[ARM]     [RUS]     [ENG]

ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ` ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

 

 

 

2016թ. փետրվարի 1-ին լրացավ Մարտունու մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի գործունեության 23 տարին:

Այս առիթով     հարցազրույց Կենտրոնի տնօրեն Մարինե ՊԵՏՐՈՍՅԱՆԻ  հետ, ով 1993թ. սեպտեմբերի 1-ից աշխատում էր որպես Կենտրոնի պատանի բնասերների բաժնի վարիչ, 1996թ. մարտի 11-ից`  փոխտնօրեն, 2004թ. փետրվարի 2-ից առայսօր` Կենտրոնի տնօրեն:

-Տիկին Պետրոսյան, գիտենք, որ հասարակության  կարևորագույն  արժեքներից մեկը եղել և մնում են կրթօջախները: Այդպիսիներից են ԼՂՀ-ում գործող մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնները, որոնց գործունեությունը նպատակաուղղված է   աճող սերնդի  գեղագիտական դաստիարակությանը: Այդ համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Մարտունու մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի գործունեության տարիները: 

-23 տարվա ընթացքում Կենտրոնում սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով իրականացվել են լրացուցիչ կրթադաստիարակչական աշխատանքներ, ստեղծվել են պայմաններ նրանց հետաքրքրությունների զարգացման համար, լուրջ ուշադրություն է դարձվել նրանց ստեղծագործական ունակությունների զարգացմանը և ռազմահայրենասիրական դաստիարակությանը: 

Կենտրոնն իր առաքելությունը համարել ու համարում է Արցախի  համար արժանի անհատների պատրաստումը, նրանց գեղագիտական դաստիարակության պատշաճ մակարդակով կազմակերպումը: Այդ առումով կոլեկտիվի ավելի քան երկու տասնամյակների կատարածը համարում եմ բավարար։

-Ինչպիսի՞ն էր անցած` 2015 թվականը Կենտրոնի համար: Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել այստեղ։

-2015թ. հունվարից Կենտրոնում գործել է 35 խումբ` 375 սաներով։ Կենտրոնն ունի 31 աշխատող, որից 28-ը` խմբակավար (նրանք բարձրագույն և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետներ են): Շրջկենտրոնում գործում է ՄՊՍԿ-ի 7 խումբ` գոբելենի, հելունագործության, մաքրամեի, ասեղնագործության, կարպետագործության, ուլունքագործության, կերպարվեստի: Մյուս խմբերը գործում են գյուղերում, ուր երեխաներին սովորեցնում են մաքրամե, ժանյակագործություն, շյուղագործություն, ասեղնագործություն, կար ու ձև, երգ ու թատրոն:

Մարտունու ՄՊՍԿ-ն ունի մեթոդխորհուրդ, որը կազմակերպում է բաց դասեր, փոխադարձ դասալսումներ, խորհրդակցություններ: 

2015թ. Կենտրոնում իրականացված ուսումնադաստիարակչական աշխատանքները նպաստել են սովորողների ստեղծագործական ունակությունների զարգացմանը,  կարգապահության ամրապնդմանը:

Անցած տարում Մարտունու ՄՊՍԿ-ն ակտիվ մասնակցություն է ունեցել  շրջանի հասարակական-քաղաքական կյանքին։ Կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ, ցուցահանդեսներ` նվիրված Ղարաբաղյան շարժմանը, Մարտունի քաղաքի օրվան, Հայրենիքի պաշտպանի օրերին և այլն։ 

 Մայիսյան եռատոնի առթիվ Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից կազմակերպվել է ցուցահանդես- մրցույթ, որի ժամանակ մեր սաներից Մարիամ Սաղյանը (գոբելեն), Վլադիմիր Գևորգյանը (կերպարվեստ), Մերի Ստեփանյանը (ուլունքագործություն) արժանացել են շրջվարչակազմի դրամական պարգևի: 

 ԼՂՀ հռչակման օրվա կապակցությամբ ՄՊՍԿ-ի սաներ Հենրիկ Հարությունյանը և Նարե Պողոսյանը կերպարվեստից գրավել են մրցանակային տեղեր, պարգևատրվել  շրջվարչակազմի նվերներով:

Դեկտեմբերին Կենտրոնի ասեղնագործության խմբակավար Լուսինե Ջուլֆայանը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված գորգարվեստի մրցույթում  գրավել է 1-ին տեղը`  ստացել  1-ին կարգի դիպլոմ, դրամական պարգև: 

-Ինչպե՞ս են կազմակերպվում աշխատանքները: 

-Մեր խմբակավարներն առաջնորդվում են իրենց իսկ կողմից կազմված և փոխտնօրենի կողմից հաստատված աշխատանքային պլանով, որը կազմվել է 246 դասաժամի հաշվարկով, շաբաթական 2 օր` 3-ական դասաժամով, կամ 3 օր` 2-ական դասաժամով:

Մարտունի քաղաքում գործող խմբերում սահմանված է ամենօրյա վերահսկողություն տնօրենի ու փոխտնօրենի կողմից, իսկ գյուղական դպրոցներում գործող խմբակների աշխատանքների վերահսկողությունը կատարվում է և դպրոցների տնօրենների ու փոխտնօրենների կողմից և Կենտրոնի պատասխանատուների այցելություններով: Գյուղերի խմբերի ղեկավարները յուրաքանչյուր ամիս ներկայացնում են կատարված առաջադրանքների նմուշներ, աշխատանքի կատարման մասին հաշվեմատյան` հաստատված դպրոցի տնօրենի կողմից: Դասամատյանները ստուգվում են փոխտնօրենի կողմից։ 

-Ի՞նչ խնդիր ունի Մարտունու մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի աշխատակիցը:

-Մեր հիմնախնդիրը հիմնական շենք չունենալն է:

-Ինչպիսի՞ն է կրթօջախի առօրյան։  

-Ակտիվ ստեղծագործական կյանքով են ապրում ինչպես շրջկենտրոնում, այնպես էլ գյուղական դպրոցներում գործող խմբակները: Խմբակավարների  ու նրանց սաների մոտ օրեցօր նոր գաղափարներ են ծագում իրենց աշխատանքային գործունեությունն ավելի հետաքրքիր ու իմաստալից դարձնելու համար: Աշակերտները մեծ ոգևորությամբ ու նվիրվածությամբ են հաճախում Կենտրոն: Գոհ են նաև ծնողները: Մեր մասնագետները հոգատար են, սրտացավ վերաբերմունք ունեն սովորողների նկատմամբ,  ջանք ու եռանդ չեն խնայում իրենց իմացածը նրանց սովորեցնելու գործում: Մենք աշխատում ենք թիմով, օգնում միմյանց, սովորեցնում` հանուն կոլեկտիվի հաջողության:

-Ի՞նչ ծրագրեր ունեք 2016թ. հետ կապված: 

-Պատրաստվում ենք տոնական և հիշարժան օրերին ակտիվորեն մասնակցել շրջկենտրոնում կազմակերպվելիք միջոցառումներին, հանդես գալ գեղեցիկ ու  բազմապիսի ցուցահանդեսներով:

 

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք. Մարտունի