[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿՆ՝ ԸՍՏ ԲԵԼԳԻԱՑԻ ԴԱՍԱԽՈՍԻ

Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի տարածաշրջանի խորհրդարանական պատվիրակության կազմում Արցախ ժամանած Եվրոպայի քոլեջի պրոֆեսոր, միջազգային հարաբերությունների հայտնի մասնագետ Փոլ Միրթսը մարտի 15-ին հանդիպել է Արցախի պետական համալսարանի ուսանողներին և նրանց առջև հանդես եկել ՙՄիջազգային բանակցային գործընթացը՚ թեմայով դասախոսությամբ:

Հանդիպմանը ներկա էին ռեկտոր Մանուշ Մինասյանը, դասախոսներ, քաղաքագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԱրՊՀ ղեկավարը ներկայացրել է հյուրին` նշելով, որ նա դասախոսում է աշխարհի 19 երկրների բուհերում, հայտնի է միջազգային իրավունքի մասին բազմաթիվ արժեքավոր աշխատություններով, մի շարք հասարակական կազմակերպությունների անդամ է և կովկասյան տարածաշրջանի իրավիճակին գիտակ քաղաքագետ: Բանախոսն իր դասախոսության սկզբում հատկանշել է, որ երկար տարիներ շփվելով կովկասյան պետությունների դիվանագետների հետ` այն համոզմանն է եկել, որ տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ամենակարևոր պայմանը երկխոսությունն է տարածքային խնդիրներ ունեցող կողմերի միջև: Փոլ Միրթսը անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին` որպես առաջնային խնդիր դիտարկելով մարտական գործողությունների դադարեցումը, նաև` Ժնևում բանակցային գործընթաց սկսելու անհրաժեշտությունը: Ըստ բանախոսի` բանակցային գործընթացում խիստ վճռորոշ է դա սկսելու հարմար պահն զգալու և այն օգտագործելու կարողությունը: Վկայակոչելով միջազգային իրավունքի նորմերը` դասախոսը համոզմունք է հայտնել, որ բանակցություններ սկսելու ճիշտ ժամանակը ամենաբարդ ու վիճահարույց խնդիրները քննարկելուն կողմերի պատրաստ լինելն է: Սակայն եթե հակամարտության կողմերից մեկը որպես այլընտրանք է դիտարկում մարտական գործողությունների վերսկսումը, ապա միջազգային հանրությունը պետք է հանդես գա այդ մտադրությունը կասեցնողի դերում` ընդգծել է Փ. Միրթսը: Բանախոսը վերհիշել է չինացի հայտնի զորավարի խոսքերը. ՙՀաջողության հասնելու համար պետք է ճանաչես թշնամուդ այնպես, ինչպես քեզ ես ճանաչում՚: Որպես բանակցող` պետք է կարողանաս հակառակորդի իրավիճակում դնել քեզ, կարողանաս լսել նրան, ինչը շատ դժվար է` գտնում է նա: Պետք է սեղանի շուրջ նստել հակառակորդի հետ, հակառակ դեպքում բանակցային գործընթացն անհնարին կլինի: Ըստ Փ. Միրթսի` դա ներկայում նաև Մեծ Բրիտանիայի խնդիրն է: ՙԱյսօր այնպիսի իրավիճակ է, որ Թուրքիան երկու-երեք տասնամյակ անց կարող է հայտնվել Եվրամիության մեջ, իսկ Անգլիան կարող է չլինել այդ կազմում, ինչին կարող է հետևել Շոտլանդիայի` Միացյալ Թագավորության կազմից դուրս գալը՚,- ասել է բանախոսը` վայրկյան անց, սակայն, կատակ-կանխատեսում համարելով իր իսկ խոսքերը, քանի որ Եվրամիության կազմում Թուրքիայի հայտնվելն իրատեսական չէ, իսկ Մեծ Բրիտանիան միշտ էլ գնահատել է տարաձայնությունները բանակցային սեղանի շուրջ լուծելու հնարավորությունը: Կարծում եմ, արցախցիները ևս առանձնանում են նման կամքով և պատրաստակամությամբ` ասել է նա: Ըստ բանախոսի` Ալիևի ռեժիմն այսօր փորձում է որքան հնարավոր է ձգձգել գոյություն ունեցող պատերազմական իրավիճակը: Ընդհանուր թշնամու գոյությունը նրա` իշխանության ղեկին մնալու հիմնական միջոցն է այսօր: Կողմերը պետք է պատրաստ լինեն արդյունք ստանալու համար ինչ-որ բան կորցնել: Ադրբեջանական վերնախավի տեսանկյունն ու հիմնական խնդիրն այն է, որ չի ուզում կորցնել իր իշխանությունը. Ալիևի կառավարության կողմից փոխզիջումների դիմելն այդ ռեժիմի վերջաբանը կարող է լինել, քանի որ հանրությունը, հնարավոր է, չընդունի այդ լուծումը: Ըստ դասախոսի՝ կարևոր է, որ Ադրբեջանի հաջորդ ղեկավարությունն առավել ժողովրդավարական լինի և իսկապես պատրաստ բանակցելու: Այսօրվա Ադրբեջանում վարչակարգի փոփոխությունն անհրաժեշտություն է: Այդ դեպքում միայն հնարավոր կարող է դառնալ Արցախի անկախության ընդունումն Ադրբեջանի կողմից, ինչը խիստ կարևոր հանգամանք է հակամարտության կարգավորման գործընթացից դրական արդյունք ակնկալելու առումով: Բայց անգամ գոյություն ունեցող պայմաններում եթե արցախցիները ցանկություն ունեն բանակցել ադրբեջանական կողմի հետ, ապա պետք է գործել` համոզված է քաղաքագետը: Նա այն համոզմունքը հայտնեց, որ նաև Արցախի Հանրապետության պարագայում ամեն ինչ չէ, որ ենթակա է բանակցության, ու նաև` ամեն ինչ չէ, որ հիմա է ենթակա բանակցության: Անդրադառնալով բանակցային գործընթացների համաշխարհային փորձին` Փ. Միրթսը կարծիք հայտնեց, որ չինացիները լավ բանակցողներ են, քանի որ համբերատար են, իսկ ամերիկացիներն այդ գործի ոչ մեծ վարպետ են, քանզի անհամբեր են ու իրավիճակի նրբությունները հաշվի չառնող: Բացատրելու նպատակով բանակցային գործընթաց սկսելու համար հասուն իրավիճակի առկայությունը, բանախոսը խորհուրդ տվեց ուսումնասիրել Եվրամիության ստեղծման պատմությունը: Փ. Միրթսի` ինտերակտիվ ձևաչափով ընթացած դասախոսության ընթացքում բուհի ապագա քաղաքագետների մասնակցությամբ կազմակերպվեցին թեմային առնչվող թեստային աշխատանքներ, կարճ թրենինգներ: Ուսանողները հնչեցրին հարցեր, որոնց պատասախանները անկեղծ ու սպառիչ էին: 

 Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ