզ: Բարեգործական հիմունքներով և պետական աջակցությամբ ժամանակի ընթացքում բարելավվել են ինչպես շենքային պայմանները, այնպես էլ նյութատեխնիկական բազան: Մասնաշենքի որոշ մասեր վերանորոգվել են, սակայն  վերակառուցման կարիք ունեն: Ուսումնական գործընթացում իրեն զգացնել է տալիս  մասնագիտական գրականության պակասը:

-Ի՞նչ հիմքերի վրա է գտնվում ուսումնադաստիարակչական գործընթացը:

- Բավարար: Այն փորձում ենք առավել արդյունավետ կազմակերպել: Առանձնակի ուշադրություն ենք դարձնում կարգապահությանը: Պարբերաբար ստուգվում է սովորողների հաճախումը: Ամեն կերպ փորձում ենք նվազագույնի հասցնել բացակայությունները: Սովորողի համար իր արտադրական ուսուցման վարպետն, ուսուցիչն այն բարձրագույն աստիճանն է, ում կուզեր նմանվել որպես մասնագետ և որպես մարդ: Ուստի մեր արժանապատիվ պահվածքից և մասնագիտական կարողություններից շատ բան է կախված հետագայում սովորողի հասարակության մեջ որպես մարդ և մասնագետ ինտեգրվելու համար:Ուսումնարանում գործում են տրակտորիստների, ավտովարորդների, եռակցողների, սալիկապատողների, համակարգչային օպերատորների, դերձակների, վարսահարդարների խմբեր: Փորձում ենք լիարժեք մասնագետներ պատրաստելով՝ օգտակար լինել մեր պետությանը:Ունենք ուսումնարանն ավարտած արհեստավորներ, ովքեր աշխատում են տարբեր բնագավառներում և իրենց աշխատանքային բարձր ցուցանիշներով զարդարում են տվյալ հիմնարկությունը: Նրանք տրակտորիստներ, կոմբայնավարներ, ավտովարորդներ, փականագործներ, եռակցողներ են և այլն:Մեր տարածաշրջանում յուրաքանչյուր գործընթաց (աշխատանքային թե անձնական) կախված է սահմանում կանգնած զինվորից: Իսկ վաղվա զինվորը նաև մեր ուսումնարանի սանն է: Հետևաբար մեր կատարած աշխատանքը վաղը կանդրադառնա սահմանի ամրությանը, զինվորի բարոյահոգեբանական վիճակին:Գտնում եմ, որ յուրաքանչյուրս մեր գործը պետք է կատարենք բարեխղճորեն, այնպես, որ ամոթ չզգանք մեր տունը պաշտպանող զինվորի առաջ: 

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ ք. Մարտունի