[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ Վ. ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ

Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր գոյության ընթացքում մեծ առաքելություն է կատարել Արցախում եւ Ադրբեջանի տարածքում բնակվող հայերի ազգապահպանության եւ գեղագիտական դաստիարակության գործում։

Լինելով Ղարաբաղի կարեւորագույն մշակութային օջախներից մեկը, այն իր մասնակցությունն է բերել նաեւ Արցախյան ազգային-ազատագրական պայքարին՝ արժանապատվությամբ կատարելով իր պարտքը ժողովրդի հանդեպ։ Գոյամարտը մեծ փորձություն եղավ արցախցու համար։ Այդ տարիներին կարեւորվում էր յուրաքանչյուր անհատի եւ, առավել եւս, ստեղծագործող մարդու քաղաքացիական վարքագիծն ու պահվածքը։ Արվեստի մարդիկ արիությամբ անցան այդ փորձությունը՝ ցուցաբերելով կամքի ուժ, տոկունություն, նվիրվածություն իրենց գործին ու ժողովրդին։ Ազգի համար պատմական պահերին միշտ էլ գրողը, արվեստագետը եղել են ժողովրդի գաղափարական առաջնորդները, իրենց ազդեցիկ խոսքով ոգեշնչել ու պայքարի են կոչել լայն զանգվածներին։ Այդպես էլ 1988թ. փետրվարին՝ ազգային զարթոնքի առաջին իսկ օրերին՝ հանդիսատեսի կողմից սիրված ու ճանաչված դերասաններ Ժ. Գալստյանը, Բ. Օվչյանը, Մ. Բալասանյանը կանգնեցին այն մտավորականների շարքում, ովքեր իրենց կրակոտ ելույթներով ոգեկոչում էին ժողովրդին, հույս ու հավատ ներշնչում, եւ մարդիկ վստահում ու գնում էին նրանց ետեւից։ Ժ. Գալստյանը կատարեց ավելին. նա միացավ իր իսկ գաղափարների համար կռվողներին՝ մասնակցելով Արցախի ազատագրման համար մղվող գրեթե բոլոր ռազմագործողություններին։ Նրա օրինակով թատրոնի դերասաններից եւ բեմի աշխատողներից զենք վերցրին եւ, սկզբում ֆիդայական ջոկատներում, ապա՝ կանոնավոր բանակի շարքերում, հայրենիքի պատիվը պաշտպանեցին Մարտին Ալոյանը, Մարատ Դավթյանը, Ալեքսանդր Հայրապետյանը, Գագիկ Հարությունյանը, Սուրեն Հակոբյանը, Ալեքսեյ Հայրիյանը։ Սուրեն Հակոբյանը զոհվեց հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերից մեկում։ Ստեփանակերտի թատրոնը ողջ պատերազմի ընթացքում չի դադարեցրել իր գործունեությունը։ Առաջին իսկ օրերին այստեղ կազմավորվեցին ստեղծագործական բրիգադներ, որոնք շրջում էին ընդերկրյա կյանքով ապրող ստեփանակերտցիների նկուղները, այցելում Շահումյանի, Մարտակերտի շրջաններից տեղահանված եւ հենց թատրոնի շենքում պատսպարված փախստականներին ու հայրենասիրական բանաստեղծությունների արտասանություններով, սիրված ներկայացումներից հատվածներ խաղալով կամ պարզ մարդկային զրույցներով հուսադրում նրանց, հավատ ներշնչում հաղթանակի հանդեպ։ Ժողովրդական արտիստներ Բ. Օվչյանը, Զ. Գեւորգյանը, Մ. Հարությունյանը, Ք. Հարությունյանը, վաստակավոր արտիստուհիներ Ս. Թովմասյանը, Ա. Պետրոսյանը, Ա. Առաքելյանը եւ Ա. Գաբրիելյանը այդ ստեղծագործական խմբերի ակտիվ մասնակիցներն էին, նրանցից ոմանք համարձակություն ունեցան իրենց ելույթներով ոգեւորել նաեւ կրակի առաջին գծում կռվող ազատամարտիկներին։ Կատարելով իր քաղաքացիական պարտքը՝ թատերախումբը միաժամանակ շարունակեց անլույս, անջուր, ցուրտ ու հրետակոծվող քաղաքում պիեսներ բեմադրել։ Արժանին պետք է հատուցել Երեւանից շրջափակման մեջ գտնվող Ստեփանակերտ ժամանած այն ռեժիսորներին, ովքեր, արհամարհելով ամեն վտանգ, եկան ու իրենց բեմադրություններով սատարեցին դերասաններին ու հանդիսատեսին. Վ. Շահվերդյան, Ա. Գամջյան, Կ. Աբրահամյան։ Դերասանախմբի հետ էր նաեւ թատրոնի երախտավոր` ժողովրդական արտիստ եւ ռեժիսոր Իվան Հովհաննիսյանը։ Ազգային հոգեւոր զարթոնքը պահանջում էր, որ առաջին պլան մղվի հայրենասիրության, հերոսականության թեման։ Ուստի պատահական չէ, որ թատրոնի խաղացանկում հայտնվեցին պատմահայրենասիրական պիեսներ։ Գոյամարտի տարիներին թատրոնը վերադարձավ անցյալի լավագույն ավանդույթներին եւ բեմ հանեց Յու. Սումբատովի ՙԴավաճանություն՚ (ռեժ.՝ Մ. Ավագյան), Ն. Զարյանի ՙԱրա Գեղեցիկ՚ (ռեժ.՝ Ա. Գամջյան), Լ. Միքայելյանի ՙՎարազդատ՚ եւ Գ. Թավրիզյանի ՙՄելիքի աղջիկը՚ (ռեժ.՝ Ի. Հովհաննիսյան) պատմական պիեսները։ 1991թ., շրջափակման պայմաններում, երբ արտաքին աշխարհի հետ կապող միակ օդանավակայանում խուզարկվում ու արհամարհական վերաբերմունքի էր արժանանում Երեւանից ժամանող ամեն մի գործիչ, ռեժիսոր Ա. Գամջյանը խիզախություն ունեցավ գալ Արցախ եւ իր վրա վերցնել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները։ Նրա հեղինակած առաջին բեմադրությունը ՙԱրա Գեղեցիկն՚ էր։ Նոր հնչողություն էին ստացել ողբերգության իրադարձությունները, նորովի էր իմաստավորվել պատմական անցյալում անկախության եւ ազատության համար մղված պատերազմը։ Լ. Միքայելյանի ՙՎարազդատ՚ ողբերգությունը Ստեփանակերտի թատրոնում բեմադրվել է երեք անգամ՝ 1941, 1971 եւ 1993 թվականներին։ Վերջին երկուսը հեղինակել է Ի.Հովհաննիսյանը։ Այդ ներկայացումը, որ իր հայրենասիրական առաքելությունն է կատարել նաեւ Երկրորդ աշխարհամարտի տարիներին, հանդիսատեսի կողմից սիրվեց նաեւ մեր օրերում։ 1995թ. փետրվարին Ի.Հովհաննիսյանը 90 տարեկան հասակում խիզախեց անլույս, ցուրտ ու սոված Ստեփանակերտում նորից բեմադրել իր ամենասիրած պիեսը՝ ՙՄելիքի աղջիկը՚, որը եւ նրա կարապի երգը եղավ։ Թատերերկի հիմքում 18-րդ դարում թուրք բռնակալների դեմ ղարաբաղցիների մղած հերոսական պայքարն է, հատկապես Վարանդայի Մելիքի աղջկա՝ Գայանեի անօրինակ, հերոսական արարքը. հարսանքի գիշերը նա սպանում է թուրք փեսային՝ Սուլեյման բեկին, սկիզբ դնելով ժողովրդական զանգվածների հզոր ապստամբությանը ընդդեմ բռնակալի։ Այդ ամենով հանդերձ, հանդիսատեսն անհամբերությամբ սպասում էր իր հերոսական գոյամարտի արտացոլմանը բեմում, որն ուշանում էր մի պարզ պատճառով՝ չկար համապատասխան պիես։ 1994թ. թատրոնը վերջապես հանդիսատեսի դատին հանձնեց Վ. Հակոբյանի ՙԱրցախյան բալլադը՚, որը մեր սուրբ պայքարի բեմական վավերացման առաջին փորձը եղավ (ռեժ. Կ. Աբրահամյան)։ 1998 թվականին Արցախի թատրոնն այդ թեմային անդրադառնալու մի փորձ եւս արեց. բեմադրվեց ժողովրդական արտիստ Զ. Գեւորգյանի հեղինակած ՙՊա՜պ, կրակում են՚ պիեսը։ Դրամատուրգիական համեստ արժանիքներով մի գործ էր դա, որով հեղինակը պարզ, պատերազմական իրապատում դեպքերի նկարագրման հենքի վրա փորձել էր վերհանել արցախցու հերոսական կերպարը, որին միահյուսվել էր իր՝ որդեկորույս հոր, ցավից մխացող սրտի ու հոգու տառապանքները։ Պիեսը բեմադրել էր հեղինակը՝ Զ. Գեւորգյանը։ Նա միաժամանակ անձնավորում էր հոր՝ Միքայելի դերը։ 2007 թվականին երրորդ անգամ անդրադառնալով Ազատամարտին՝ թատրոնը բեմադրեց արձակագիր Կ. Դանիելյանի ՙՄենք մեր սարերն ենք՚ պիեսը։ Ներկայացումը, որը նվիրվել էր Արցախյան գոյամարտի 20-ամյակին, հուզեց հանդիսատեսին այնքանով, որքանով նրա ցավի ու տառապանքի, անցած դժնդակ օրերի ու նաեւ՝ հոգեւոր թռիչքի մասին էր։ Պիեսը բեմադրել է փարիզահայ ռեժիսոր Ն. Դուրյանը, որի ջանքերով թատերախումբն այդ ներկայացմամբ հյուրախաղերի մեկնեց նաեւ Ֆրանսիա եւ հաջողությամբ հանդես եկավ Փարիզ, Լիոն, Վալանս, Նիցցա, Մարսել հայաշատ քաղաքներում... Գոյամարտի տարիներին (1989-1994թթ.) Ստեփանակերտի թատրոնում բեմադրվել է ինը պիես, այդ թվում նաեւ կատակերգություններ՝ ծիծաղի ուժով մարդկանց վիշտը փարատելու ձգտումով։ Բեմադրվեցին Ա. Այվազյանի ՙԴիպլիպիտո՚ (ռեժ.՝ Ա. Գամջյան), Ս. Հովհաննիսյանի ՙԱղջիկը փեսացու է փնտրում՚ (ռեժ.՝ Ք. Հարությունյան), Տ. Վարդազարյանի ՙԱդելաիդան նորահարս՚ (ռեժ.՝ Զ. Գեւորգյան), Ժ. Անանյանի ՙԹռչող ափսեից իջած մարդը՚ (ռեժ.՝ Կ. Աբրահամյան) պիեսները։ Հանդիսատեսը գալիս էր այս ներկայացումներին, որովհետեւ ծիծաղը՝ ի հեճուկս մահվան, դիմագրավելու ուժ էր տալիս նրան։ Հարկ է նշել, որ Ստեփանակերտի թատրոնը դժվար ու դաժան օրեր շատ տեսավ։ Դերասանն ինքը եւս հուսադրողի կարիքն ուներ։ Հարկ ենք համարում ընդգծել, որ պայքարի հենց առաջին օրերից թատերախմբի կողքին էր Վահե Շահվերդյանը, որը ՀՀ մշակույթի նախարարության կողմից թատրոնի խորհրդատու էր նշանակվել։ 1989թ. Շահվերդյանը բեմադրեց Ա. Քալանթարյանի ՙՎաճառքի ենթակա չէ՚ պիեսը, որը լույսի շող էր դժվարին պայմաններում գտնվող ստեղծագործական կոլեկտիվի համար։ Նույն տարում նրա ղեկավարությամբ դերասանախումբը կարողացավ անգամ հյուրախաղերի մեկնել Հայաստան եւ ներկայացումներով հանդես գալ Արտաշատում, Աշտարակում, Աբովյանում եւ Վանաձորում, իսկ 1990թ. մայիսին Սիրիայի հայ համայնքի կողմից հրավիրվեց Հալեպ եւ Քեսապ, ելույթներ ունեցավ՝ ամենուր արժանանալով ջերմ ընդունելության։ Հայրենիքն արժանվույնս է գնահատել թատրոնի եւ դերասանների գործունեությունը Գոյամարտի տարիներին. ժողովրդական արտիստուհի Ժ. Գալստյանը պարգեւատրվել է ԼՂՀ ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանով, ՙԱրիության համար՚, ՙՇուշիի ազատագրման համար՚ եւ ՀՀ ՙՄովսես Խորենացի՚ մեդալներով, ինչպես նաեւ ՙՈսկե սիրտ՚ շքանշանով, որը սահմանված է միջազգային ՙՀանուն խաղաղության եւ ներդաշնակության՚ հասարակական կազմակերպության (Մեծ Բրիտանիա) կողմից, իսկ 2015թ. արժանացել է Արցախի հերոսի բարձր կոչման, ժողովրդական արտիստ Բենիկ Օվչյանը պարգեւատրվել է ԼՂՀ ՙՎաչագան Բարեպաշտ՚, իսկ դերասան Ա. Հայրապետյանը՝ ՀՀ ՙՄարշալ Բաղրամյան՚ մեդալով։ Մ. Ալոյանը ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է ՙՄարտական ծառայության համար՚, ՙՇուշիի ազատագրման համար՚, իսկ ՀՀ ՊՆ-ի կողմից` ՙԳարեգին Նժդեհ՚ մեդալներով: Արցախյան գոյամարտի տարիներին բեմի մեր անխոնջ մշակները՝ արվեստով ոգեկոչելով ազատամարտիկներին եւ թիկունքում սպասող նրանց հարազատներին, մնացին իրենց կոչման բարձրության վրա եւ ապացուցեցին, որ թատրոնը նույնպես ժողովուրդ է պահում։

Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ Թատերագետ, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ