[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

Նորից մեր կյանքում Կանանց միջազգային տոնը նշելու հարցը, ի տարբերություն նախորդ տարիների, կարևորվում է և ավելի մեծ նշանակություն ստանում:

Նշե՞լ այն, թե՞ չնշել, արդյո՞ք այն նշանակություն ունի մեզ համար, թե՞ պակաս է այդ օրվա կշիռը քաղաքակրթության նորագույն պատմության համար… Սակայն, համաձայնվենք, ինչպիսին էլ լինի պատասխանն այդ հարցերի, թե՜ հայկական և թե՜ համաշխարհային հասարակության մեջ տոնն այդ գտել է իր ուրույն տեղը: Ամեն Մարտի 8-ին քիչ չեն մարդիկ, ովքեր հաճույքով են որոնում իրենց սիրելի կանանց համար ամենալավ նվերները:

Կարծում ենք, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու Մշակույթի և երիտասարդության պալատի կողմից կազմակերպված` Կանաց միջազգային օրվան նվիրված համերգը շատ լավ նվեր էր արցախցի բոլոր  կանանց համար: Համերգ, որի մասին հաճույքով կպատմենք, թե ինչքան հետաքրքիր ու բովանդակալից այն անցավ մարտի 8-ին, Մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում: 

Համերգն սկսվեց Արցախի ազգային նվագարանների նորաստեղծ նվագախմբի ելույթով: Փոքր-ինչ շեղվելով թեմայից, հիշեցնենք, որ նշված նվագախումբն ստեղծվել է 2016թ. հունվարին՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մտահղացմամբ ու ջանքերով: Մեկ տարով շուտ  նախարարությունը ջանք չխնայեց ազգային նվագարանների մանկապատանեկան նվագախումբ ստեղծելու համար` նպատակ ունենալով հանրապետությունում առկա շնորհաշատ երեխաներին հավաքել միասին և զարգացնել նրանց ունակություններն ու հմտությունները: Երկու նվագախմբերի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը նշանակվեց թառահար Լևոն Սարդարյանը: Ուշագրավն այն էր, որ Մարտի 8-ին նվիրված համերգին այս երկու խմբերը հանդես եկան միաձուլված ուժերով, այն էլ` մեծ հաջողությամբ: Պատանի, սկսնակ երաժիշտներն իրենց դասատուների հետ մեկտեղ նվագում-նվագակցում էին` ձեռքբերելով նաև բեմական փորձառություն:

Նվագախումբը հանդես եկավ ինչպես գործիքային կատարումներով, այնպես էլ նվագակցությամբ: Հայկական ժողովրդական, ազգագրական երգերը մեծ հաջողությամբ կատարեցին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ժողովրդական երգեցողության դասատու Մարատ Հարությունյանը, նույն քոլեջի 4-րդ կուրսի ուսանողներ Պողոս Աբելյանը, Արման Շաբուրյանը: Հ. Բերբերյանի հանրահայտ, սիրված ՙԱնոր՚ երգով հանդես եկավ երաժշտական քոլեջի բաժնի վարիչ Նանա Ֆարաշյանը: Մի խոսքով, համերգի առաջին մասն անցավ ազգային երգարվեստի ու երաժշտարվեստի հմայիչ ձայների ներքո:

Համերգի երկրորդ մասում հնչեցին հայ և օտարերկրյա երգերի կատարումներ: Աչքի ընկան սիրված երգիչներ Կարեն Մկրտչյանը, Տաթևիկ Բալայանը: Պարային համարներով հանդես եկան Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի աշակերտները:

Համերգի ավարտին կազմակերպիչները ներկա բոլոր կանանց կարմիր կակաչներ նվիրեցին ու մաղթեցին երջանկություն և խաղաղություն:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ