Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՆԵՐԴՆԵԼ ԱՄԵՆ ԲԱՆ` ՄԵՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ՉՓՈՇԻԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այսօր էլ պատերազմը բոլոր ճակատներում շարունակվում է մշակույթի, գիտության, այլ ասպարեզներում, ու ամենուր ազերիներն իրենց առաջ են մղում` ապավինելով իրենց ստոր քաղաքականությանը, ըստ որի` ՙԱմեն ինչ իմն է, ամեն ինչ ինձ համար է՚։

Որպես նրանց այս գործելակերպի օրինակ՝ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆԸ մատնանշում է մի քանի փաստեր գրականության բնագավառից:

Մեր թշնամին գործադրում է բոլոր անազնիվ եղանակներն ու ստոր միջոցները` իրեն ներկայացնելու զոհի կարգավիճակում, իսկ մեզ համարելու ագրեսոր: Ս. Մուրադյանի  խոսքով` մեր հարևան վրացիները նոր-նոր են գլխի ընկել, թե ինչ է նշանակում թուրք-ադրբեջանական քաղաքականություն: Բաքվում լույս տեսած ՙԱդրբեջանի պատմություն՚ 8-րդ դասարանի դասագրքում նշված է, որ 12-րդ դարում հայ-վրացական միացյալ զորական ուժերը հարձակվել են պատմական Ադրբեջանի վրա և բռնազավթել իր Թբիլիսի մայրաքաղաքը: ՙՍա ծիծաղելի է թվում, բայց ցավալի իրողություն է, և մենք պետք է նման թշնամու հետ խոսենք ոչ թե իր լեզվով, այսինքն` իջնենք նրա մակարդակին և նույնպիսի ծիծաղելի քայլեր անենք, այլ գիտական հիմնավորումներով հերքենք այդ կարգի ստերը՚,- այս համոզմանն է գիտնականը: Սկսած ամենաբարձր աստիճանի ղեկավարից նրանք ասում են, թե Երևանը և էջմիածինը հիմնված են ադրբեջանական հողերի վրա, Տավուշի ամբողջ տարածաշրջանն էլ համարում են Հյուսիսային Ադրբեջան: Գրականագետը վկայակոչում է երեք տարի առաջ ԵՊՀ-ում իրենց կազմակերպած գիտական նստաշրջանը` նվիրված Նիզամի Գյանջևուն: 

Ո՞վ է Նիզամի Գյանջևին: Հնարավոր է`այսօր շատերը մտածեն, թե 12-րդ դարի ադրբեջանցի բանաստեղծ է: Այդպես ազերիներն են տարածում: Բայց բուն իրողությունն այն է, որ Նիզամին Պարսկաստանի խորքում է ծնվել՝ Ղումում: Բացի այդ, նույն այդ Նիզամին իր մայրենի լեզվով` պարսկերեն, գրել է. ՙՏեր Աստված, երբ արդեն շունն ստեղծել էիր, մի՞թե դա քիչ էր, որ դրանից հետո թուրք ստեղծեցիր՚: Եվ այդ խոսքերի հեղինակ Նիզամուն ադրբեջանցիները համարում են իրենց գրականության նախահայրը: Ու քանի որ Նիզամու պարսիկ ու պարսկական գրականության հզոր երևույթ լինելն ակնհայտ է, ԵՊՀ-ն, Պարսկաստանի դեսպանության հետ պայմանավորվելով, կազմակերպել էր գիտական նստաշրջան` նվիրված Նիզամի Գյանջևուն, որովհետև ազերիները ՅՈՒՆԵՍԿՕ-ով տոնում էին նրա ծննդյան 850-ամյակը` որպես ադրբեջանցի բանաստեղծի: 

Այդ գիտաժողովում Ս. Մուրադյանը հանդես է եկել ՙԽոսրով և Շիրին՚ վիպերգի մասին զեկուցումով, որտեղ 12-րդ դարի պարսիկ բանաստեղծ Նիզամին հրաշալի նկարագրել է այս տարածաշրջանը: Նա ոչ մի տեղ ոչ մի անգամ չի հիշատակում, թե այստեղ եղել է նաև Ադրբեջանը: Ս. Մուրադյանը ներկայացրեց միայն մեկ փաստ. պարսից Խոսրով Փարվիզ թագավորը սիրահարվել էր հայուհի Շիրինին, որի գեղեցկության մասին պատմել էր իր մտերիմ ընկեր՝ նկարիչ Շափուրը, և ցանկություն էր հայտնել ամուսնանալ նրա հետ: Գրքում խոսվում է Մեհինբանուն անունով մեկի մասին: Ո՞վ է նա: Գրականագետը Մովսես Կաղանկատվացու պատմության մեջ փնտրել և գտել է, որ նա Աղվանքի նշանավոր իշխանուհիներից էր, որ նշանակում է մեծ տիրակալ: Նրա հարստությունն անսահման էր, զորքերը Պարտավից հասնում էին մինչև Սպահան: Գրականագետը Կաղանկատվացու պատմության ծալքերում հայտնաբերել է նաև, որ Շիրինը եղել է Առան աշխարհի հայուհի գեղեցկուհիներից մեկը: Խոսրով Փարվիզը նկարիչ Շափուրին ուղարկում է Հայաստան (Նիզամին չի ասում` Աղվանք, չի ասում Ադրբեջան, այլ` Հայաստան) ամուսնության առաջարկի առաքելությամբ: Ասում է՝ գնաց Հայաստան` Պարտավ: Սա, այսպես ասած, ադրբեջանական դասական գրողն է ասում: ՙՍրանից էլ լավ փա՞ստ, լավ կռվա՞ն մեր ձեռքին՚,- ասում է գրականագետը և շարունակում պատմությունը: Շափուրը նախ հանդիպում է Մեհինբանուին` Շիրինի (որը վաղուց ծնողազուրկ էր) խնամակալին, և նա էր փաստորեն տնօրինում այդ գեղեցկուհու ճակատագիրը: Մեհինբանուն, Նիզամու ասելով, ձմեռներն ապրում էր Պարտավում, ասում էր` այստեղ տաք է, խոտն առատ է, ջուրն առատ, օդը մաքուր, լավագույն հանգստավայր է ձմեռը: Գարնանը՝ վարդաբացի ժամանակ, նա գնում էր Մուղանի դաշտավայր (փաստորեն Մուղանը հայկական է եղել), և ասում է` ամռան շոգերին բարձրանում էր Արցախի լեռները: Նիզամին այնուհետև գրում է, որ երբ Շափուրն անցավ հարթավայրը և հանդիպեց լեռների, լեռնալանջին տեսավ մի եկեղեցի (չի ասում` մզկիթ): Այդտեղ ապրում էին սրբակրոն մարդիկ, աղոթում էին Աստծուն խաղաղության, բարեկամության համար, և Շափուրին նրանք ընդունում են սիրով ու բարեկամաբար, ու մի գիշեր հյուրասիրելուց հետո հաջորդ օրը ցույց են տալիս այն լեռնագոգը, որտեղ զբոսնում էր գեղեցկուհի Շիրինը` իր շքախմբի հետ: 

Այդ ամենից բացի` ՙԽոսրով և Շիրին՚ ստեղծագործության գլուխներից մեկն այսպես է վերնագրված. ՙԽոսրովն ի Հայաստան Պարտավ և Մեհինբանուին հյուր գնալը՚։ Սա գրել է Նիզամին։ Բայց մեր վայ հարևաններին սա չի խանգարում ստեղծագործությունն ու հեղինակին իրենցը համարել, երբ ոչ մի ադրբեջանցի հերոս չկա, ոչ մի ադրբեջանական տեղանուն չկա, այլ հակառակը, Նիզամին հիշում է Մուղանի դաշտավայրը, հիշում է Արցախ աշխարհը, հիշում է Պարտավը, հիշում այդ տարածաշրջանի բոլոր տեղանունները, որոնք հայկական ծագում ունեն։ 

Սրանով չբավարարվելով` ադրբեջանցիներն իրենցն են դարձրել նաև 12-րդ դարի պարսիկ մեծ բանաստեղծ  Աֆզալադդին Խաքանուն.  պարսիկ դասական գրողներին սեփականելու հերթական ՙզոհին՚ է ներկայացնում Ս. Մուրադյանը: Որ Խաքանին համակրանքով էր լցված հայերի հանդեպ, ապացուցում են Հայաստանին ու հայերին նվիրված նրա բանաստեղծություններն ու  պոեմները։ 1953թ. ազերիները Բաքվում իրականացրին Խաքանու երկերի ակադեմիական հրատարակությունը, որոնց  մեջ հանված են Հայաստանին և հայությանը նվիրված բանաստեղծությունները։ Գրականագետը դրանցից մեկ քառատող արտասանեց, որը պատկերացում է տալիս, թե ինչի մասին է խոսքը։ Խաքանին ասում է.

Թե Հայաստանում ինձ ճանաչեին, 

Գնահատեին ինձ Հայաստանում,

Այդպիսի մի բախտ չէր տա  նույնիսկ 

Տեր Աստվածն իրեն դրախտում։

Սա երգել է պարսիկ բանաստեղծ Խաքանին, որ այժմ՝ 800 տարի հետո, կոչվում է Խագանի Շիրվանի։ Ազերիները ոչ միայն ստեղծագործությունն են յուրացրել, այլև բանաստեղծի անունն են փոխել։ 

Ս. Մուրադյանն այնուհետև անդրադարձավ Ղարաբաղյան ազգային-ազատագրական պայքարին` ասելով, որ հայ ժողովրդի միասնականության, հայորդիների արյան և կյանքի գնով կարողացանք վագրի երախից փրկել Արցախ աշխարհը։ Նա նաև ասաց, որ նոր է եղել Արևմտյան Հայաստանում ու տեսել, թե մենք այնտեղ ինչեր ենք կորցրել... Այնպես որ, Արցախի ազատագրումն այդ բոլոր կորուստների դիմաց մի փոքր փոխհատուցում է միայն։ Այսօրվա սերունդներին վստահված է Արցախի և ընդհանրապես ողջ Հայոց աշխարհի պաշտպանության ու խաղաղության պահպանման պատվավոր և պատվաբեր խնդիրը։ Եվ մենք պարտավոր ենք ներդնել ամեն բան` մեր ավագների ձեռքբերումը, մեծ նվաճումը չփոշիացնելու համար։ Եվ ավելի ամրապնդել խաղաղությունը, ավելի հաստատակամ լինել և ներդնել ամեն ինչ` մեր ժողովրդի միասնական նպատակին հասնելու համար: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ