[ARM]     [RUS]     [ENG]

ՙԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐԵԼՈՒ ՁԵՎ Է՚. ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆՈՐԵԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Վերջերս ԱրՊՀ նիստերի դահլիճում հայ բանասիրության ֆակուլտետի  լրագրության բաժնի ուսանողները հանդիպում ունեցան ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, լրագրող Նորեկ Գասպարյանի հետ:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը: 

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ բուհի ռեկտորը կարևորեց նման հանդիպումների դերն ու նշանակությունն ապագա լրագրողների գիտելիքների ընդլայնման, մասնագիտության գաղտնիքներին տիրապետելու տեսանկյունից: Հանդիպման ընթացքում ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին փորձառու լրագրողին, ինչպես նաև հետաքրքրվեցին հեռուստատեսությունում լրագրողի աշխատանքի յուրահատկություններով, ինչու չէ, նաև այնտեղ աշխատելու հեռանկարով:

 Ըստ Նորեկ Գասպարյանի` լրագրողի գործը ոչ թե ապրելու միջոց է, այլ ապրելու ձև: Նա մասնագիտական մի շարք խորհուրդներ տվեց ուսանողներին` կապված թեմայի ընտրության, տեքստի կազմման և լրագրողի աշխատանքի այլ կարևոր բաղադրիչների հետ. դրանք խորհուրդներ էին, որոնք  լրագրողի աշխատանքն իրենց համար նպատակ դարձրած ուսանողները կարող են կիրառել հետագա աշխատանքային գործունեության ընթացքում:  Ն. Գասպարյանը նաև ցավով հայտնեց, որ վերջին տարիներին լրագրողի մասնագիտությունն ընտրում են մեծամասամբ ոչ այդ մասնագիտությամբ իրապես հետաքրքրված և համապատասխան  ունակություններով օժտված շրջանավարտներ: Նա խոսեց  մեր հանրապետությունում լրագրողի գործի կարևորության և այդ առաքելության առանձնահատկությունների մասին: Ըստ Ն. Գասպարյանի` նոր սերնդի լրագրողը նոր ասելիք պիտի ունենա, նոր ոճ ու մտածողություն պիտի բերի` իրականացնելով բնական սերնդափոխություն: Նրա կարծիքով` լրագրողը պետք է նաև քաջատեղյակ լինի մեր պատմությանը,  հանրապետության անգամ ամենափոքրիկ գյուղի պատմությանն ու աշխարհագրական դիրքին, լինի բազմակողմանիորեն զարգացած և  սկզբունքային, քայլի ժամանակի հետ: Ն. Գասպարյանն իր խոսքում առանձնացրեց ռազմական լրագրությունը` որպես պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրի կարևոր մասնագիտություններից մեկը: Նա պատրաստակամություն հայտնեց հաճախակի հանդիպել ապագա լրագրողների հետ,  նրանց առջև հանդես գալ  դասախոսություններով։     

Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ