ԴԺՎԱՐ ՏԱՐՎԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տարեսկիզբը հոգևոր-մշակութային կյանքում նշանավորվեց երկու կարևորագույն իրադարձությամբ՝ ՙԱրցախյան գորգարվեստ՚, ՙՏոհմածառ՚, ՙԱզգային պար՚ մրցույթների ամփոփման հանդիսավոր արարողությունը հունվարի 13-ին և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե ԱՂԱԲԱԼՅԱՆԻ մամուլի ասուլիսը՝ հունվարի 20-ին։
Երկու միջոցառումներն էլ լրացնում կամ շարունակում են իրար՝ գաղափար տալով կամ ամբողջացնելով հանրապետության հոգևոր-մշակութային կյանքի դիմագիծը. այն է՝ ազգային ինքնության հաստատում, պահպանում, ազգային մշակույթի նկատմամբ հասարակության շրջանում հոգատար վերաբերմունքի ամրապնդում, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանում, ազգային ավանդույթների վերականգնում, որը նաև ռազմավարական նշանակություն ունի։ Եթե առաջինը՝ մասնակիորեն, ապա երկրորդն ամբողջապես ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության 2015թ. գործունեության հաշվետվությունն էր։ Ասուլիսում նաև տեսանելի ուրվագծվեցին 2016-ի գերակա ուղղությունները, խնդիրները, անելիքները։Նախարարը նախևառաջ նշեց, որ անցած տարին աշխարհաքաղաքական զարգացումներով և մշակութային առանձնահատկություններով բարդ էր, բայց դժվարությունները հաղթահարվել են, քանի որ Արցախյան գոյապայքարի տարիները սովորեցրել են դիմագրավել ցանկացած մարտահրավերի։ Իսկ վերջին տարիներին նախարարության կողմից նախանշված գերակա ուղղությունները մնացել են անփոփոխ, փոխվել են շեշտադրումները, որոնք քայլ առ քայլ բացահայտվեցին նախարարի զեկուցման մեջ։ Կատարված աշխատանքները ներկայացվեցին ըստ գերակա ուղղությունների։ Մշակութային ժառանգության ուսումնասիրման, պահպանման, հանրահռչակման նպատակով 2015թ. Արցախի մշակութային կյանքի առանցքային իրադարձություններից համարվեց Գանձասարի վանական համալիրում Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղ՝ ՙԳանձասար՚ գիտամշակութային կենտրոնի բացումը, որտեղ ներկայացված են վաղ միջնադարից մինչև նոր շրջանն ստեղծված 100-ից ավելի ձեռագրեր, հազվագյուտ ընդօրինակություններ, հին գրքեր։ Անցած տարում լիբանանահայ արվեստագետ Հարություն Թորոսյանն Արցախի պատմաերկրագիտական թանգարանին է նվիրել հայկական դրամների բացառիկ հավաքածու՝ 168 նմուշներից։ Համալրվել են Շուշիի կերպարվեստի, երկրաբանության, պատմության պետական թանգարանների մշտական ֆոնդերը։ Ձեռք են բերվել Արցախի մշակույթին և ազգագրությանը վերաբերող արխիվային փաստաթղթերի լուսապատճեններ, 6 մանրակերտեր։ Ազգային ավանդույթներն արժևորելու և սերնդեսերունդ փոխանցելու նպատակով Արցախում առաջին անգամ իրականացվել են ՙԺենգյալով հաց՚ և ՙԽնոցի՚ փառատոները, որոնք միտում ունեն դառնալու ավանդական։ Նախարարությունը շարունակել է աջակցություն ցուցաբերել արհեստագործ վարպետներին։ Առաջին անգամ կազմակերպվել է ՙՆաղաշ՚ մշակութաժամանցային ծրագիրը, որի նպատակն է վաղ հասակից արցախցի երեխաներին հաղորդակից դարձնել ազգային մշակույթին։ Մշակութային ծրագրերի շրջանակներում համագործակցություն է հաստատվել արտասահմանյան 18 երկրների հետ։ Նախարարը 2015թ. առանձնացրեց երկու աննախադեպ ծրագրեր, որոնց միջոցով ընդլայնվել են համագործակցությունը և կապերն այլ երկրների հետ։ Դրանք են՝ ՙՖրանսիական օրերն Արցախում՚ և ՙԱրցախի օրերը Մոսկվայում՚։ Տարվա ընթացքում հանրապետության մշակութային կոլեկտիվներն ու անհատ կատարողները մասնակցել են ՀՀ-ում և արտերկրում կազմակերպված փառատոների ու այլ ծրագրերի։ Անցած տարվա կարևոր նվաճումներից է երկու մանկապատանեկան նվագախմբերի ստեղծումը՝ Արցախի պետական նվագախմբին և Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջին կից։ Ժողգործիքներինն արդեն ելույթներ է ունեցել ՙՏնջրե՚ միջազգային փառատոնի շրջանակներում։ Կրթական ոլորտում կատարված բարեփոխումների արդյունքում 30 նոր դասարաններ են բացվել արվեստի դպրոցներում, նրանց մասնաճյուղերում, համայնքներում (2015թ.), իսկ աշակերտների թիվն աճել է 688-ով, դասատուներինը՝ 24-ով։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշվեց մշակութային և երիտասարդական տասնյակ միջոցառումներով։ ՙՀրատարակչական ծախսեր՚ ծրագրով իրականացվել է 6 գրքի տպագրություն՝ ՙԱրցախապատում՚ մատենաշարից, ՙՏնջրե՚ 4-րդ միջազգային փառատոնի գրքույկ, ՙՇուշին՝ հայ մշակույթի օջախ՚ գիտաժողովի նյութերի ժողովածու։ Ինչ վերաբերում է երիտասարդական պետական քաղաքականությանը, այն նպատակաուղղված է եղել ինքնիրացման ու երաշխիքների ապահովմանը, նախաձեռնողականության խթանմանը, արժեքային կողմնորոշման դաշտի ձևավորմանը, համահայկական և միջազգային համագործակցության զարգացմանը։ Երիտասարդության շրջանում ազգային արժեքային կողմնորոշման ամրապնդման, երիտասարդության ռազմահայրենասիրական, հոգևոր¬մշակութային, առողջ ապրելակերպի դաստիարակության, բանակ¬հասարակություն կապի ամրապնդման ծրագրի շրջանակներում կազմակերպվել է 93 միջոցառում, որից 23-ը՝ ՊԲ զորամասերում, 63-ը՝ շրջաններում և մայրաքաղաքում։ Երիտասարդության դաստիարակությանն են ուղղված եղել մի շարք միջոցառումներ. մասնակցություն դեպի Գարեգին Նժդեհի գերեզմանը կազմակերպված ուխտագնացությանը, Մոնթե Մելքոնյանի ծննդյան տարեդարձին նվիրված արշավին։ Կազմակերպվել են դաս¬արշավ Շուշիի ազատագրման ռազմագործողության 3 ուղղություններով, ՙՃանաչենք մեր հայրենիքը՚ խորագրով արշավ (Քարին տակ) և այլն։ Արցախում գործող հասարակական կազմակերպությունների կողմից նախարարությանը ներկայացվել են 13 ծրագրեր, որոնցից ութն արժանացել է փորձագիտական հանձնաժողովի հավանությանը և ֆինանսավորվել։ Նախարարության գերակա ուղղություններից էր երիտասարդության շրջանում ընտանեկան արժեքների քարոզչությունը։ Այդ նպատակով ամռանը Մարտունու շրջանի Թաս¬գետ ժամանցային գոտում կազմակերպվել է ՙԸնտանեկան ճամբար¬2015՚¬ը՝ մասնակցությամբ մայրաքաղաք Ստեփանակերտի, շրջանների, նաև ՀՀ Սիսիան քաղաքի 23 ընտանիքների։ ՙԵրիտասարդության խոցելի խմբերին հասարակությանն ինտեգրման՚ ծրագրի շրջանակներում ապահովվել է սահմանափակ կարողություններով 20 երիտասարդների մասնակցությունը Սևանա լճի ափին կազմակերպված ճամբարին, ինչպես նաև Սիսիան քաղաքում կազմակերպված համահայկական Ծաղկի փառատոնին։ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԱՆԵԼԻՔՆԵՐ Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ խոսք եղավ ոլորտում առկա խնդիրների մասին, ինչպես նաև ուրվագծվեցին 2016-ի գործունեության (և՜ մոտակա, և՜ հեռահար) որոշ ծրագրեր։ Մայրաքաղաքն առայսօր չունի կինոյի տուն, որը կարող է դառնալ երիտասարդ և մատաղ սերնդի ժամանցի վայր։ Ինչպես նախորդ, այս մամուլի ասուլիսի ժամանակ ևս հնչեց Վ. Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի շենքի հարցը։ Նարինե Աղաբալյանը նշեց, որ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատը զբաղվածության պատճառով չի կարող ապահովել ակտիվ կինոցուցադրություն։ Խնդիրը կլուծվի, երբ ՙՕկտյաբր՚ նախկին կինոթատրոնի տեղում կառուցվի մշակութային համալիր։ Հովանավորն արդեն հայտնի է՝ մոսկվաբնակ գործարար Սամվել Կարապետյանը։ Ինչ վերաբերում է մայր թատրոնի և Արցախի պատմաերկրագիտական թանգարանի շենքերին, երկուսն էլ օրակարգում են, նախարարության չլուծված խնդիրներից առաջնայիններից են, շարունակվում են հովանավորների փնտրման աշխատանքները։ Երկուսի նախագծերը պատրաստ են, թատրոնինը արել է Արթուր Մեսչյանը, թանգարանինը՝ Մամիկոն Ֆարսյանը։ Ի դեպ, 2016-ին կաշխուժանա թատերական կյանքը, կլինեն նոր բեմադրություններ։ ԼՂՀ կառավարությանը կից գործող Ազգային փոքրամասնությունների և կրոնի բաժինը այժմ գործում է նախարարության ենթակայությամբ, նախանշված են շատ ծրագրեր, և բաժնի գործունեությունը բավականաչափ կխթանվի։ Կհրավիրվեն նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնց առաջարկները հաշվի կառնվեն։ Աղանդավորությունը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, և նրա դեմ պայքարը պետք է տանել այլ կերպ, ակտիվացնելով աշխատանքները հոգևոր քարոզչության ոլորտում, ավելի շատ կազմակերպել ազգային արժեքներ կրող միջոցառումներ։ Խոսք եղավ հանրապետության գյուղական որոշ բնակավայրերի մասին, որոնք կտրված են կենտրոնից և կարծես թե մշակութային ու տեղեկատվական վակուումի մեջ են։ Նախարարը համաձայնվեց արտահայտված կարծիքին՝ պատճառաբանելով, որ որոշ գյուղական համայնքներում համերգային ծրագրերի համար հարմարություններ չկան, որ համույթները գերադասում են հանդես գալ ինչ¬որ չափով հարմարավետ բեմահարթակներում, որ իրավիճակը շտկելու համար կկազմվեն ժամանակացույցներ՝ նման գյուղերի ընդգրկմամբ, որ այս հարցում համայնքի ղեկավարները ևս պետք է ցուցաբերեն ակտիվություն։ Շարունակվելու է ազգային պարարվեստի քարոզման աշխատանքը, բայց պարը հանրակրթական դպրոցների ծրագրերում մտցնելու համար դեռ մասնագետներ չկան։ 2016-ին շահագործման կհանձնվի երաժշտական քոլեջի երկրորդ մասնաշենքը, իսկ սեպտեմբերին նոր շենք կտեղափոխվի երաժշտական դպրոցը։ Այս տարի մայիսի 15-ին առաջին անգամ կնշվի Ընտանիքի օրը, իսկ միջազգային նախագծերի մասին նախարարը նպատակահարմար չգտավ բարձրաձայնել։ Ն. Աղաբալյանը ի գիտություն հայտնեց, որ տարվա ընթացքում մշակութային ծրագրերին հատկացվել է 102 միլիոն դրամ, որից 36 միլիոնն ուղղվել է երիտասարդական միջոցառումների իրականացմանը։ Թիվը նույնությամբ պահպանվել է նաև 2016-ին, հավելած հովանավորչական գումարներ, որոնք լինում են ամեն տարի, և նախարարն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր կարևորում են մշակույթի դերը երկրի զարգացման ուղեծրում։ Ն. Աղաբալյանը հայտարարեց, որ տարին հոբելյանական է երկու հայկական հանրապետությունների համար, և հոգևոր-մշակութային քաղաքականությունը պետք է նախանձախնդիր և միտված լինի հայոց պետականության ամրապնդմանը և հաստատակամ՝ ընտրած ճանապարհին։
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ