[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՑԻ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ

Փետրվարի 25-ին Երևանի խուլ ու համրերի միավորման սպորտի և մշակույթի պալատում կայացավ ՀՀ ձյուդոյի պատանիների և երիտասարդների մրցաշարը, որին մասնակցել են շուջ 220 մարզիկներ ՀՀ մարզերից ու Արցախից։ Մեր հանրապետությունից մասնակցած 6 ձյուդոիստներն էլ համառ մրցապայքարում նվաճել են մեդալներ:

Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանը գոհ է իր սաների արդյունքներից։ Այսպես, պատանիների ձյուդոյի մրցաշարում տարբեր քաշային կարգերում 1-ին տեղը նվաճել է Ռուզաննա Բալասանյանը (40կգ), 2-րդ տեղեր՝ Եվա Հովհաննիսյանը (40կգ) և Արման Ավանեսյանը (90կգ), իսկ 3-րդ հորիզոնականները զբաղեցրել են Յանա Հովհաննիսյանը (48կգ) և Սևակ Սարգսյանը (50կգ)։ Մրցաշարն անց է կացվել ձյուդոյի միջազգային կանոնների համաձայն։ Արցախցի ձյուդոիստները մասնակցել են նաև փետրվարի 26-28-ը ՀՀ ֆինանսների նախարարության Երևանի ուսումնական կենտրոնի մարզապալատում (նախկին ՙՄիկա՚ մարզադահլիճ) կայացած՝ Հայաստանի սամբոյի պատանիների, երիտասարդների և մեծահասակների հանրապետական մրցաշարին, որտեղ նույնպես նվաճել են մրցանակային տեղեր։ Մեծահասակների մրցաշարում մեր մարզիկներից Սոսե Բալասանյանը 52 կգ քաշային կարգում գրավել է 1-ին տեղը, երիտասարդների մրցաշարում 2-րդ տեղը նվաճել է Գուրգեն Աբելյանը (90կգ), իսկ արդեն պատանիների մրցաշարում 2-րդ տեղերը զբաղեցրել են Ռուզաննա Բալասանյանը (40կգ), Յանա Հովհաննիսյանը (48կգ), Դավիթ Դանիելյանը (75կգ) և 3-րդ տեղը՝ Եվա Հովհաննիսյանը (40կգ)։ Արդյունքում արցախցի ձյուդոիստները ՀՀ ձյուդոյի մրցաշարում նվաճել են 5, իսկ սամբոյի մրցաշարում՝ 6 մեդալ։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով։ Իվան Ազիզբեկյանը սպասելքներ շատ ունի իր սաներից, իսկ մարզիկների մրցակցային փորձն աճում է տարբեր մրցաշարերի ակտիվ մասնակցությամբ։ Ուստի անհրաժեշտ է առավել շատ մարզիկների ներգրավել տարաբնույթ մրցաշարերի, որպեսզի էլ ավելի զարգանան ձյուդոիստների մարզական տեխնիկան ու փորձը։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ