[ARM]     [RUS]     [ENG]

ՄՇԱԿՈՒՅԹԸ ՄԻՋՈՑ՝ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ՈՒ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հոկտեմբերի 7-ին Ստեփանակերտի պատկերասրահում տեղի ունեցավ աննախադեպ ցուցահանդես. այցելուներին հնարավորություն ընձեռվեց հոգով ու մտքով մուտք գործել այժմյան և պատմական Հայաստանի 100 եկեղեցիների դռներով:

Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: 2015 թվականի վերջերին նախագծի բացումը տեղի ունեցավ Նկարիչների միության տանը (Երևան), որից հետո շրջեց Հայաստանի մարզերով: Արցախից հետո նախատեսվում է այն կազմակերպել Ջավախքում և, ի վերջո, Ստամբուլում: Նախագծի հեղինակն է ռեժիսոր Խաչիկ Եղոյանը, նկարիչը՝ Ռուբեն Մարտիրոսյանը:

Միջոցառման բացումը շատ խորհրդանշական էր. այցելուներին բաժանվեցին հայկական զարդանախշերով մագնիսական քարտեր, որոնք պետք է տեղադրվեին պատկերասրահի մուտքում ուրվագծված մի դռան վրա: Բոլորի օգնությամբ 101-րդ դուռը հավաքվեց, և պարզվեց, որ այն Մշո Սուրբ Առաքելոց վանքի դուռն է, որն այժմ Հայաստանի պատմության թանգարանում է:

- Այդ դուռը 1915թ. մարդիկ մի կերպ փրկել և բերել են Արևելյան Հայաստան: Վստահ եմ, որ մի օր այդ փայտյա դուռը տանելու և տեղադրելու ենք Արևմտյան Հայաստանի Մշո Սուրբ Առաքելոց վանքի վրա,- ասել է ցուցահանդեսի հեղինակ Խաչիկ Եղոյանը՝ ավելացնելով, որ ՙ100 դուռ՚ նախագիծը նպատակ ունի գեղագիտության լեզվով մեկ անգամ ևս բարձրացնել հայ ժողովրդի` մեկ դար տևող պայքարի պահանջները և խոնարհում բերել Հայոց ցեղասպանության նահատակներին:

Հեղինակի խոստովանությամբ` ցուցահանդեսի գաղափարը ծագել է 2012թ. վերջին` Սուրբ Հռիփսիմե վանքի մոտ:

- Ես մասնագիտությամբ ռեժիսոր եմ, բեմադրում եմ համերգներ, նկարահանում փոքր վավերագրական ֆիլմեր, տեսահոլովակներ: Մի խոսքով՝ ստեղծագործող մարդ եմ ու, որ ամենակարևորն է,  հավատացյալ: Իրականում այս նախագծի գաղափարը պատահական ծնվեց: Մի օր Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում էի նստած, իսկ սա, ի դեպ, իմ ամենասիրելի եկեղեցիներից մեկն է: Եղանակը շատ տրամադրող էր, արևի լույսն էլ գեղեցիկ ստվեր էր ստեղծում տաճարի դռան վրա: Որպես ռեժիսոր՝ այդ տեսարանը միանգամից ինձ գրավեց: Հեռախոսով նկարեցի ու ստացված նկարին երկար նայելուց հետո հասկացա, չգիտեմ դա ներքին զգացողությո՞ւն էր, ներքին ձա՞յն, բայց հենց այդ ժամանակ հստակ որոշեցի, որ պետք է 100 եկեղեցու դուռ նկարեմ: Դա դեռ 2012 թվականն էր: Հետագայում որոշեցինք ցուցահանդես պատրաստել Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Քարտեզն ուրվագծվել է ճիշտ մեր պապերի երազած Հայաստանով` Նախիջևան, Արևմտյան Հայաստան, Հայաստանի Հանրապետություն, Ջավախք և Արցախ: Եվ իմ այդ նպատակը վերածեցի ազգային նախագծի: Մեկ տարուց ավելի մտորելուց հետո լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանի հետ շրջագայեցինք Արևմտյան Հայաստանով, Հայաստանի Հանրապետության մարզերով, Ջավախքով, Արցախով ու լուսանկարեցինք 100 եկեղեցիների դռները: Ցավոք, Նախիջևանի մասով չկարողացանք իրականացնել: Ցանկացանք ներկայացնել մեր պապերի ունեցած, բայց մի օր կորցրած, այնուհետև որոշ մասն ազատագրած մեր Հայաստանը։ Գիտեք, պատմությունն էլ ցույց է տվել, որ մարդկությունն ու հատկապես մեր ժողովուրդը, ուժեղ է իր համախմբվածությամբ: Այս ցուցադրությունն էլ համախմբման ու ուխտագնացության նման է: Շատերն իրական կյանքում երևի չեն կարող կամ չեն այցելում այդ եկեղեցիները, իսկ այսպես կարծես թե կանցնեն այդ 100 եկեղեցիների շեմով՚,- ասաց Խաչիկ Եղոյանը:

 Ցուցահանդեսին ներկա էին հեգևոր հայրեր` Հայ Առաքելական եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Շուշիի Ամենափրկիչ եկեղեցու քահանա տեր Անդրեաս Թավադյանը, Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու քահանա տեր Շմավոն Ղևոնդյանը, ովքեր Տերունական աղոթքով օրհնեցին միջոցառումը, նախագիծը:

Ցուցադրվեց նախագծի ողջ ընթացքում նկարահանված ֆիլմը, որը բացահայտեց եղանակային, տեղանքային այն բոլոր դժվարությունները, որոնք հաղթահարվում էին նաև տեղաբնակների օգնությամբ:

Հեղինակը խոստովանեց, որ նկարահանումներին միանում էին քաղաքացիներ, ովքեր պարզապես ցանկանում էին ինչ-որ կերպ աջակցել, ինչ-որ բանով օգնել՝ գործը գլուխ բերելու համար, ինչը համախմբման ևս մի օրինակ է, որն էլ նախագծի նպատակներից մեկն է:

Խաչիկ Եղոյանը նաև ընդգծեց, որ մշակույթը միջոց է՝ բարձրացնելու ցեղասպանությունների դատապարտման ու հատուցման խնդիրները: 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ