Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՂ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է

 

 

 

Ստեփանակերտի ՙԹումո՚ կենտրոնը  ներկայացրեց հերթական արդյունքները. տեղեկացնենք, որ արդյունքների ամփոփումը սովորաբար լինում է ուսանողների կողմից որևէ հմտություն  ձեռք բերելու  ճանապարհին երեք փուլ անցնելուց հետո: 

 

ՙԹումո՚-ի ղեկավար  Կորյուն Խաչատուրյանը տեղեկացրեց, որ մոտ 9 ամիս է, ինչ ԼՂՀ մայրաքաղաքում բացվել է ՙԹումո՚-ն, և արդեն  6-րդ  արդյունքներն են ներկայացվում: Այցելուներն ականատես եղան  ուսանողների ինֆոգրաֆիկական աշխատանքներին: Վերջնական փուլում  նրանց համար  15 օր դասընթացներ է վարել դիզայներ, լրագրող, կայքի խմբագիր Սեդրակ Մկրտչյանը: 

Շնորհանդեսի սկզբում Ս. Մկրտչյանը հանդես եկավ  ինֆոգրաֆիկայի մասին տեղեկատվությամբ: Ի դեպ, ինֆոգրաֆիկան ինֆորմացիայի և գրաֆիկայի համադրում է:  Այսօր աշխարհի առաջատար լրատվամիջոցների կողմից վիճակագրական տեղեկատվության տարածման ամենակիրառելի ձևաչափերից մեկը  ինֆոգրաֆիկան է: Այն ավելի սեղմ կարելի է սահմանել հետևյալ կերպ.  դա տեղեկությունների փոխանցման գրաֆիկական միջոց է, որի նպատակն է արագ ու հստակ ներկայացնել բարդ տեղեկատվությունը: 

Ս. Մկրտչյանը ինֆոգրաֆիկայի մի քանի օրինակներ բերեց, որոնք ինքն է ստեղծել: Անցյալ տարվա ընթացքում համացանցում  տեղեկություններ կային, թե Ադրբեջանը որքան գումարներ է ծախսում Ամերիկայում լոբբինգի վրա:  Այդ բոլոր տեղեկությունները`  լոբբիստական կազմակերպությունները, դրանց ուղղված գումարները, համադրելով և կենտրոնում դնելով Ալիևի նկարը, Ս. Մկրտչյանը ստեղծեց մի վիզուալ  պատկեր, որտեղ պարզ երևում է Ադրբեջանի քաղաքականությունն այդ ուղղությամբ: Դա ունեցավ մեծ ազդեցություն. տարածվեց համացանցում։ ԱՄՆ-ի սենատորները, կոնգրեսականները ծանոթացան, հայկական սփյուռքն իր պահանջները ներկայացրեց: Դա ինֆոգրաֆիկայի դրական արդյունքի կատարյալ  օրինակ է:

Ս. Մկրտչյանը ցուցադրեց նաև 1990թ. Բաքվի հայկական ջարդերի, Հայոց ցեղասպանության  մասին, նոր ժամանակներից`  ազերիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի վերաբերյալ ստեղծած ինֆոգրաֆիկան։ Վերջինում  ապացուցվում է, որ մեր ուղղաթիռը չի մտել  Ադրբեջանի տարածք, եղել է հայկական սահմանում կամ չեզոք գոտում, և  դա  տարածվեց համացանցում:

Եվս մի վիզուալ լուծում էր  Տավուշից ադրբեջանցիներին գերի ընկած Կարեն Պետրոսյանի մասին ինֆոգրաֆիկան: Ինչպես հայտնի է, նա  հաջորդ օրը  մահացավ անհայտ հանգամանքներում։ Ապրիլյան պատերազմի հենց առաջին օրերից հրապարակված նյութերի հիման վրա նույնպես  ստեղծվեց ինֆոգրաֆիկա. ՙԱյդ օրերին թշնամուն հաղթել էինք գրաֆիկական առւմով` համացանցում՚,¬ասաց  դիզայները: 

Բնական է, որ ինֆոգրաֆիկան միայն ռազմական թեմաներով չէ: Ս. Մկրտչյանը  բերեց տարբեր ժամանակներում տարբեր կազմակերպությունների համար ստեղծած ինֆոգրաֆիկայի օրինակներ: Այնուհետև ասպարեզը տրամադրվեց  ՙԹումո՚-ի ուսանողներին, որոնց մեջ ոչ միայն դպրոցականներ էին, այլև բուհերի ուսանողներ, երիտասարդ լրագրողներ: Թեմաներն առնչվում էին Արցախին` պատմություն,  խոհանոց, տուրիզմ, էներգահամակարգ, Ստեփանակերտի տրանսպորտային համակարգ, Տնջրի և այլն: 

Դասընթացավարի համոզմամբ` երեխաների  կողմից այս աշխատանքը նրանց համար դառնում է գիտելիք: Իհարկե,  երկու շաբթում մարդիկ լիարժեք մասնագետ չեն դառնում, բայց նրանք ձեռք են բերում այն, ինչը հետագայում նրանց կօգնի  այդ մասնագիտության  տիրապետման հարցում: 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ