[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՊԱՀՈՎՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻԱՐԺԵՔ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

ԼՂՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 28-ի N911-Ն որոշմամբ ստեղծվել է ՙՇուշիի տեխնոլոգիական համալսարան՚ հիմնադրամը:

Ի՞նչ ընթացքում են աշխատանքները. պարզաբանում է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա ԱՍՐՅԱՆԸ:

- Պարոն Ասրյան, ներկայացրեք, խնդրեմ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գործունեության Ձեր տեսլականը առաջիկա երկու-երեք տարիների համար:

-Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, որպես նոր ստեղծվող բուհ, անկասկած, կունենա առանձնակի խնդիրներ ու դժվարություններ, որոնք ժամանակի ընթացքում կստանան իրենց լուծումները: Ամենակարևորը` ուսումնական բազան, շենքային պայմանները ստեղծված են, սեպտեմբերի 1-ից շահագործման կհանձնվեն հանրակացարանը և կից մարզական որոշ կառույցներ: Իսկ ահա մարզադահլիճի, ինչպես նաև հանրակացարանային պայմանների ընդլայնման խնդիրները կլուծվեն առաջիկա տարիների ընթացքում: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ունենալ երեք ֆակուլտետ` գյուղատնտեսական, շինարարական և ճարտարագիտական: Այդ երեք ուղղություններով ուսանողներ ապահովելու նպատակով կընդգրկվեն ՀՀ ազգային ագրարային համալսարանի մասնաճյուղի մասնագիտությունները, միաժամանակ, Արցախի պետական համալսարանից ճարտարագիտական և տեխնոլոգիական որոշ մասնագիտություններ կտեղափոխվեն այդ համալսարան, և արդեն նոր մասնագիտությունների ցանկի համաձայն` կկատարվի նոր ուսումնական տարվա ընդունելություն: Սկզբում, իհարկե, որոշ դժվարություններ կլինեն ուսանողներով համալրման և գործող մասնագիտություններով ընդունելության կազմակերպման ուղղությամբ, բայց, կարծում եմ`  առաջիկա տարիների ընթացքում այս  հարցերը կկարգավորվեն: 

-Ինչպիսի՞ն եք տեսնում շրջանավարտների թվակազմի շարժընթացը առաջիկա տարիների կտրվածքով:

-Այս  և հաջորդ ուսումնական տարիներին մենք կունենանք միջին թվակազմով 1100-1200 շրջանավարտ, բայց երրորդ տարում դիմորդների թիվը կնվազի` կապված տասներկուամյա ուսուցման շրջանակում 6 տարեկանից դպրոց ընդունելության հետ: Այդ տարեթվից ամենաքիչ շրջանավարտներն են լինելու, ընդ որում` բոլոր բուհերը կունենան նման խնդիր:  Իսկ հետագա տարիներին շրջանավարտների  թվաճ կունենանք, որովհետև սովորողների թիվը կավելանա:  Մինչև 5-րդ դասարանում սովորողների հաշվով տարեկան կունենանք 2200-2728 շրջանավարտ, ու այդ միտումը կպահպանվի: Այսինքն` ժողովրդագրական աճը թույլ կտա, որպեսզի համալսարաններն ունենան կայուն ուսանողական համակազմ: 

-Ձեր կանխատեսումը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ակադեմիական խմբերի կազմավորման քանակական և որակական ցուցանիշների վերաբերյալ: 

-Անկասկած, ոչ բոլոր մասնագիտություններով կկարողանանք լիարժեք խմբեր ձևավորել: Կունենանք նաև փոքրաթիվ խմբերով մասնագիտություններ: Այստեղ նախատեսվում է կազմել ճկուն ուսումնական պլաններ, որպեսզի հնարավոր լինի որոշ մասնագիտություններ խմբավորել և խմբային ձևով պարապմունքներ կազմակերպել: Իսկ, ընդհանրապես, հարցն այն է, որ առաջին հերթին, անկախ սովորողների թվակազմից, կարողանանք իրականացնել որակական ցուցանիշների բարելավման խնդիրը: Դա պայմանավորված կլինի մի շարք գործոններով, մասնավորապես՝ ուսանողների գիտելիքների մակարդակով, պայմաններով և դասախոսական կազմի կարողություններով:

-Տարաբնույթ մասնագիտությունների համար ինչպե՞ս և որտե՞ղ պետք է անցկացվեն ուսումնական և արտադրական փորձուսուցումները:

-Պայմանավորվածության համաձայն` նախատեսվում է ագրարային մասնագիտությունների գծով համապատասխան գյուղատնետեսական բազաներ հատկացնել համալսարանին, որտեղ կիրականացվեն ուսանողների փորձուսուցման աշխատանքերը, իսկ շինարարական մասնագիտությունների համար` հանրապետությունում առկա շինհարթակների հնարավորությունները: Յուրաքանչյուր մասնագիտության համար աստիճանաբար կապահովվեն նաև փորձուսուցման պայմանները: Որոշ մասնագիտությունների գծով փորձուսուցում կկազմակերպվի Հայաստանի Հանրապետության բուհերի համապատասխան բազաներում:  

-Իսկ ինչպե՞ս եք տեսնում դասախոսական որակյալ կադրերի ապահովումը:

-Կօգտագործենք ինչպես տեղական, այնպես էլ ՀՀ կամ այլ երկրների մասնագետների գիտական ներուժը: Դրսի մասնագետներին կներգրավենք որոշակի ժամկետներով դասախոսություններ կարդալու կամ օն-լայն  կարգով` օգտագործելով ժամանակակից կապի միջոցներն ու կապ ստեղծելով հայաստանյան և արտերկրի բուհերի հետ: Այդ  ձևով կապահովենք այն դասախոսական ներուժը, որով հնարավոր կլինի իրականացնել ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների լիարժեք ուսուցումը: