[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՐՏԵԶՆԵՐԸ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆՈՂՈՔ ՎԿԱՆԵՐ

Վերջերս ՙԼույս՚ կրթական հիմնադրամի ուսանողների հետ Արցախում էր պատմաբան, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը:

 Ծնվել է Թավրիզում, Մեծ եղեռնի ժամանակ Վանից տարագրվածների ընտանիքում: Թեհրանում,  միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Մեծ Բրիտանիայի Բիրմենգհամ քաղաքի Աստոն համալսարանում, ուր ուսանել է ճարտարագիտություն: Փոքր տարիքից հետաքրքրված լինելով աշխարհագրությամբ և քարտեզագրությամբ` 1970-ական թվականներին լրջորեն սկսել է զբաղվել աշխարհագրական հետազոտություններով: 1981-ին Լոնդոն տեղափոխվելով` առիթ է ունեցել հետազոտելու Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի գրադարաններում եղած քարտեզագրական հարուստ ժառանգությունն ու ծավալուն տեղեկությունները:Քարտեզագրական առաջին աշխատանքը եղել է 2004թ. անգլերենով հրատարակած ՙՀայաստանի պատմական քարտեզները՚ մեծադիր գիրքը, որտեղ ի մի են բերվել աշխարհի տարբեր գրադարաններում ու թանգարաններում պահպանված աշխարհացույց և երկրամասերի քարտեզներից կարևորագույնները, որոնց մեջ պատկերված է Հայաստանը` սկսած մ.թ. ա. 6-րդ դարից մինչև  մեր օրերը: Երկրորդ գիրքը 2005թ. Երևանում հրատարակված ՙՀայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ՚ աշխատությունն է` հայերեն և ռուսերեն լեզուներով: Վերոհիշյալ երկու հատորները միատեղված վերահրատարակվել են 2015թ. Ս. Էջմիածնի պատվերով` Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ: Հաջորդ աշխատությունն անգլերեն և հայերեն լեզուներով հրատարակված ՙԿովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում. Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՚ գիրքն է: Այս հատորի նպատակն է միջին դարերի պատմական աշխարհագրության միջոցով ցույց տալ, թե որ երկրներն են ժամանակին գոյություն ունեցել և որոնք են նորեկները: 2009թ. հրատարակվել է նրա ՙՀորինված պատմություն՚ գիրքը` անգլերենով, իսկ 2010-ին հիշյալ գրքի հայերեն և ռուսերեն տարբերակները, ուր նա բացահայտել է ադրբեջանական կեղծիքները և հայկական մշակույթի բնաջնջումը նրանց գրաված տարածքներում: Գիրքը թարգմանվել է պարսկերեն և շուտով կհրատարակվի Թեհրանում: 2012թ. անգլերենով հրատարակվել է ՙՊատմությունների բախումը Հարավային Կովկասում. Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի քարտեզների վերագծումը՚, որի ռուսերեն տարբերակը կոչվում է ՙԱդրբեջանական պատմաաշխարհագրական զեղծարարարությունները՚: Գրքում քննարկված են Ադրբեջանի զեղծարարությունների դրդապատճառները, կիրառված միջոցները,  ցուցադրված է այդ երկրի բացակայությունը բոլոր քարտեզներից, ընդհուպ մինչև 1918 թվականը: Գիրքը հրատարակվել է նաև պարսկերենով: 

2015-ին լույս տեսավ նրա ՙՀայացք հայոց պատմությանը քարտեզագրական փաստաթղթերով՚ անգլերեն գիրքը, որը կից էր նույն նյութով նրա պատրաստած քարտեզների ցուցադրությամբ: Հրատարակվել են նաև նրա մի քանի մենագրություններն ու հոդվածները: Նա ելույթներ է ունեցել Լոնդոնում, Օքսֆորդում, Փարիզում, ԱՄՆ տարբեր քաղաքներում, ինչպես նաև Երևանի տարբեր բուհերում` Հայաստանին առնչվող պատմամշակութային և քարտեզագրական նյութերի վերաբերյալ: 2008թ. Հայաստանի քարտեզագրությանը նվիրված իր ծառայությունների համար Հայաստանի ԳԱԱ-ն նրան շնորհել է պատվավոր դոկտորի կոչում: Իսկ 2014-ին նա պարգևատրվել է ՙՄովսես Խորենացի՚ մեդալով:  

Ռ. Գալիչյանը Արցախում տարբեր երկրներից ժամանած հայ ուսանողների առջև հանդես եկավ երկու դասախոսությամբ` ՙՃանաչիր ինքդ քեզ. հայկական ինքնությունը հին ժամանակներից մինչև օրերս՚ և ՙՃանաչիր հարևաններիդ. այսօրվա հիմնախնդիրների դրդապատճառների ըմբռնում՚ թեմաներով:

Ռ.  Գալիչյանը դասախոսության ընթացքում էկրանին ցուցադրեց տարբեր ժամանակների քարտեզներ, որոնց բնօրինակներն այլ երկրներում են: Հետաքրքիրն այն է, որ բոլոր այդ քարտեզները, որոնցում հիշատակվում է ՙՀայաստան՚ անունը, գծվել են ուրիշների կողմից, ոչ հայերի: 

Հայաստանի անունը նշվում է 2600 տարի առաջ: Նրա մասին առաջին փաստաթուղթը քարից է, 10-12 սմ-ոց  կավե սալիկ է` պատրաստված Բաբելոնում: Դա աշխարհում ամենահին աշխարհացույց քարտեզն է: Մեջտեղում Եփրատ գետն է, որը լեռներից իջնում է դեպի Պարսից ծոց և երեք երկրի անուն է գրված` Բաբելոն, Ասորեստան, Արարատի երկիր: Որոշներն  Արարատի երկիրն անվանում են Ուրարտու, որոշները` Արարատ: Բայց դրանք նույն երկրներն են: Սեպագիր արձանագրություններում ձայնավորները չէին գրում, այսինքն` այս անունը գրվում էր ԱՐՐՏ, որը կարող են կարդալ և՜ Արարատ, և՜ Ուրարտու: Սալիկը բրիտանական թանգարանում է։ Հայաստանի մասին մեկ այլ գրավոր տեղեկություն գրված է ժայռի վրա:  Մ.թ. ա. 517թ. պարսից Դարեհ թագավորը եռալեզու (հին պարսկերեն, էլամերեն, բաբելոներեն) արձանագրություն է թողել Բեհիսթուն ժայռի վրա, որը գտնվում է Պարսկաստանի Քիրմանշահ քաղաքի մոտ: Դա դարաշրջանին պատկանող ամենակարևոր արձանագրությունն է, վերծանվել է 19-րդ դարի 30-40-ական թթ., անգլիացի գիտնական Հենրի Կրեսվիկ Ռոուլինսի կողմից: Արձանագրությունը բովանդակում է Աքեմենյան տերության մեջ ծագած ապստամբությունների և դրանք Դարեհ Ա-ի կողմից ճնշման պատմությունը: Ապստամբ երկրների թվում հիշատակվում է նաև Հայաստան (հին պարսկերենում գործածվում է Արմենիա, բաբելոներենով` Ուրարտու, էլամերենով` Հարմինեա) անունը: 

Ռ. Գալիչյանն այնուհետև անդրադարձավ հին հունահռոմեական պատմիչներին: Ցուցադրեց Ստրաբոնի գծած քարտեզը, ըստ որի՝ աշխարհի կենտրոնում Հայաստանն է` Սև և Կասպից ծովերի միջև: Հարևան երկիրը Միդիան է` հայերեն Մարաստան, որն այլևս գոյություն չունի, միացել է Պարսկաստանին: 

Էկրանին երևում է 2-րդ դարի քարտեզ, քարտեզագրողը հույն Կլավդիոս Պտղոմեոսն է: Ռ. Գալիչյանը ցույց տվեց Կովկասի շրջանը. ահա Կասպից ծովը, Սև ծովը, Կովկասյան լեռները և 3 երկիր Կովկասի վերևում` Կոլխիդա, Իվերիա, Ալբանիա: Կոլխիդան այսօրվա Աբխազիան է, Իվերիան՝ Վրաստանի մեծ մասը, Ալբանիան (Կովկասյան Ալբանիա) հայերեն Աղվանք են անվանում, իսկ մյուսը Մեծ Հայքն է (Armenia Maior): Այսինքն` այստեղ Մեծ Հայքը գոյություն է ունեցել մ. թ.1-ին և 2-րդ դարերում, և մեր հարևաններն էին երեք երկրներ` Կոլխիդա, Իվերիա, Կովկասյան Ալբանիա: 

Պատմաբանը երեք  հարյուր տարի առաջ անցնելով` հասավ Սասանյանների թագավորության ժամանակները: Ցուցադրեց Հուստիանոս կայսեր ժամանակի քարտեզ: Վերջինս բյուզանդական կայսրերից էր, որը Հայաստանը գրավել էր և բաժանել չորս մասերի: Այդ ընթացքում Հայաստանը ինքնավար երկիր չէր, թագավորություն չուներ, ենթարկվում էր Բյուզանդիային: Հայաստանը մի քանի հարյուր տարի պետականություն չի ունեցել, բայց, այդով հանդերձ`  ՙՀայաստան՚ անունը բոլոր տեղերում գրված է, որովհետև հին դարերում տարածքները կոչվել են ոչ թե երկրի, այլ դրանցում ապրող ժողովրդի անունով: Պատճառն այն էր, որ սահմաններն անընդհատ փոփոխվում էին: Երբ մի թագավոր ուժեղանում էր, գրավում հարևանի տարածքը, սահմաններն անմիջապես հետ ու առաջ էին տալիս, բայց քարտեզների վրա երկիրը գրվում էր այդտեղ ապրող ժողովրդի անունով: Այդպես շարունակվեց մինչև 1923 թվականը: Մինչև այդ թվականը Թուրքիայի արևելքի վրա բոլոր քարտեզներում գրվում էր ՙԱրմենիա՚, քանի որ այդտեղ ապրում էր հայ ժողովուրդը: Բայց Ցեղասպանությունից հետո` մինչև 1923 թվականը, այնտեղ այլևս հայ չմնաց, և ՙՀայաստան՚ անունը, որ մինչ այդ գրվում էր, այլևս վերացվեց: 

Ռ. Գալիչյանը ցույց տվեց 10-րդ դարի գերմանական մի քարտեզ, որը կրոնական բնույթի է: Կլոր աշխարհացույց է: Աշխարհն ըստ կրոնական դոգմաների՝ սկավառակ է, շրջապատված ծովով, իսկ կենտրոնում Երուսաղեմն է, Կարմիր ծովը, որը կրոնի մեջ կարևոր դեր ունի: Նման քարտեզներում վերևը ոչ թե հյուսիսն է, այլ արևելքը: Քարտեզների վրա հյուսիսը վերևում նկարելը միայն 1890-ական թվականներից որոշվեց: Դրանից առաջ ինչպես ուզում էին, նկարում էին. իսլամական քարտեզների վրա վերևում հարավն էր, քրիստոնեական քարտեզների վրա` արևելքը, քանի որ արևը ծագում է արևելքից: Արևելքում ասում էին` երկրային դրախտն է և այլն:

Ռ. Գալիչյանը ներկաների ուշադրությունը սևեռեց այն շրջանին, որը կոչվում է Կովկասյան: Գրված է` Armenian Maior` Մեծ Հայք, ահա Կովկասյան լեռները: Նշմարվող երկու գնդիկները Արարատի գագաթներն են, վրան գրված` ՙԱրարատ՚, իսկ դրանց վրա կա տնակ, գրված է Noahs ark` Նոյի տապան: Ներքևի լեռների վրա էլ գրված է` Mauntains of Armenian՝ Հայաստանի լեռները: Չնայած այդ ժամանակ Հայաստանը պետականությունը կորցրել էր, բայց ինչպես տեսնում ենք, մի քանի տեղ անունը շեշտվում է: Եվ սրանք կազմել են ոչ թե հայերը, այլ ուրիշներ:

Էկրանին երևում է արաբական քարտեզ: Ռ. Գալիչյանի բացատրությամբ` նշված են Կովկասյան լեռնաշղթան, Արաքս գետը, Քուռ գետը, որոնք որոշ տեղերում նկարված են միացված: Այս քարտեզի կարևորությունն այն է, որ Կովկասի շրջանում երեք երկրի անուն է գրված. Արաքսից վերև Ալբանիան է, այսինքն` Աղվանքը, արաբերենով գրված է` Առվան, Արաքսից հարավ, մյուս ափին` Ազարբայջանն է (Ադրբեջան): Սա Պարսկաստանի նահանգներից մեկն է եղել 2000 տարի առաջ: Քարտեզագետը պարզաբանում է, թե ինչու է այս շրջանը կոչվում Ազարբայջան: Այդ շրջանը մինչև մ.թ. ա. 200 թվականը կոչվել է Փոքր Մարաստան` Մեծ Միդիայի մի մասն էր կազմում: Երբ Ալ. Մակեդոնացին հարձակվեց այս շրջանի վրա, նրա Ատրոփեդ անունով զորավարը դիմակայեց և չթողեց, որ նա գրավի այն: Երկիրն այդ  նրա պատվին կոչվեց Ատրոփատեն` Ատրպատի երկիր: Երբ արաբները գրավեցին Ատրպատի երկիրը, աստիճանաբար լեզվաբանական փոփոխության ենթարկվեց, դարձավ Ատրպատական, Ազարբայջան և Ադրբեջան: Այդ երկիրը մինչև այսօր Պարսկաստանում գոյություն ունի Արաքսից հարավ: Այնտեղ ապրել են հնդեվրոպական ցեղեր, որոնք խոսել են պարսկերեն մինչև 4-5 հարյուր տարի առաջ: ՙԵրբ մեր հարևաններն ասում են, թե իրենք ադրբեջանցի են, ստում են, նրանք օղուզ թուրքեր են: Ադրբեջանցին Պարսկաստանում ապրողն է, ոչ թե Արաքսից վերև, այլ Արաքսից հարավ ապրողը՚,- պարզաբանում է քարտեզագետը: 

Քարտեզի վրա երկու կիսագնդեր կան.  Արարատ լեռն է, գրված` ՙԱրմանիստան՚: Ընդհանրապես, արաբական քարտեզագրության մեջ միայն իսլամական երկրների անուններն են գրվում մանրամասն: Ընդհանուր քարտեզի մեջ ուրիշ երկրների անուններ գրում են, բայց ոչ մանրամասն. նրանց քարտեզագետներն ասում են, որ ժամանակ չպիտի կորցնել օտարներին ցույց տալու, նրանք` անհավատները, իրենց համար կարևոր չեն: Միայն մի երկիր, որ նրանց բոլոր  քարտեզներում կա, Հայաստանն է: Ռ. Գալիչյանն այսպես է պատճառաբանում. այդ երկրները` պարսկական Ադրբեջանը, Աղվանքը և Հայաստանը, առևտրական և ժողովրդական այնքան սերտ կապերով էին իրար հետ կապված, որ քարտեզ կազմողները նախընտրում էին  նրանց բոլորին մեկ քարտեզի վրա ցույց տալ: Ուրեմն, Ատրպատականը (պարսկական Ադրբեջանը) միակ երկիրն է, որ պահել է 2000 տարի առաջվա  իր անունը: 

Ռ. Գալիչյանը ցույց տվեց  Իտալիայի մի քարտեզ: Դա մյուսներից տարբերվում է նրանով, որ մանրամասն գրված են ծովափնյա  քաղաքների, գյուղերի անունները, իսկ մեջտեղը դատարկ է, ոչինչ չկա: Պատճառն այն է, որ այս քարտեզները գծագրվել են ծովագնացների համար: Դրանք կոչվում էին պորտոլանդ քարտեզներ: 1375թ. գծված քարտեզ է: Նրա վրա տեսնում ենք  հայկական Կիլիկյան թագավորությունը` շրջապատված կանաչ գծով: Քարտեզը գծված է խաչակրաց արշավանքների ժամանակ: Քարտեզագրողը կանաչ գույնով ցույց է տալիս, որ այստեղ բարեկամ, քրիստոնյա  ժողովուրդ է ապրում, վախ չունենան այդտեղով անցնելիս: Այնուհետև բարձրանում ենք նույն պորտոլանդի Կովկասի մասը: Տեսնում ենք Mauntains Ararat-ը, վրան Նոյյան տապանն է, գրած է` Armenian Maior ` Մեծ Հայք։ Այստեղից գետեր են սկիզբ առնում դեպի Հայկական լեռնաշխարհ: Պորտոլանդի վրա ծովային քաղաքներից բացի ուրիշ բան չպիտի լինի, բայց ՙՀայաստան՚ անունը կա՝  բոլոր մանրամասնություններով։ Ինչո՞ւ պիտի պորտոլանդը, որը երկրի մեջտեղը ցույց չի տալիս, Հայաստանը ցույց տա: Ռ. Գալիչյանը հետևյալ բացատրությունն է տալիս. դեռ 10-րդ դարից հայ առևտրականները Եվրոպայում մեծ գործունեություն  էին ծավալում. Վենետիկում, Ամստերդամում, Ջենովայում և այլուր իրենց գրասենյակներն ունեին և այնտեղ հավանաբար պատմել են հայ ժողովրդի ու Հայաստանի մասին: Եվ քանի որ հայ առևտրականները կարևոր դեր են ունեցել Եվրոպայում, բոլոր պորտոլանդների մեջ Հայաստանի անունը կա, չնայած այն ժամանակ անկախ երկիր չէր: Ուրեմն, մեր միջնադարյան ժողովրդի արածը Եվրոպայի համար այնքան կարևոր է եղել, որ պորտոլանդների վրա  գրել են նրա անունը: 

Մոտենում ենք 17-րդ դարին: Քարտեզին  տեսնում եք Կասպից ծովը, Սև ծովի ծայրը, Պարսկաստանը,  Թուրքիան: Հայաստանը բաժանված է, մեծ մասը Պարսկաստանինն է, ձախ կողմն էլ Թուրքիային է պատկանում: Որոշ շրջաններ ձեռքից ձեռք են անցնում, որը տևեց մի քանի հարյուր տարի: 18-րդ դարում մեջտեղ եկավ Ռուսական կայսրությունը, և նա էլ սկսեց Հայաստանի մի մասը գրավել: 1877 թվականից հետո ցարական Ռուսաստանը գրավեց Կարսը և այլ շրջաններ և Կովկասը բաժանեց տարբեր նահանգների:  Երևանի և Կարսի նահանգները համարվում էին Հայաստան: Այդ ամբողջը կոչվում էր Հայաստան: 1877-ից մինչև 1918 թվականն այդպես էր: 

Հասնում ենք Հայաստանի առաջին հանրապետությանը, որի ընդհանուր տարածքը այդ ամենն էր: Հետո Ռուսաստանը որոշեց Կարսը և մյուս շրջանները նվիրել Թուրքիային, որպեսզի պահի հարևանական հարաբերությունները Հայաստանի հաշվին: Իսկ Ստալինը Նարիմանովի հետ միասին անցյալ դարասկզբին որոշել էր, որ Ղարաբաղը և Նախիջևանը պետք է Հայաստանինը լինեն, որովհետև նրանցում ապրում են հայեր, բայց  երկու ամիս անց Ստալինը, ներկայանալով  Բաքու, որոշեց, որ դրանք պիտի պատկանեն Ադրբեջանին: Եվ մենք կորցրինք այդ տարածքները` մնալով փոքրիկ շրջանի մեջ: 

Խորհրդային ժամանակների քարտեզն ենք նայում։ Ահա Հայաստանը, ահա Ղարաբաղը, Նախիջևանը,  նույնիսկ չեն թողել, որ միացած լինեն հայաբնակ այդ շրջանները, որ կապ չունենան իրար հետ:

Այսօրվա Հայաստանի քարտեզն է՝ Արցախի հետ միասնաբար: ՙԱրդեն 22 տարի է, ինչ այս իրավիճակն է: Ինչքա՞ն կկարողանանք դա պահել, մեր դիվանագետներին որքա՞ն կհաջողվի դա անել, չենք կարող կանխատեսել, բայց հույս ունենք, որ գոնե մեծ մասը ձեռքից չենք տա՚,- դասախոսությունն այսպես  եզրափակեց Ռուբեն Գալիչյանը: 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ