[ARM]     [RUS]     [ENG]

ԹԱՏՐՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՅԱՆՔ

Ժորա ՄՈՎՍԻՍՅԱՆ-90

 Այսօր լրացավ ԼՂՀ ժողովրդական արտիստ Ժորա Մովսիսյանի ծննդյան 90-ամյակը: Թատրոնին բոլորեքյան նվիրված կյանք` այսպես կարելի է բնութագրել դերասանի անցած ստեղծագործական ուղին, որ սկսվել է 1943 թվականին` Աշտարակի շրջանային պետական թատրոնում եւ ավարտվել 2007-ին` Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Շուրջ յոթ տասնամյակի հասնող երկար ու ձիգ տարիներ են դրանք, որ պտտվել են բեմ կոչվող առանցքի շուրջ. սկզբում հախուռն, բազմերանգ եւ գրեթե անկառավարելի ռիթմով, ապա հանդարտ, բայց ինքնավստահ, իսկ վերջում` դանդաղ եւ ակնդետ լուսարձակումներով: Բայց միշտ նույն առանցքի շուրջ եւ այնքան անդավաճան ու անմնացորդ, որ այդ պտույտից դուրս անիմաստ ու անկարելի էր դառնում կյանքը...

Ծնվել է 1926թ. մարտի 17-ին ՀՀ Աշտարակ քաղաքում: Սովորել է տեղի դպրոցում եւ, չնայած աղքատիկ հագուստին, դասընկերներից առանձնանում էր բարետեսությամբ` բոյ ու բուսաթով, գեղեցիկ դիմագծերով, հաճելի ձայնով:

Պատերազմ էր: Աշտարակի թատրոնը պատմահայրենասիրական պիեսներ էր բեմադրում` հերոսներ ունենալով Վարդան Մամիկոնյանին, Գեւորգ Մարզպետունուն եւ մեր մյուս զորավարներին, որոնց, անշուշտ, թիկնապահներ էին պետք` վահանով ու նիզակով, իսկ թատրոնի տղամարդիկ ռազմաճակատում էին: Ժորան սովորում էր ութերորդ դասարանում, եւ մի օր ռեժիսոր Սիրանոս Հովհաննիսյանը եկավ դպրոց` թիկնապահի համար դերակատար ընտրելու եւ հենց նրան էլ մատնացույց արեց:

Ուրախությանը չափ չկար: Խաղաց, աչքի ընկավ, իսկ երկրորդ դերն արդեն Աշոտ Երկաթն էր` ՙՍմբատ Բագրատունի՚ բեմադրության մեջ: Հանդիսատեսը հավանեց նրան, ռեժիսորն էլ գյուտ համարեց, եւ սկսվեց շնչահեղձ պտույտը, որ կանգնեցնել այլեւս հնարավոր չէր...

 

* * *

1950 թվականին փակվում է Աշտարակի թատրոնը: Ժորա Մովսիսյանը մի կարճ միջոց աշխատում է Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում, ապա տեղափոխվում է Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոն, որտեղ էլ դառնում է դերասանախմբի առաջատար ուժերից մեկը, սովորում է ներկայացում տանել իր ուսերին, լինել պատասխանատու ոչ միայն իր, այլեւ խաղընկերների  համար: Կերտում է Սոս` ՙՍոս եւ Վարդիթեր՚, Թափառնիկոս` ՙԱտամնաբույժն արեւելյան՚, Կիպար` ՙՊաղտասար աղբար՚, Տոնինո  եւ Ջանետո` ՙՎենետիկյան երկվորյակներ՚, Արթուր` ՙԲոռ՚, Կակուլի` ՙՊեպո՚, Վաչագան` ՙԱնահիտ՚ բեմադրություններում:

1962թ. Գորիսի թատրոնը հյուրախաղերով հանդես է գալիս Ղարաբաղում: Ստեփանակերտցիների աչքից չի վրիպում շնորհալի դերասանը, եւ նրան հրավիրում են աշխատելու իրենց թատրոնում:

Ստեղծագործական նոր փուլ է սկսվում Ժորա Մովսիսյանի կյանքում: Այդ տարիներին Ստեփանակերտի թատրոնը վերելք էր ապրում, առաջին պլանի հերոսական եւ քնարական դերերի համար արդեն կային կայացած ուժեր, ուստի ռեժիսորներն իրենց ուշադրությունը կենտրոնացնում են Մովսիսյանի կատակերգական եւ բնութագրական բնավորություններ կերտելու ձիրքի վրա, եւ աստիճանաբար ձեւավորվում է արտիստի ստեղծագործական նոր նկարագիրը:

Նրա առաջին մեծ հաջողությունը Գվիդոնն էր` ՙՍրտի արատ՚ բեմադրության մեջ: Արտիստն իր խաղաոճով  կարողացավ թափանցել կերպարի հոգեբանության մեջ, ցուցադրել կենսականորեն հավաստի վարքագիծ: Գվիդոնի կերպավորումով նա հավաստեց կատակերգուի իր անվիճելի ձիրքը եւ սիրվեց հանդիսատեսի կողմից:

1969թ. Դավիթ  Մալյանը Ստեփանակերտի թատրոնում բեմադրում է Գ. Տեր-Գրիգորյանի ՙԱ՛խ, ներվեր, ներվեր...՚ կատակերգությունը: Այն դառնում է հիշարժան ներկայացում եւ թատրոնի խաղացանկում մնում է երկար տարիներ: Այդ հաջողության մեջ իր բաժին ներդրումն ուներ եւ Ժ. Մովսիսյանը, որը թեեւ կատարում էր երկրորդ պլանի դեր, սակայն իր խաղով ապացուցում է, որ դերասանի համար կարեւորը բնավորություն ստեղծելն է, եւ կարելի է դրվագային դերով եւս անանց հետք թողնել հանդիսատեսի հիշողության մեջ: Ներկայացման թատերախոսը նկատում է. ՙԱհա մի հետաքրքիր կերպար եւս` կիսախելագար դիսերտանտը: Դերը բավականին ճշմարտացիորեն է վերարտադրել դերասան Ժ. Մովսիսյանը: Նրա խաղը մտածված է, հոգեկան հիվանդի տրամադրական հակադիր անցումները իրական են եւ համոզիչ՚ (ՙՍովետական Ղարաբաղ՚, 1970, 7 հունվարի):

Ժ. Մովսիսյանին լայն ճանաչում է բերում նաեւ Փիլոյանի կերպարի անձնավորումը ՙՍերը ճամպրուկի մեջ՚ բեմադրությունում: ՙՍովետական Ղարաբաղ՚ թերթի 1974թ. ապրիլի 9-ի համարում կարդում ենք. ՙԴերասան Ժ. Մովսիսյանը Փիլոյանի դերում, իրավամբ, գտնված է: Միշտ օրենքի անունից խոսող այդ մարդը մի իսկական չարիք է. ՙարդարության պաշտպանը՚ ամեն ինչում նախընտրում է իր շահը, եւ որպեսզի քարշ տա ողորմելի գոյությունը, խոսում է հենց արդարությունից: Փիլոյան-Մովսիսյանը եսասեր, բախտախնդիր մարդու կերպար է, լուրջ քննություն դերասանի համար՚:

Անբռնազբոս հումոր, հետաքրքիր խաղերանգներ, համոզիչ, տրամաբանական, հոգեբանական անցումներ` սրանք որակներ են, որ բնութագրում են Մովսիսյանի ինքնատիպ, յուրակերպ խաղաձեւերով արվեստը: Ստեղծել բեմական ավարտուն կերպար` անկախ դերատեքստի չափից` այս էր դերասան Մովսիսյանի առանձնահատկությունը: Այս մոտեցմամբ են ստեղծվել նրա Նապոլեոնը (ՙԱշխարհն, այո շուռ է եկել՚), Չոբան Չատին, Կարոն (ՙՄեծ լոռեցին՚), Վիտիս բեկը (ՙՊըլը-Պուղի՚), Սիմոնը (ՙԱշնան արեւ՚), Միկիչը (ՙԽանումի արարքները՚), Ծեր հովիվը (ՙՁմեռային հեքիաթ՚), Կոսյակը (ՙԾիածան՚), Բրիլիանտովը (ՙԷլի մեկ զոհ՚), Տետերեւը (ՙՔաղքենիներ՚), Սերգեյ Պետրովիչը (ՙՎասսա Ժելեզնովա՚), Բուրա Նուինը (ՙՌուզան՚), Անդրոն (ՙԱնդրոն եւ Սանդրոն՚) եւ էլի տասնյակ դերեր, որ դարձել են դերասանի բեմական անհատականության եւ բնատուր շնորհքի վառ արտահայտությունը:

Ժ. Մովսիսյանը դրվագային դերերում հաջողությամբ նկարահանվել է նաեւ ՙՀայֆիլմ՚ կինոստուդիայի ՙՄենավոր ընկուզենին՚ եւ ՙՕտար խաղեր՚ ֆիլմերում:

Դերասանի արվեստը գնահատվել է արժանվույնս. 1979թ. նա արժանացել է վաստակավոր  արտիստի, իսկ 2004 թվականին` ԼՂՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչումների: Ամենակարեւորը` իր անանց հետքն է թողել հանդիսատեսի հիշողության մեջ:

Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Թատերագետ, ԼՂՀ մշակույթի 

վաստակավոր գործիչ