[ARM]     [RUS]     [ENG]

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԸՆԹԱՑՔ Է ՍՏԱՆՈՒՄ

Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացման հարցով վերջերս ԼՂՀ նախագահի հետ հանդիպում ունեցավ ՀՀ նախագահի խորհրդական, ՙԱյբ՚ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանի գլխավորած  պատվիրակությունը ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանի  մասնակցությամբ։

Ինչպես մեզ տեղեկացրեց Ս. Ասրյանը, հանդիպմանը քննարկվել է Ստեփանակերտի հ. 8 ավագ դպրոցի բազայի վրա Արարատյան բակալավրիատ (ԱԲ) միջազգային կրթական ծրագրով դպրոց հիմնադրելու հարցը: Զրույցն ընթացել է այդ աշխատանքների հետագա ընթացքի շուրջ:

Առաջին փուլում շենքի վերակառուցման հարցն է դրված. այն պետք է  համապատասխանեցվի նման կարգի դպրոցի չափանիշներին: Վերակառուցված շենքը պետք է  ապահովի երեխաների կրթությունը բոլոր ուղղություններով` հայագիտական, բնագիտական, արվեստի, սպորտի: Բավականին մեծ ֆինանսական միջոցներ են պետք, և քայլեր են ձեռնարկվում անհրաժեշտ միջոցները հայթայթելու և գործընթացն սկսելու ուղղությամբ: Մեկ անգամ ևս հավաստիացվել է, որ ծրագիրն իրատեսական է, և իշխանությունների ու ծրագրի ղեկավարության կողմից որոշակի քայլեր կձեռնարկվեն նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար: Առաջիկայում կսկսվեն ուսուցիչների վերապատրաստման հետ կապված աշխատանքները, ինչն  իրականացվելու է մրցութային հիմունքներով: Կսահմանվեն բոլոր այն չափանիշները, որոնց պետք է բավարարեն այդտեղ աշխատող ուսուցիչները: Առաջիկայում հայտարարություն կտրվի մրցույթի մասին, կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, այդ թվում՝ Հայաստանից, Սփյուռքից: 2017թ. մինչև սեպտեմբեր սկսվելու է նաև աշակերտների ընդունելությունը 10-րդ դասարանից: Հ. 8 դպրոցի 11-12-րդ դասարանների աշակերտները մինչև ավարտելն ուսումը կշարունակեն նախկին ծրագրով: Այդ դպրոցում պետք է ստեղծվեն նաև հանրակացարանային պայմաններ, որպեսզի շրջաններից,  նաև այլ  պետություններից աշակերտներ ընդգրկվեն: Նախատեսվում է տարեկան մինչև 100 երեխայի ընդունելություն: Արդեն առկա են միջազգային փորձաքննության ենթարկված համապատասխան ծրագրերը: 

Ի՞նչ է իրենից ներկայացնում ծրագիրը, և ինչո՞ւ է  այն ղեկավարում հոգևոր աշխարհի ներկայացուցիչը: Դա հասկանալու համար հարկ է նաև անդրադառնալ Մեսրոպ քահանա Արամյանի կենսագրությանը: 50-ամյա այս հոգևորականն ավարտել է Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, այնուհետև` Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը` տեսաբան-ֆիզիկոսի և ինժեների որակավորմամբ: Ավարտել է նաև  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից դասարանը և ձեռնադրվել քահանա: Հիմնել և  ղեկավարում է ՙԳանձասար՚ աստվածաբանական կենտրոնը,  ՙՎեմ՚ ռադիոկայանը, ՙՎեմ-մեդիաարվեստներ՚ ստուդիան  (2010թ. թողարկել է միջազգային բազմաթիվ պարգևների ու մրցանակների արժանացած ՙԱրարատից Սիոն՚ փաստավավերագրական ֆիլմը): 2006թ. մի խումբ ընկերների հետ ստեղծել է ՙԱյբ՚ կրթական հիմնադրամը: 2011թ. այս հիմնադրամի կողմից ստեղծվել է ՙԱյբ՚ ավագ դպրոցը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն ու կրթական ծրագրերի հեղինակը Մեսրոպ քահանա Արամյանն է: 

Հիշեցնենք, որ կրթության գերազանցության ազգային ծրագրի շուրջ 2014թ. նոյեմբերին ծավալուն քննարկումներ են եղել Արցախում, իսկ մինչ այդ` Երևանում և ՀՀ մարզերում: Ծրագրի  ստեղծման դրդապատճառներն ու նպատակները հանգամանորեն ներկայացրել էր նույն ինքը՝ Մեսրոպ Արամյանը: Ծրագիրն իրականացնողներն են ՀՀ կառավարությունը և ՙԱյբ՚ կրթական հիմնադրամը: Այն ունի նաև միջազգային գործընկերներ` Քեմբրիջի համալսարանը և Լոնդոնի կրթության ինստիտուտը (ինչո՞ւ նշվածները. քանի որ  այսօր նրանք ունեն ամենաբարձր փորձառությունն աշխարհում, աշխատում են 125 երկրներում)։ Նպատակն է բարձրացնել հայկական հանրակրթության որակը, այն համապատասխանեցնել աշխարհում գործող ամենաբարձր չափանիշներին, բայց շատ կարևոր մի առանձնահատկությամբ.  այն պետք է խարսխվի մեր ազգային արժեքների վրա: 

ՙԱյբ՚ հիմնադրամի գործունեության մասին շատերը գիտեն տարաբնույթ մրցույթներից, կրթական ծրագրերից: Արդեն մեկ տասնամյակ է՝ այն Հայաստանում (նաև՝ Արցախում)  իրականացնում է ՙԿենգուրու՚, ՙՄեղու՚, ՙՌուսական արջուկ՚ միջազգային մրցույթները, ուսուցիչների համար կազմակերպում վարպետության դասեր, առարկայական խորացված դասընթացներ և այլն: Ծրագրի ղեկավարի խոսքով` փորձել են աշխարհի առաջատար տեխնոլոգիաները, ծրագրերը բերել` տեսնելու ժամանակի մեջ ինչպես են դրանք աշխատում, որպեսզի ստեղծեն 21-րդ դարի հայկական դպրոցի մոդելը: Փորձարկումներից վեց տարի անց  բացեցին ՙԱյբ՚ ավագ դպրոցն ու այնտեղ այդ բոլոր բաղադրիչները հավաքեցին մեկ միասնական պատկերի մեջ: Եվ այն, ինչ կա այդ դպրոցում, ոչ միայն գոհացուցիչ է, այլև նույնիսկ օրինակելի է համաշխարհային առումով: Սինթեզել են համաշխարհային լավագույն փորձը և մեր ակունքներից եկող իմաստնությունը ու դրա հիման վրա ստեղծել մի շատ մրցունակ համակարգ: Նրանց խոսքով` հազարից ավելի դասագրքեր են ուսումնասիրել, լավագույն դասագրքերը թարգմանվել են հայերեն, որպեսզի վստահ լինեն, որ այսօր հայ երեխան հնարավորություն ունի իր մայրենի լեզվով աշխարհի լավագույն դասագրքերով, մեթոդոլոգիաներով սովորել ու նաև հաղորդակից լինել իր ազգային-հոգևոր արժեքներին: 

21-րդ դարը դարձել է շատ մրցակցային: Եվ այսօր բոլոր ազգերի գերխնդիրն է՝ լավագույնս լուծել կրթական հիմնահարցը: Մենք` հայերս, հաճախ  ենք ասում, որ չունենք գազ, նավթ, մինչդեռ ունենք մարդկային տաղանդ: Բայց արդյո՞ք պատշած վերաբերմունք կա այդ տաղանդի նկատմամբ: Եվ դրանից բխող` հասարակությունն այսօր կրթության որակի պահանջ ձևավորո՞ւմ է, չնայած սիրում ենք ասել, թե կրթությունից է կախված մեր ապագան:

Առաջավոր երկրների փորձն ուսուցանում է, որ կյանքն այսօր ամբողջովին կախված է կրթությունից:  Այդ հիմամբ էլ Տեր Մեսրոպ Արամյանը բանաձևում է. եթե ուզում ենք իրագործելի տեսլական ունենալ, որպես ազգ՝ ապագա ունենալ, հենց այսօր պետք է մեզանից յուրաքանչյուրը հասկանա, որ ինքն իր ներդրումը պետք է կատարի կրթության մեջ, այլապես ապագայի մասին մեր բոլոր խոսակցությունները կլինեն  հաճելի ոգևորություններ: Այն իրական ընթացք ստանում է միայն այն դեպքում, երբ մենք մեր երեխաներին տալիս ենք իրենց տաղանդն իրագործելու լիարժեք հնարավորություն: ՙՉեմ ուզում փնովել մեր կրթությունը. ունենք խորհրդային տարիներից ժառանգած ձեռքբերումներ, ի վերջո՝ համակարգ ունենք դարերի խորքից եկող` մեր արժեքները, մեր իմաստնությունը և այլն։ Բայց եթե մեզանից յուրաքանչյուրն այսօր հարցնի` արդյո՞ք մեր կրթությունը համապատասխանում է մեր տաղանդին, երևի կասկածենք` դա այդպե՞ս է, թե` ոչ: Ուրեմն՝ այստեղ իսկապես մենք անելիք ունենք՚,- այս կարծիքին է նոր կրթահամակարգի ղեկավարը:

Ծրագրի հիմնական նպատակն է կարևորել ուսուցչի դերը` հասկանալով, որ լավագույն կրթության ապահովման գլխավոր  գործոնն ուսուցիչն է, և հասարակության լավագույն ուժերը ուղղորդել դեպի կրթության ոլորտ: Գաղտնիք չէ, թե այսօր ովքեր են ընդունվում մանկավարժական բաժիններ` ամենաթույլերը, մինչդեռ ճիշտ հակառակը պետք է լինի:

Ուսուցչի մեր կատարելատիպը Մեսրոպ Մաշտոցն է, և ամեն ուսուցիչ պետք է ձգտի նմանվել նրան: Բայց հայտնի է, որ մենք ուսուցիչ ենք անվանում նաև մեր Տեր Հիսուս Քրիստոսին, այսինքն` Աստված ինքն է դարձել մեր ուսուցիչը: Նշանակում է` ուսուցիչը երկրի վրա աստվածային գործ է կատարում, քանզի  մարդու հոգեկերտումն արարման մի պրոցես է և ունի աստվածային բնույթ: Պատահական չէ, որ ուսուցիչներին անվանում են առաքյալներ: Երբ հայացք ենք ծգում մեր պատմությանը, տեսնում ենք, որ ունեցել ենք այդպիսի շատ առաքյալներ՝ Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև, Հովհաննես Սարկավագ, Մխիթար Գոշ, Հովհաննես Երզնկացի, Գրիգոր Տաթևացի... Նրանք եղել են ուսուցիչներ և ուսուցչապետներ: Այսինքն՝ տաղանդ ունեցողները, որոնք կարողանում էին փոխել մարդկային հոգիները, մտել են դպրանոց և իրենց հոգու լույսերից մաս-մաս բաժին հանել ապագա սերունդ կերտելուն: Այդպես է եղել նաև  ոչ հեռու 20-րդ դարում: Հիշենք, թե ովքեր են եղել ուսուցիչներ` Աճառյան, Կոմիտաս, Հովնանյան, Մանանդյան և այլ շատ մեծեր, որոնք, լինելով գիտնական,  դասավանդել են  դպրոցում:

Եվ այս ծրագրի հիմնական նպատակն է կարևորել ուսուցչի դերը` հասկանալով, որ լավագույն կրթությունը կախված է մեկ գործոնից` ուսուցչից:

Կրթական համակարգի նորօրյա ռահվիրաները ՙԱյբ՚ դպրոցի փորձառության վրա միջազգային գործընկերների հետ ստեղծել են մի նոր կրթական համակարգ, որը կոչվում է Արարատյան բակալավրիատ: Մ. Արամյանի խոսքով՝ այն մի սինթեզ է այսօր աշխարհում գործող կրթության գերազանցության պլատֆորմների և մեր հոգևոր-ազգային արժեքների: Իրենք հետևել են լավագույններից լավագույնը վերցնելու օրինակին և ստեղծել մերը՝ հայկականը, չեն շարժվել պատճենահանումների ճանապարհով, որն ամենահեշտ բանն է, այլ ներշնչվել են  անցյալի մեր թարգմանիչների օրինակով, որոնք գնացել են աշխարհի առաջավոր երկրներում սովորել, վերադարձել և ստեղծել մեր ազգային դպրոցը, որը դարձավ մեր ինքնության շարունակականության յուրահատուկ ազգային-հոգևոր մշակույթի հիմք: Եվ ինչ-որ առումով այն հայերի համար դարձել է գոյաբանություն, քանզի դրանցով է, որ մեր ազգը գոյատևել է. կորցրել է պետականություն, ապրել ուրիշի լծի տակ, բայց ունեցել է ուժեղ կրթություն և հզոր արժեքներ ու դրանց շնորհիվ կարողացել է ոչ միայն գոյատևել, այլ նաև կանգնել աշխարհի մեծերի կողքին:

2016-ից մինչև 2019 թվականը 12 ավագ դպրոց Հայաստանում  և մեկ ավագ դպրոց Արցախում ամբողջովին կանցնեն Արարատյան բակալավրիատ, այսինքն` այդ դպրոցների կրթական ծրագիրը կլինի Արարատյան բակալավրիատը, այնտեղ կմտնեն վերապատրաստված կամ լրիվ նոր ուսուցիչներ: Վերապատրաստված ուսուցիչներն ստանալու են Արարատյան բակալավրիատի որակավորում, այսինքն` դառնալու են միջազգային որակավորմամբ ուսուցիչներ: Ծրագրի ղեկավարի տեղեկատվությամբ՝ 2019- 2023 թթ. ընթացքում Արարատյան բակալավրիատը Հայաստանում և Արցախում ընդգրկելու է բոլոր ավագ դպրոցները: Սրանով ՀՀ-ում և ԼՂՀ-ում յուրաքանչյուր երեխայի հնարավորություն է տրվելու սովորել լավագույն կրթական ծրագրերով և լավագույն ուսուցիչներով: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ