Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԵՎ ՆԱ ԳՏԱՎ ԻՐ ՀՈԳՈՒ ԳՈՐԾԸ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի վերջին տասնօրյակում Ստեփանակերտի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Տողի (Հադրութի շրջան) արվեստի դպրոցի հաշվետու համերգ-ցուցահանդեսը՝ նվիրված կրթամշակութային օջախի 10-ամյա հոբելյանին։

Միջոցառումն անցավ հաջողությամբ, որն անսպասելի չէր, քանի որ հատկապես վերջին տարիներին անժխտելի է դպրոցի դերակատարությունը գյուղական համայնքի հոգևոր-մշակութային դաշտի ձևավորման գործում։ 200-ից ավելի սաներ Տող և հարևան գյուղերի համայնքներից ստանում են հայեցի գեղագիտական դաստիարակություն. ազգային մշակույթը մանկուց մտնում է արյան մեջ և ուղեկցում ողջ կյանքում։ 

Իր 10-ամյա գործունեության մեջ արվեստի դպրոցը գրանցել է բազմաթիվ հաջողություններ: Այստեղ գործում են երաժշտական (դաշնամուր, դուդուկ, շվի, քանոն, քամանչա, դհոլ, ժողովրդական երգեցողություն), գեղարվեստի, պարի, թատերարվեստի և կիրառական արվեստների բաժինները։ Այս նվաճումների մեջ իր մեծ ներդրումն ունի դպրոցի մանկավարժական կոլեկտիվը: Ներկայացնում ենք տնօրեն Սուսաննա ԲԱԼԱՅԱՆԻ հետ հարցազրույցը: -Ինչպես կամ ինչ հանգամանքներում ծնվեց գաղափարը՝ գյուղական մի բնակավայրում, որը բավականին հեռու է գտնվում հանրապետության մայրաքաղաքից, ստեղծել արվեստի դպրոց։

-Այն, որ դպրոցը հիմնադրվել է 2005-ին, իրավաբանորեն գրանցվել 2006-ին և անցել է 10-ամյա ճանապարհ, սոսկ թվեր են, գուցեև ոչ շատ բան ասող... Բայց դպրոցը ստեղծելու գաղափարի կամ առիթի հիմքն ավելի խորն է... 1989¬ին գնացել եմ Տող...

-Հավանաբար նշանակում ես ստացել...կամ՝ ուղարկել են...

-Ոչ մեկը, ոչ մյուսը։ Ղարաբաղյան շարժումն սկսվել էր։ Մենք բոլորս այդ ալիքի վրա, ազգային¬ազատագրական շարժման ոգով սնվելով, հոգեբանորեն վերածնվեցինք. Շարժման դրական էներգիան կլանեցինք՝ յուրաքանչյուրս մեր չափով... Մինչ այդ իմ կենսագրությունը խորհրդային վարչակարգի ձևավորած երիտասարդի շատ սովորական կենսագրություն էր. ավարտել եմ Ստեփանակերտի թիվ 3 (ռուսական) դպրոցը։ Շատ էի սիրում երաժշտություն, և 8-րդ դասարանից ավարտելուց հետո սովորում էի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում, որն ավարտելուց հետո ցանկանում էի կատարելագործվել Երևանի պետական կոնսերվատորիայում։ Ինչ¬ինչ հանգամանքներով պայմանավորված՝ չստացվեց։ Այնուամենայնիվ, ուզում էի ուսումս շարունակել և ընտրեցի հոգուս նույնպես շատ մոտ՝ բանասիրությունը. ընդունվեցի Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ Նախքան այդ, Շահումյանի շրջանում, շրջկենտրոնի մանկական երաժշտական դպրոցում, 3 տարի երաժիշտ¬մանկավարժ եմ աշխատել։ Համալսարանն ավարտելուց հետո ուղեգրով պիտի գնայի Մարտունու շրջան, բայց ես՝ քաղաքային կյանքին սովոր, մայրաքաղաքային կրթությամբ էլ մի քիչ մեծամտացած՝ չգնացի։ Մի կարճ շրջան աշխատել եմ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում։ Շարժումը վրա հասավ,  մասնակցում էինք ցույցերին, հանրահավաքներին... Այստեղ էր, որ... մենք մեզ բացահայտեցինք որպես հայ և հասկացանք, որ ունենք հնագույն մի երկիր, և որի մի մասնիկն ենք մենք։ 

Այսպես, տեղի ունեցավ մտավոր¬գաղափարական հեղաշրջում։ 

1989-1990 թվականներն էին։ Իմանալով, որ Տող գյուղը ռուսաց լեզվի ուսուցչուհու կարիք ունի, ես կամավոր գնացի։ Մինչ այդ գյուղի անունը նույնիսկ չէի լսել: Ինձ համար կարևոր չէին գյուղական միջավայրը, պայմանները, անգամ այն, որ այնտեղ բնակվում էին ազերիներ, որ դպրոցում  կար ադրբեջանական բաժին, և որ հակամարտությունը գնալով սրվում էր...

-Փաստորեն շրջադարձային պահ էր։

-Այդպես է ստացվում։ Պատրաստ էի նման պայմաններում աշխատել, բայց նաև մենակ էի ինձ զգում։ Այն ժամանակվա  իմ հոգեվիճակը ես նմանեցնում եմ Սալվադոր Դալիի  մի հայտնի  նկարի տրամադրությանը. ժամացույց է, բայց  չափախեղված, ծորացող... Ես ինձ զգացել եմ այդ չափախեղված, ծորացող ժամացույցի ժամանակագրության մեջ։ Շատ շուտ հասկացա, որ գյուղում պիտի մի այլ աշխատանքով զբաղվեմ, պիտի գտնեմ... հոգու գործ, որը հոգևոր փոխշփումների հնարավորություն կտար ինձ...

-Եվ դու, հավանաբար, հիշեցիր քո առաջին մասնագիտությունը։

-Այո... փրկությունը գտա  երաժշտական կրթությունս օգտագործելու մեջ։ Որոշեցի ազատ ժամանակս տրամադրել երեխաներին՝ ստեղծելով երգչախումբ։ Դա իմ աշխատանքի անցնելու առաջին շաբաթն էր։ Դպրոցի  հայկական բաժնում սովորում էին 110-115 երեխաներ։ 46 ցանկացողներից ընտրեցի 36¬ը։ Այնքա~ն հայկական երգեր սովորեցին։ Իմիջիայլոց, ինքս երգում էի Ղարաբաղում առաջին հոգևոր` Գանձասարի երգչախմբում։ Իմ ղեկավարած երգչախումբը գործեց 5 տարի, այնքան, ինչքան աշխատեցի այդ գյուղում։ Դրա հետ մեկտեղ մտածում էի` ինչպես ընդլայնեմ գործունեությունս։ Կարող էի դաշնամուրի դասեր տալ։ Եվ գյուղում բացեցինք Հադրութի երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանի մասնաճյուղ։ Երեխաները շնորհալի էին, ձգտում կար։ Գյուղական ակումբում դաշնամուր կար։ Բայց մեկն էր՝ չէր բավարարում...

- Մի պատմություն կա,  որին շատերն են տեղյակ. պատերազմ էր, և դու փորձում էիր Երևանից Տող դաշնամուր հասցնել։

- Ոչ թե փորձում էի, այլ հասցրի։ Գնացի Երևան, կոնսերվատորիա, ծննդով շուշեցի Արմեն Բուդաղյանի մոտ։ Դաշնամուր տրամադրվեց։ Շրջափակում էր, Ղարաբաղի հետ միակ կապը ուղղաթիռով էր։ Դաշնամուրը Էրեբունի օդանավակայանում էր, բայց նախևառաջ տեղափոխում էին զենք, զինամթերք, վիրավորներ, երեխաներ, կանայք։ Երկու շաբաթ ամեն օր գնում¬գալիս էի, դաշնամուրը ամեն օր հասցնում թռիչքադաշտ, ապա՝ հետ, ահավոր վիճակում էի... Ուզում եմ անպայման նշել Լարիսա Ալավերդյանի և ամուսնու՝ Միքայելի անունները, առանց որոնց անհնարին էր գործը գլուխ բերել։ Դաշնամուրը բարեհաջող վայրէջք կատարեց Մեծ Թաղերի մոտ, դաշտում։ 1992 թվականն էր, փետրվարի կեսերը։ Ի դեպ, դաշնամուրն այսօր լավ վիճակում չէ, բայց պահպանում ենք որպես մասունք, որպես պատմություն։ 

Ասեմ, որ որպես Հադրութի երաժշտականի մասնաճյուղ պատերազմի պատճառով գոյատևեցինք 1,5 տարի։ Գործում էր և՜ երգչախումբը, և՜ դաշնամուրի դասարանը։ Եվ այդ տարիների արդյունքը եղավ այն, որ ես 3 երեխա եմ տարել Ստեփանակերտի երաժշտական ուսումնարան։  

¬ Ի դեպ, քո կյանքում մեծ տեղ ունի նաև լրագրությունը։

- Ինձ միշտ գրավել է այդ մասնագիտության ներքին ազատությունը, ստեղծագործելու հնարավորությունը։ Այս ասպարեզում սկսեցի աշխատել 1998-ից։ Այդ ժամանակաշրջանում Տողի հետ կապը միշտ պահպանվել է, այն էլ՝ բավականին սերտ։ Ինձ ցավ էր պատճառում գյուղական միջավայրի հոգևոր¬մշակութային կյանքի խղճուկ, գորշ վիճակը։ Պատճառների մեջ չխորանանք... Բոլորս մեղավոր ենք այդ հոգևոր դեգրադացիայի մեջ։ Հասունացել էր արվեստի դպրոց ունենալու պահը։

- Արվեստի դպրոց ստեղծելու համար գյուղում չկար ձևավորված ավանդույթ, նյութատեխնիկական բազա, կադրեր։ Մենք ականատես ենք եղել դժվարությունները հաղթահարելու քո ջանքերին։ Ո՞րն էր թիվ մեկ խնդիրը։

- Նախ` գաղափարը իրականություն դարձնելու համար փնտրեցի ու գտա աջակիցներ՝ ի դեմս պետական գործիչ Արթուր Աղաբեկյանի, ԱՄՆ Արևելյան ափի համազգային մարզամշակութային կենտրոնի ատենապետ  Հովսեփ Հակոբյանի, Թուֆենկյան հիմնադրամի Արցախի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարյանի։ Եվ երկրորդ` չկար թիվ մեկ խնդիր: Կար իրար հետ շաղկապված խնդիրների շարք. տեխնիկական բազա, երաժշտական գործիքներ, շենքային պայմաններ, կադրային հարց... 

- Ով փնտրում է, նա գտնում է։

- Եթե դու քեզ չես խնայում, գործի մասին ես մտածում, հաջողությունը գալիս է ինքնին։ Դժվարությունները շատ-շատ էին։ Հատկապես էն գլխից մեծ ուշադրություն եմ դարձրել ժողգործիքների արմատավորմանը. շվի, դուդուկ, քանոն... Դպրոցն էլ գործում էր բարեգործական հիմունքներով։ 

- Անցած 10 տարիներին կրթօջախը ի՞նչ զարգացումներ ունեցավ։

- Առաջին՝ բարեգործական շրջանը, որի երկրորդ տարում ընդգրկեցինք նաև հարևան Մեծ Թաղերը, նշանավորվեց երաժշտական և գեղարվեստական բաժինների հիմնմամբ։ 2008-ից դարձանք պետական, և իրավիճակը բոլոր առումներով կտրուկ լավացավ։ Ոգևորությունը մեծացավ։ Սա երկրորդ փուլն էր։ Բայց մենք դեռ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մասնաճյուղն էինք։ Այս փուլում պարի և թատերական բաժինները բացեցինք։ Տարիների հետ երեխաները ավելանում էին։ Առաջին տարում՝ 36 աշակերտ, երկրորդում՝ 80 (Մեծ Թաղերով)։ Հետո ավելացավ Ազոխը, Մարիամաձորը, Հակակուն, Մոխրենեսը, Թաղուտը, Դրախտիկը... 2011-ին ստացանք ինքնուրույն կարգավիճակ, որով սկզբնավորվեց երրորդ փուլը։ Նույն տարում ԼՂՀ կառավարության և ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ջանքերով վերանորոգված մեր մասնաշենքը շահագործման հանձնվեց։ Անհամեմատ բարելավվեցին մեր ուսումնական և կենցաղային պայմանները, նյութատեխնիկական բազան։ Բացեցինք և զարգացրինք կիրառական արվեստի բաժինը։ 5-ով սկսել ենք, այժմ աշխատում է 25 մանկավարժ։  

- Ինչպե՞ս է քեզ հաջողվել կրթամշակութային օջախի հիմքում ամուր դնել հայեցի գեղագիտական դաստիարակությունը։ 

-Ես ինքս ընտանիքում եմ հայեցի դաստիարակություն ստացել, որը խորացավ Երևանում ուսումնառության տարիներին։ Ե՜վ ուսումնարանում, և՜ համալսարանում ուսանել եմ լավ մասնագետների մոտ։ Որպես մարդ և որպես մասնագետ բարձր մակարդակ պիտի ունենաս, որպեսզի կարողանաս պահանջել ուրիշներից։ Նաև ներքին աշխարհի խնդիր է։ Էն գլխից կարելի էր երաժշտական դպրոց հիմնել, դա էլ բավարար կլիներ, և հեշտ՝ ինձ համար։ Ես ավելի դժվար ճանապարհ ընտրեցի՝ ստեղծել այնպիսի դպրոց, որպեսզի երեխաները արվեստի բոլոր ճյուղերում զարգացնելու հնարավորություն ունենան։ 

- Եվ դա քեզ հաջողվեց։ 

- Հաջողվեց, որովհետև և՜ անձամբ, և՜ թիմով մշտապես ձգտում եմ նոր մակարդակի։ Պահանջում եմ մաքսիմալ դրսևորում, նվիրում, և հենց դա է գործն առաջ տանում։ Կանգ առնելու դեպքում աճել չես կարող։ 

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան։

-Ծրագրերը շատ են ու զանազան։ Համոզված եմ, որ կյանքի կկոչվեն, քանի որ պետությունը սատար է կանգնում յուրաքանչյուր մեր խոշոր ձեռնարկման։ Կոլեկտիվն էլ ոգեշունչ աշխատանքով ձգտում է նոր ձեռքբերումների։ 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ