[ARM]     [RUS]     [ENG]

ՉԱՂԱՎԱՂԵ՜ՆՔ ՀԱՅԵՐ

Ինչքան շատ ենք խոսում մայրենին  անաղարտ պահելու մասին, այնքան ավելի ենք այն  աղավաղում:

 Ինչո՞ւ այսքան գեղեցիկ ու ճոխ, հնամենի ու հարուստ, ազգապահպան մեր լեզուն այսքան փորձությունների է ենթարկվում: Մի լեզու, որ դարձավ ողջ ժողովրդի փրկության ու գոյատևման երաշխիքը, ազգային ինքնագիտակցության ու ինքնուրույնության գրավականը, ազգային մտածողությունը, հոգին ու հոգեբանությունը:

Ֆրանսիացի հայտնի հայագետ Անտուան Մեյեն գրել է. ՙՈչ մի ազգ ավելի համառությամբ չի պահպանել և ավելի խնամքով չի մշակել իր սեփական լեզուն, որքան հայ ազգը: Այն ժամանակ, երբ Ֆրանսիա անունը գոյություն չուներ, երբ ֆրանսերենը դեռևս չէր տարբերվում լատիներենից, գոյություն ուներ հայերեն կարևոր գրականություն: Հայոց այբուբենը գլուխգործոց է՚:

Իսկ ի՞նչ ենք անում մենք այսօր, համառությամբ պահպանո՞ւմ ենք, թե՞ խնամքով մշակում: Ցավոք, շատ դեպքերում` ո’չ մեկը, ո’չ  մյուսը: 

Կուզենայի անդրադառնալ մի քանի հարցերի, որոնք, ըստ իս, շատերին են մտահոգում և զայրացնում:

Հեռուստաեթերից հնչող հայերենը պիտի լինի գրագետ, մաքուր ու հղկված, այնինչ հաճախ լինում է ճիշտ հակառակը: Ասենք, օրինակ` երախտիքի խոսք ասել (երախտագիտության խոսք), շնորհակալություն` մեր հրավերքն ընդունելու համար (հրավերն), ուզում եմ, որպեսզի …, ցանկանում եմ, որպեսզի…, խնդրում եմ, որպեսզի… (որ-ի փոխարեն), ի շնորհիվ (շնորհիվ), գոնե ինձ օգնես (փոխանակ), կրկին անգամ, բազմիցս անգամ (կրկին), (բազմիցս), ինչո՞ւ համար (ինչո՞ւ կամ ինչի՞ համար), իմ համար (ինձ համար), քո համար (քեզ համար), իրան (իրեն), իմ մոտ (ինձ մոտ), ներկայացրեցի (ներկայացրի), բարձրացրեցի (բարձրացրի), հարցրեցի (հարցրի), խոսալ (խոսել), քնացնել (քնեցնել), հոգնացնել (հոգնեցնել) և այլն: Հեռուստադիտողին այնքան գրավող հեռուստասերիալների գռեհիկ ու տգետ արտահայտությունները. վիճվել, զանգվել, փորձվիր խոսել և այլն: Այսքանը քիչ է՝ մյուս կողմից էլ քաղաքում հանդիպող ցուցանակներ ու պաստառներ` ուղղագրական և կետադրական սխալներով: Քաղաքի կենտրոնական փողոցներում, տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում ընթերցում ենք.  չ’կեղտոտել,  չ’տրորել, չ’ծխել,  չ’աղմկել… Այնինչ դեռևս տարրական դասարններում ենք սովորել. ՙՀայերենում շեշտը դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա՚։

Հայերենի աղավաղմանը նպաստում է  համացանցը` իր սոցիալական կայքէջերով: Երեխաները, երիտասարդներն ու մեծերը (անշուշտ, ոչ բոլորը) անգլերեն տառերով հայերեն շարադրում են իրենց մտքերը: Արդյունքում լինում են նաև դեպքեր, երբ աշակերտը հայոց լեզվի գրավորի ժամանակ գրում է ինդզ (ինձ-ի փոխարեն): Մի՞թե սա ողբերգություն չէ: Ի՞նչ ենք մտածում, դեպի ո՞ւր ենք գնում, ինչպե՞ս ենք վերաբերվում մեր արքայական, ոսկեղենիկ, հազարագանձ հայոց լեզվին:

 Աննա ԻՇԽԱՆՅԱՆ