[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՏԱՆՔԸ ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ Է ԸՆԹԱՆՈՒՄ

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հրավերով նորից Արցախ է ժամանել ՙԿարին՚ երգի-պարի ավանդական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Որպես դեկտեմբերի 13-15-ի գործընթացի շարունակություն՝ փետրվարի 28-ից մինչև մարտի 1-ը պարոն Գինոսյանն անցկացրեց վարպետության դասեր ՙԱրցախ՚ ազգագրական համույթի համար: Մենք խնդրեցինք Գագիկ ԳԻՆՈՍՅԱՆԻՆ պատմել` թե ինչպես են ընթանում պարապմունքներն այս խմբի հետ և, ընդհանրապես՝ ինչպես է անցնում գործընթացը։- Պարոն Գինոսյան, այս երեք օրվա պարապմունքները փաստորեն դեկտեմբերին սկսած գործընթացի շարունակությո՞ւնն են: - Իհարկե: Երկար տարիներ է, ինչ համագործակցում ենք Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ: Հույս ունենք, որ դա շարունակական կլինի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը, ընդհանրապես, ԼՂՀ կառավարությանը` ազգային մշակույթն ավելի գերակա խնդիր ճանաչելու համար։ Այստեղ ավելի համակարգված մոտեցում կա այս ասպարեզը վերածնելու գործընթացի հանդեպ: Բացի վարպետության դասեր կազմակերպելուց արդեն երկրորդ տարին է՝ անց է կացվում ազգային պարերի մրցույթ: Այո, Հայաստանում դա տոնախմբության է վերածվում, իսկ այստեղ մրցույթի ձևաչափով է անցկացվում, ինչն ավելի արդյունավետ է, քանի որ մասնակիցներն ստիպված ավելի լուրջ են վերաբերվում, ձգտում ունեն ավելի լավ պատրաստվել, հասցնել այն որակին, որ համապատասխանի մրցույթի պահանջներին: Այս տեսանկյունից բավականին մեծածավալ ու խորը գիտակցված աշխատանք է տարվում, որը չի կարող անպտուղ և անհետևանք մնալ, և ինչը շատ ողջունելի է: Պետք է ասեմ, որ անցած տարիների ՙՄենք ենք, մեր սարերի՚ կազմի հետ աշխատանքը (պարեր բեմադրելը, վարպետության դասերը) մի նոր մոտեցում էր, որ կրկին ցուցաբերվում է ու, կարծում եմ, շոշափելի արդյունքի կբերի: Հույս ունեմ, որ սեպտեմբերին նաև Արցախի մի քանի դպրոցներում կկարողանանք մտցնել ազգային պարի ուսուցման առարկան, ինչն զգալիորեն կազդի դպրոցներում իրականցվող ազգային դաստիարակության, ինքնաճանաչման գործընթացի վրա: - Նախորդ անգամ Դուք վարպետության դասերն անց էիք կացնում և՜ պարի քոլեջի ուսանողների, և՜ շատ այլ խմբերի հետ, իսկ այս անգամ` միայն Արցախ ազգագրական խմբի կազմի հետ: Ո՞րն է պատճառը: - Երևի, պատճառն իմ անսպասելի գալն է: Ես վերադարձա Սանկտ Պետերբուրգից ու մյուս օրը եկա Արցախ: Գուցե շատերի համար նախապատրաստվելու ժամանակ չկար, որպեսզի իրենց դասերի ու իմ պարապմունքների ժամանակացույցը համապատասխանեցվի: Թեկուզ ուզում էինք հասցնել վարպետության դասեր անցկացնել նաև այն խմբերի պարուսույցների հետ, որոնք պետք է մասնակցեն մրցույթին՝ հնարավորինս շտկելու թերացումները: Ցավոք, նրանց հետ այս անգամ պարապել չստացվեց: - Իսկ աշխատանքն այս խմբի հետ նոր պարերի ուսուցմա՞նն է ուղղված, թե՞ ավելի շատ արդեն սովորածների շտկմանն ու հստակեցմանը: - Ե՜վ հների պարաքայլերի, շարժումների շտկման, և՜ այդ պարերի բեմադրության, վերջնական տեսքի բերման, և՜ նորերի ուսուցանման ուղղությամբ ենք աշխատում: Այսինքն, աշխատանքը տարբեր ուղղություններով է ընթանում: Այս օրերին երեք նոր պարեր ենք սովորել։ Նաև մասնակցեցի ամեն երկուշաբթի անցկացվող բաց դասին, որի ժամանակ կարողացանք այդ դասերին հաճախողների հետ նրանց համար ևս երեք նոր պար սովորել: Այնպես որ, կարծում եմ, բավականին արդյունավետ ստացվեց այս երեք օրվա աշխատանքը: - Իսկ ինչպե՞ս է ընթանում աշխատանքը խմբում: Չե՞ն դժվարանում առանց պարուսույցի: - Բավականին հաջող: Իսկ դժվարություններ միշտ էլ լինում են, մանավանդ որ իրենց հետ մշտապես աշխատող մասնագետ չկա, իրենք իրենց ուժերով են պարապմունքներն անցկացնում: Այդ ամենը հաշվի առնելով, նախորդ ամսվա համեմատ, բավականին լուրջ առաջընթաց կա: Իսկ դա խոսում է այն մասին, որ խմբի երիտասարդ պարողները նվիրված ու մեծ մղումով են աշխատում, ուզում են կատարելագործվել, իրենց որակը բարձր պահել: Ինչը շատ ողջունելի է: - Մի խոսքով, Դուք Ձեր խոստումը` ամիսը մեկ անգամ գալ Արցախ վարպետության դասեր անկացնելու, ձգտում եք պահել: - Այո, թեկուզ շատ դժվար է դա իրականացնել: Ցավոք, հունվարին չկարողացա գալ մի քանի պատճառով: Բայց մարտի վերջին օրերին կձգտեմ անպայման գալ, քանի որ ազգային պարերի մրցույթին մասնակցող խմբերի պարուսույցների հետ անպատճառ պետք է նախապատրաստական աշխատանք տանել: Պետք է ասեմ, որ այս գործընթացն ընդհանրապես տևական բնույթ ունի, և ուրախ եմ, որ այն ընթանում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համալիր և հստակեցված ձևաչափով:

 Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ