[ARM]     [RUS]     [ENG]

ՙԻՄ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ ՍՈՎՈՐԵԼ ԵՄ ԵՎ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ՚

Բոլորեց ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության  կրթության պետական տեսչության պետ, վաստակավոր մանկավարժ Սոս ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ 65 տարին:

Այդ առթիվ՝ մեր հարցազրույցը:

- Պարոն Արզումանյան, նախ՝ թույլ տվեք շնորհավորել Ձեզ՝ հոբելյանի առթիվ և առաջին հարցն ուղղել. ի՞նչ են տվել Ձեզ  65 տարիները: 

- Շնորհակալություն շնորհավորանքի համար: Այդ  տարիների ամեն օրն ինձ ինչ-որ բան տվել է` սկսած նախադպրոցական տարիքից, երբ եղել եմ ծնողների դաստիարակության ներքո, շրջապատի ուշադրության կենտրոնում: Դպրոցական տարիներ, որ իմ կյանքի  ամենահիշարժան, ամենաուրախ ժամանակներն էին: Այնուհետև հաջորդել է երիտասարդության շրջանը, որ  իմ վերելքի տարիներն էին այն առումով, որ, սիրելով մանկավարժական մասնագիտությունը, նպատակ ունենալով դառնալ ուսուցիչ, արել եմ այն ամենը, ինչ պետք է լավ մասնագետ դառնալու համար: 

Ինստիտուտն ավարտելուց հետո  սկսել եմ մանկավարժական գործունեությունս իմ հայրենի Հին Թաղեր գյուղում, որի հետ կապված եմ անմոռանալի հուշերով: Եվ ուրախ եմ, որ այնտեղ աշխատած չորս տարիներն իմ գյուղի համար եղել են օգտակար, ու մինչև հիմա վայելում եմ  համագյուղացիներիս սերն ու հարգանքը, որոնց գնահատականն ինձ համար ամենակարևորն է: Երբ, ընտանեկան հանգամանքներով պայմանավորված` տեղափոխվեցի Ստեփանակերտ, ստացվեց այնպես, որ աշխատանքս այստեղ սկսեցի  ոչ թե ուսուցչությունից, այլ դպրոցական տեսչի պաշտոնից` մինչ այդ  մեկուկես տարի աշխատելով Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնում՝ որպես լաբորանտ: Իմ 65 տարիների  դրականի համար ես պարտական եմ նաև նրան, որ մանկավարժական ինստիտուտում բախտ եմ ունեցել լինել մեթոդիկայի կաբինետի լաբորանտ, որտեղ դասեր էր վարում երջանկահիշատակ Սարգիս Արամյանը: Այդ մեծատառով Մարդը և մանկավարժը կարողացել է տեսնել ու վերհանել իմ մեջ եղած մանկավարժական լավագույն հատկանիշները: Մի քանի ամիս անց ինձ հարցրեց` եթե դպրոցում տեղ լինի, կգնա՞ս աշխատելու: Պատասխանեցի` հաճույքով, ես  կոչումով ուսուցիչ եմ: Բայց այն ժամանակ ուսուցիչների մեծ հերթ էր, Ստեփանակերտում միայն 1000 հոգի հերթում էին: Ցավոք, հիմա ոչ միայն հերթ չունենք, կայացած ուսուցիչներն էլ քիչ են,  մի շարք առարկաներից ուսուցիչների դեֆիցիտ կա, ու շատ դեպքերում թափուր տեղերի համար հայտարարված մրցույթները չեն կայանում՝ ցանկացողների բացակայության պատճառով: 

1979թ. սկզբին քաղժողկրթբաժնի դպրոցական տեսչի տեղ բացվեց, և Ս. Արամյանն իմ թեկնածությունը տվեց: Իմ 65 տարիների մեջ, եթե տեսակարար կշռով հաշվելու լինենք, Բոլոնյան համակարգի տերմինով՝ ամենաշատ կրեդիտները հավաքել եմ 1979-89թթ., երբ եղել եմ Ստեփանակերտ քաղաքի  դպրոցական տեսուչը: Այդ տարիներին ինձ բախտ է վիճակվել աշխատել ճանաչված, վաստակաշատ շատ մանկավարժների հետ, որոնք կային քաղաքի բոլոր դպրոցներում: 

 1985թ.  ստացել եմ  Ժողկրթության գերազանցիկի կրծքանշան: Այդ տարիներն ինձ համար եղել են մեծ փորձառության շրջան: Այժմվա նման չէր. ձեռքի տակ չկար  գրականություն,  ռուսական գրականությունից (այն ժամանակ կար դպրոցական տեսչի տեղեկագիր) ես հայերեն մշակել և ամեն անգամ դպրոց մտնելիս թերթում էի այն: Ու այդ տարիներին իմ ձեռքբերած ճանաչումն այդ 10 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունք է: Հետագայում ուրիշ աշխատանքներ, պաշտոններ եմ վարել. արհմիություններում եմ 7 տարի աշխատել, որից 5-ը` կրթության, մշակույթի և սպորտի աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահի պաշտոնում: Սա էլ կրկնակի է դարձրել իմ շփումը ամբողջ մարզի մասշտաբով: 

Դրանից հետո մեկ տարի` 1994-95թթ. աշխատել եմ որակավորման ինստիտուտում` որպես ֆիզիկայի դպրոցական կաբինետի վարիչ, որտեղ ռեկտորը Հենրիկ Գրիգորյանն էր: Երբ վերջինիս նշանակեցին կրթության և գիտության նախարար, նա ինձ նախարարությունում աշխատանք առաջարկեց, և արդեն 21-րդ տարին է` այստեղ եմ` սկզբում որպես մասնագետ, գլխավոր մասնագետ, կրթության և գիտության վարչության պետ, իսկ  տեսչություն ստեղծվելուց հետո` 2007 թվականից՝ այս կառույցի ղեկավար  (նշեմ, որ այդ տարիներին զուգահեռաբար աշխատել եմ քաղաքի տարբեր դպրոցներում՝ դասավանդել ֆիզիկա):

  65 տարիներն ինձ համար եղել են  սովորելու, սովորեցնելու, սովորեցնելով սովորելու, աճելու, զարգանալու տարիներ,  միշտ փորձել եմ անել իմ ուժերի առավելագույն  չափով։ 

Ես իմ ամբողջ կյանքում փառամոլ չեմ եղել, բայց միշտ էլ մի ձգտում եմ ունեցել՝ հանձնարարված գործը կատարել պատասխանատվության բարձր զգացումով ու որակով: Եվ 60-իս շեմին արժանանալով ԼՂՀ վաստակավոր մանկավարժի կոչման` ինձ շատ շոյված զգացի, բայց ինչ-որ տեղ էլ մտքերի մեջ ընկա՝ արդյո՞ք արժանի եմ այդ կոչմանը. չէ՞ որ ինձանից առաջ եղել են ավելի մեծ մանկավարժներ, որոնք այդ կոչմանը չեն արժանացել: Այս վերջին տարիներին մի տեսակ հեշտացել է վաստակավորի կոչում ստանալը: Մեր կառավարությունը, փորձելով ուսուցիչների դերը բարձրացնել, այդ հարցին ավելի շատ  ուշադրություն է դարձնում, և շատերին է այդ կոչմանն արժանացնում: Լավ է, որ շատերն են ստանում հիմա, բայց պետք է ձգտել կոչմանը արժանի լինել:

 Այդ  վեցուկես  տասնամյակում ամեն ինչ հարթ չի անցել, դժվարություններ շատ են եղել, ես ուրախ եմ, որ կարողացել եմ հաղթահարել,  չընկճվել, մենակ չլինել: Ես ինձ համարում եմ մեր 5000 ուսուցիչներից մեկը: Պարզապես երջանիկ եմ, որ նրանց մեծ մասին ճանաչում եմ և արժանանում նրանց հարգանքին:   

- Ամեն մասնագիտություն ունի իր հետաքրքիր կողմերը: Դուք Ձեր տիկնոջ՝ ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Սուսաննա Ներսեսյանի հետ բառի ամենաիսկական իմաստով ձեզ նվիրվել եք կրթւթյանը: Ըստ Ձեզ, որո՞նք են ձեր մասնագիտության հրապուրիչ կողմերը: 

-.Այնպես է ստացվել, որ ես ու իմ կողակիցն ուսուցչի ընտանիքում ենք մեծացել, մեր հայրերը`  Ռուբեն Արզումանյանը և Գուրգեն Ստեփանյանը,  ճանաչված մանկավարժներ են եղել: Մանկավարժի մասնագիտության հետաքրքիր կողմերը մեր մեջ սերմանել են ընտանիքում: Ամբողջ կյանքում շփվել երեխաների հետ՝ մեծ երջանկություն է: Երբ գիտակցում ես, որ քո գործը միտված է ապագա սերնդի ուսուցմանն ու դաստիարակությանը, ոգևորվում ես: Գուցե հենց դա՞ է մանկավարժի մասնագիտության հետաքրքիր կողմը, ինչու չէ, նաև՝ ծնողական հասարակության, ընդհանրապես, հասարակության հարգանքը լավ ուսուցիչների հանդեպ: Տարիներ շարունակ դա մնում է: Մանկավարժությունն ընտրողը պետք է մտածի՝ կկարողանա՞ ինքը հրապուրվել ու հրապուրել իր առջև նստած երեխաներին, սեր առաջացնել դեպի այս կամ այն մասնագիտությունը, դաստիարակել ճիշտ` հասարակությանը պիտանի քաղաքացիներ:  Ամենահետաքրքիր կողմն էլ դա է:  

- Այսօր ուսուցչի գործը դադարել է գրավիչ լինելուց: Ըստ Ձեզ՝ որո՞նք են պատճառները:

- Դրանք շատ են, ամենակարևորը թերապահովությունն է: Ուսուցչի աշխատավարձով, առանձնապես տղամարդիկ, չեն կարող ընտանիք պահել: Ուսուցչի սոցիալական հարցը պետական քաղաքականության մաս պետք է կազմի: Որոշ քայլեր արվում են, բայց համալիր միջոցառումների կարիք կա: 

- Այսօր համակարգի գլխավոր խնդիրներից մեկը կրթության որակի բարձրացումն է: Ձեր տեսակետը:

-  Կան դպրոցներ, որոնցում որակը ցածր է, իսկ դրանք շատ են` պայմանավորված երկու հանգամանքով. դպրոցն ունի մանկավարժների պակաս (նույնիսկ չեմ ասում` լավ մանկավարժների), ոչ միայն պիտի ունենանք բարձրակարգ ուսուցիչներ, այլև՝  որակյալ մանկավարժական հանրույթ. մեկ-երկուսով չի որոշվում որակը: Եթե դպրոցներում ամեն առարկայից լինի գոնե մեկ բարձրակարգ ուսուցիչ, որի շուրջ  միավորվեր մասնախումբը, և լինեն պատասխանատու տնօրեններ, կարելի է հասնել լավ արդյունքների: Ցավոք, լավ տնօրենի հարցը նույնպես մեզ մոտ լուրջ է: Ես` որպես տեսչապետ, ցանկացած կրթական հաստատության աշխատանքում տեղ գտած թերությունների 70-80 տոկոսը վերագրում եմ տնօրեններին, որոնք աշխատանքը պատշած մակարդակով չեն կազմակերպում, իրենց չեն շրջապատում կարող մասնագետներով: Մինչև դա չլինի, որակի մասին խոսելն ավելորդ է: Որակը մեր ամենահուզող հարցն է: 

- Տեսչությունը, որը ղեկավարում եք Դուք, ուսուցիչների հետ ամենօրյա շփումների մեջ է. ստուգում է նրանց աշխատանքը, մեթոդական օգնություն ցուցաբերում: Ինքներդ ինչպե՞ս կգնահատեիք դա: 

- Տեսչությունն էլ  ունի խնդիրներ: Նոր կառույց է, գոհ եմ, որ հիմքերը իմ գլխավորությամբ են դրվել: Փորձել եմ բոլոր հնարավորություններն օգտագործել, որ կառույցը կայանա: Ըստ իս, դա հաջողվել է: Բայց ասել, թե իդեալական է, բոլոր տեսուչներն իրենց գործն անում են լիարժեք՝ ճիշտ չէր լինի: Փորձառու տեսուչները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց փորձը տալու երիտասարդ տեսուչներին, բայց որպեսզի վերջիններս կայանան ու  լիարժեք տեսուչ դառնան, դեռ շատ պիտի աշխատեն: Տեսչությունը պետք է աշխատի միայն ու միայն ազնիվ նկատառումներով, ազնիվ մոտեցմամբ: Այս խնդիրն  ինձ ամենից շատն է անհանգստացնում: Իմ խոսքը նրանց միշտ այն է, որ աշխատեն այնպես, որ մանկավարժական կոլեկտիվներում հարգանք ունենան: Աշխատանքի ծավալը մեծ է, համալրման կարիք ունենք, կամ էլ անհրաժեշտ է տարածքային կառույցներ ստեղծել շրջվարչակազմերի ԿՍ բաժիններում, օրենքը թույլ է տալիս: Այդ առաջարկությունն արել ենք:

 - Ունե՞ք սկզբունք, որով առաջնորդվում եք:

- Իմ սկզբունքն է՝ լինել սկզբունքային: Իմ սկզբունքը պատասխանատվության բարձր զգացումն է, կատարողական կարգապահությունը, անկողմնակալ վերաբերմունքը բոլոր մանկավարժների հանդեպ, իրերն իրենց անունով կոչելը: 

- Եթե Ձեզ կյանքը նորից սկսելու հնարավորություն տրվեր, ի՞նչը կսրբագրեիք:

 - Կձգտեի ավելին անել, ավելի օգտակար լինել, իհարկե, էլի ընտրելով մանկավարժությունը: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ