Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԵԹԵ ԻՐԱԶԵԿ ԵՍ ՈՒ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ…

ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից  հանրակրթական դպրոցների 3-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար հրատարակվել է ՙՔաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր՚ ուսումնական ձեռնարկը։

Այն  կազմել է ծառայության տնօրինությունը, ինչն էլ երաշխավորվել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից։ Ձեռնարկն օգտակար է նաև ուսուցիչներին` քաղպաշտպանության պարապմունքներին նախապատրաստվելու և դրանք անցկացնելու համար:

Ընդհանուր առմամբ՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերի ուսուցման համար հանրակրթական դպրոցներում նախատեսվում է հատկացնել 22  ժամ, որից 6  ժամը՝  3-րդ դասարանում, 8 ժամը՝ 6-րդ, 8 ժամը՝ 7-րդ դասարանում։

Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակ կարող է հանգեցնել խուճապի, ինչն էլ իր հերթին՝ արտակարգ իրավիճակի: ՙԴու միշտ կարող ես փրկել քո և ուրիշների կյանքը, եթե իրազեկ ես ու նախապատրաստված՚. նման մի շարք ասույթներով ու ներածականով սկսվող ձեռնարկը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնել քաղաքացիական պաշտպանության խնդիրներին, իրազեկել, թե  ի՞նչ է իրենից ներկայացնում այն։ 

Քաղաքացիական բնակչության պաշտպանության նպատակով իրականացվող պաշտպանական, ինժեներատեխնիկական և կազմակերպական միջոցառումների համակարգն անվանում են քաղաքացիական պաշտպանություն: Եթե բանակի հիմնական խնդիրը հակառակորդի հարձակումը կասեցնելն է, քաղաքացիական պաշտպանության առաջնահերթ խնդիրը երկրի բնակչության և տնտեսության (օբյեկտների) պաշտպանության ապահովումն  է: Այդ խնդրի կատարումը պահանջում է պատրաստել և իրականացնել միջոցառումների մի ամբողջ համալիր, որոնցից առավել կարևորը համարվում է բնակչության պաշտպանության նպատակով արվողը  (տարահանում, պաշտպանական կառույցների և անհատական պաշտպանական միջոցների ստեղծում, ազդարարման և կապի կազմակերպում, բնակչության ուսուցում, փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների կազմակերպում և իրականացում): Քաղպաշտպանության խնդիրները փոխկապակցված են և լուծվում են՝ կոնկրետ հաշվի առնելով տվյալ իրավիճակն ու առկա պայմանները:

Աշխարհաքաղաքական զարգացումներից ելնելով՝ մեծացել է քաղաքացիական պաշտպանության դերը. պատերազմական դրության ժամանակ այն ապահովում է պետական օղակների կենսագործունեությունը: Բանակի հետ միասին՝ քաղպաշտպանությունն ապահովում է երկրի թիկունքի պաշտպանվածությունը, որն իրենից ներկայացնում է պետության  տարածքն՝ իր մարդկային, նյութական ռեսուրսներով, արդյունաբերական և գյուղատնտեսական ոլորտներով, տրանսպորտային կապով, գիտական և մշակութային կենտրոններով: Այս ամենը հաշվի առնելով է ստեղծվել ուսումնական ձեռնարկը, ինչը, հիրավի, պահանջված է ու անհրաժեշտ։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ