Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱՀԱՍ ԲԱՐԵԽՈՍ

Հունվարի 23-ին մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում հավաքվել էին Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալներ, երիտասարդներ, մեծ թվով զինվորականներ՝ նշելու Սուրբ Սարգիս Զորավարի տոնը։

Ըստ հայկական հոգևոր տոնացույցի՝ Սուրբ Սարգսի տոնը նշվում է ոչ միայն եկեղեցական ծեսով, այլև ժողովրդական ավանդական սովորություններով։ Տոնը շարժական է, այն նշվում է հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ը, Զատիկից 63 օր առաջ։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ 2007թ. Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է որպես Երիտասարդների օրհնության օր։

Եկեղեցու բակում, նախքան արարողությունն սկսելը, հնչում է ազգային երաժշտությունը, ճեմում է...Սուրբ Սարգիսը՝ սպիտակ ձիու վրա, կարմիր թիկնոցն ուսերին։ Սրբի կերպարը բավականին հետաքրքիր ձևով մարմնավորել է Գենադի Առուշանյանը։ 

ՙՍուրբ Սարգսի տոնը ժողովրդականություն է վայելում,¬ օրհնության կարգը կատարելու ժամանակ ասաց Տեր Մինաս քահանա Մովսիսյանը։- Շարականներ են ձոնված զորավարի հիշատակին։ Սարգիսը զորական է, զինվոր, Քրիստոսի համար երանելի անձ՚։ Տեր Մինաս քահանան երիտասարդներին կոչ արեց լինել խոհեմ, նպատակասլաց, աղոթեց, որ Աստված պահպանի Արցախը, զինվորներին, որ պաշտպանում են մեր սահմանները  թշնամիներից։

Ղարաբաղի այան, որի կերպարը մարմնավորում էր Անահիտ Հովսեփյանը, շնորհավորեց տոնի առթիվ, երիտասարդներին մաղթեց սեր, ուժ, կորով, ապա կատարեց Գուրգեն Գաբրիելյանի ՙԱյայի երգ՚-ը։

ՙՄենք ենք, մեր սարերը՚ երգի¬պարի պետական համույթը հանդես եկավ ազգագրական երգերի և պարերի կատարումներով։ 

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին կից գործող ՙԱրցախի բալիկներ՚ համույթը կատարեց ազգագրական ՙՓափուռի՚ պարը։ Շուշիի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի թատերական խմբի սաները ներկայացրին կոմպոզիցիա՝ կազմված ղարաբաղյան բարբառով խաղիկներից։

Ազգագրական պարերը կատարվեցին ներկաների ակտիվ մասնակցությամբ։

Երաժշտություն, բարձր տրամադրություն, խաղեր, մրցույթներ, վիճակահանություն.  երիտասարդը, ով նույն օրը  շահել է Սուրբ Հակոբ եկեղեցում օրհնած Սուրբ Սարգսի սրբապատկերը, մյուս տարի այն կփոխանցի հաղթողին։

Միջոցառումը կազմակերպել էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Ստեփանակերտի քաղաքապետարանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի հոգևոր թեմը։

Գայանե ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԼՂՀ ՄԵՀ փոխնախարար.- Ընդհանրապես Սուրբ Սարգիսը պաշտելի  անձնավորություն է եղել հայ քրիստոնյաների կողմից։ Նա համարվում է երիտասարդների, սիրահարների  հովանավորը։ Տոնի նշումը կարևորություն է ստանում  նաև այն առումով, որ վերջին տարիներին երիտասարդության շրջանում նկատվում է հակվածություն դեպի օտար բարքեր։ Հասկանալի է, որ խորհրդային 70 տարիների ընթացքում ամեն ինչ արվել է, որ ազգը կտրվի իր արմատներից, բայց Ղարաբաղյան ազատագրական շարժումը հոգևոր զարթոնք առաջ բերեց, և մենք դարձանք մեր արմատներին։ Սուրբ Սարգիս Զորավարի տոնը արդեն ավանդույթ է դարձել։ Ըստ ավանդազրույցի՝ Սուրբ Սարգսի միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում, և այդ օրը  երիտասարդներն աղոթում են, որ կատարվի իրենց երազանքը։

Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ, ԼՂՀ ՄԵՀ ազգային  փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ.- Սուրբ Սարգիսը ոչ միայն եկեղեցական, այլև ազգային հոգևոր տոն է։ Նաև՝ Երիտասարդության օրհնության օր։ Սարգիսը գերազանց սպարապետ էր և քարոզիչ։ Նա տարածում էր քրիստոնեություն, հալածվում և իր որդի Մարտիրոսի հետ ապաստանում Հայաստանում, հետո ծառայության  անցնում Շապուհի մոտ, մերժում էր պաշտել կրակը։ Առաջինը նահատակվում է որդին, Սարգիսը բանտարկվում է, գլխատվում իր հավատքի մեջ աներեր մնալու համար։ Նահատակվում են նաև նրա 14 զինվորները։ Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սարգսի մասունքները բերում է Աշտարակի շրջան, Ուշի գյուղ, տեղում կառուցում եկեղեցի։ 5-րդ դարից ի վեր Սարգիսը սրբացվել է։ Ինչ վերաբերում է աղաբլիթին և սովորություններին, ապա դրանք գալիս են հեթանոսությունից, որտեղ մեր արմատներն են։

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ