[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻ ՏԽՈՒՐ ՙՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ՚

Իմ փոքրիկ գրադարանում Լևոն Ադյանի ՙՀեռացող եզերքն՚ իր արժանվույն տեղն ունի, բայց փետրվարյան օրերին, երբ մոտենում է մեկ այլ Եղեռնի հիշատակի օր, այն դառնում է իմ ձեռքի գիրքը:

Դա իրական մի պատմություն է, սիրավեպ մի զույգի, որ պատահաբար հանդիպել են իրար այս մեծ աշխարհի հարյուրավոր ճանապարհների խաչմերուկներից մեկում, առանց իմանալու, թե ինչ է սպասվում իրենց այդ պատահական հանդիպումից հետո: 11-րդ դասարանում եմ, դաս պատմելու համար ձեռք բարձրացրած աշակերտին հասկացնում եմ, որ ասելիք ունեմ, և կամաց, շատ հանգիստ իմ ձեռքի պայուսակից հանում եմ մի գիրք` շքեղ կազմով, սիրահար զույգի լուսանկարով...Մի ամբողջ քաղաք կա այնտեղ փռված, մի ամբողջ կապուտաչ ծով կա դրա կողքին, և վերևից երևացող երկնքի լազուրում մի անուն` ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ, ու բարձրահարկ շենքերի գլխավերևում թառած մի տխուր ՙՀեռացող եզերք՚: Գրողի անունը ծանոթ էր շատերին, և ահա աշակերտուհիներից մեկը հպարտությամբ բարձրաձայնում է` նա մեր գյուղից է, մյուսները զարմացած նայում են նրան, ու ես բացում եմ էջը, որ կարդամ մի փոքրիկ պատմություն իրական, մի կյանք գրողի մասին, որ ծնվել է մեզանից ոչ հեռու մի հրաշալի գյուղում, սովորել մեկ այլ հարևան գյուղի դպրոցում, ուղիղ քառորդ դար ապրել է այժմ մեզ թշնամի երկրում, բայց երբ այնտեղ հայերի մի նոր եղեռն է եղել, մի կերպ փրկվել է այդ գեհենից ու հիմա ապրում է մեկ ուրիշ հեռավոր եզերքում: Իմ դասը տարբերվեց այդ օրը: Գիտեի, որ փետրվարյան սպանդի մասին աշակերտների ստեղծագործական մտքերում նոր ծնված անհանգիստ ապրումներ կլինեն, ցավից հառաչող ձայներ..., ու ես փակեցի գիրքը, այն նորից բացելու՝ նրանց տված խոստումով: Եվ հաջորդ օրն այն նորից բացվեց` գրողին ուղղված ցավալի տողերով. ՙՀարգելի՜ Լևոն Ադյան, համոզված եմ, որ տագնապած և հուզախռով հոգով եք գրել այս վեպը, բայց ես էլ քարացած ու խռովահույզ հոգով եմ ընթերցում։ Իմ կարծիքով, այս գիրքը պետք է տարածվի ամենուր, որպեսզի բոլորն իմանան, թե ինչպես մի գայլի ոհմակ դաժանաբար հոշոտեց մի գառան հոտ արյունոտ Բաքվում և Սումգայիթում՚ (Գասպարյան Էդիտա): ՙՄարդկության դեմ իրականացված ոճրագործությունները չեն արժանանում անաչառ գնահատականի, այսպիսի համարձակ գրողները միայն կարող են օգնել` իրենց թղթին հանձնած իրական պատմությամբ, որ հետագայում նման ոճրագործությունների կրկնություն չլինի՚ (Բաղրյան Իննա): ՙԵս շատ հավանեցի ՙՀեռացող եզերքը՚, այնքան ճշգրիտ ու շոյող քնքշանքով է նկարագրվում ամեն ինչ, որ դրսում թափվող ձյան սառը փաթիլներից ցրտաշունչ դարձած մթնոլորտը չի ազդում ներքնաշխարհիս տաքության վրա: Նոր եմ սկսել ընթերցել վեպը, բայց հոգուս հարազատ է թվում, մեծ է ձգողական ուժը, և ուզում եմ հենց այսօր մինչև վերջ կարդալ այս գիրքը՚ (Անդրյան Անգելինա): ՙԳիրքը կարդացի սրտի անհանգիստ տրոփյունով ...Ինչքա՛ն գեղեցիկ սիրո պատմություն է, կներե՜ս, սի՜րտ իմ, չէի ուզում քեզ նեղացնել, չէի մտածում, որ այդքան ուժգին ու խորը կարձագանքես Լեոյի և Ռենայի սիրո ողբերգությանը: Այս պահից մտորում եմ` երանի թե դառնայի հայտնի դերասանուհի, ֆիլմ նկարահանվեր, Ռենայի դերում լինեի, ու այն տարածվեր աշխարհեաշխարհ՚ (Հովսեփյան Լիլիթ): 12¬րդ դասարանում եմ: Ձեռքիս նորից ՙՀեռացող եզերքն՚ է, ու կամաց, շա՛տ կամաց էջերն եմ թերթում: Անցած դարավերջի մի սոսկալի իրադարձություն, որ եղավ արյունոտ մի երկրում, այնտեղ, ուր հայեր են ապրել մաքուր ու ազնիվ տքնանքով: Այո, մի նոր եղեռն է եղել հայերի, իր էջերում այդ մասին է պատմում այս գիրքը, այնտեղ ընդհատված երազանքներ կան, սոսկալի տառապանք կա հայերի, արյունոտ հունվար-փետրվար կա այնտեղ, իրական մի տխուր պատմություն... Դասի թեմային համահունչ չէ իմ խոսքը, ու դասարանի լռությունը ճեղքում է իմ ձայնը, որ վարանոտ էր ու շատ ցավալի: Մի պահ չեմ շնչում կարծես, ուզում եմ լսելի դառնա անհանգիստ տրոփյունը սրտիս... Ես պատմությունն էի պատմում այն հեռավոր եզերքի, որ դարձել էր ՙորպես հիմն ու սգերգ՚ մեկ ուրիշ իրական պատմության: Ես լռում եմ մի պահ և հանկարծ նրանցից մեկը խոսում է կարծես ինքն իր հետ. ՙԱյս անգամ ուրիշ կլինի իմ զգացածը, երբ մոտենամ զոհերի հուշարձանին, այս անգամ իմ ապրումներն ուրիշ կլինեն, երբ ծաղիկներ դնեմ այդ քարե հուշակոթողին՚ (Ստեփանյան Իննեսա): Ապա մեկ ուրիշն է խոսում.ՙՏիկի՜ն Պողոսյան, մեր հայրենակից Լևոն Ադյանին փոխանցե՜ք, որ ես սիրում եմ նրա գրած ամեն մի ստեղծագործություն և արդեն կարդացել եմ նրա ՙԱյն հեռավոր ամռանը՚ (Հարությունյան Շուշան)։ Փակում եմ գիրքն այդ տխուր, բայց ինձ ուղղված հարցումներ կան դեռ. ՙԱյդ գիրքն ուզում ենք ունենալ, ինչպե՞ս կարող ենք գտնել այն՚: Հաջորդ ժամին 7-րդ դասարանում եմ: Ամեն ինչ չէ, որ կարող եմ այստեղ ասել արյունոտ խուժանի ոճիրից, բայց զարմացած հայացքներ կան ինձ ուղղված, և ահա լսում եմ նրանց. ՙԻմ ուսուցչուհու միջոցով նա դարձավ իմ համար մի նոր ուսուցիչ, ես ուզում եմ ասել նրան. ՙՀարգելի՜ Լևոն Ադյան, Դուք այդ վեպով շատ բան սովորեցրիք ինձ՚ (Հարությունյան Հարություն): ՙԵս ուրախ եմ, որ իմ մայրիկն էլ սովորել է այն նույն դպրոցում, որի տաղանդավոր սաներից մեկն է եղել Լևոն Ադյանը: Ես վաղուց քաջածանոթ եմ նրա անվանը, խոստանում եմ ընթերցել նրա բոլոր ստեղծագործությունները, նաև շնորհակալ եմ իմ հայրենակցին, որ այս գրքով ես հասկացա, թե ինչ է Սումգայիթը՚ (Հակոբջանյան Մերի): ՙՄեր դասարանում այդ դասաժամին անսովոր լռություն էր, հոգիս խռովված էր, հազիվ էի զսպում արցունքներս, այնտեղ իրականություն կար և մեծ ողբերգություն, այնտեղ չարիքին հակադրված էր մի գեղեցիկ սիրո պատմություն: Ես ուզում եմ դիմել Լևոն Ադյան գրողին. ՙԴուք մի հրաշալի գործ եք ստեղծել, մի տխուր հուշարձան, որ ոչ մի ահաբեկչի ձեռք չի հասնի նրան՚ (Գրիգորյան Սեդա): 

 Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ

 Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի