Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԳՏԱԾՈՆԵՐ ՆՈՐ ԿԱՐՄԻՐԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում նոր մարդակերպ կոթողներ են հայտնաբերվել, որոնք Արցախում այս շարքի կոթողների լավագույն օրինակներն են։ 

 Մեր տարածքից  արդեն հայտնաբերվել է շուրջ երեք տասնյակ նմանատիպ կոթող։ Գտածոների այս խումբը, որը պայմանական կարելի է անվանել Արցախյան, առանձնանում է պատկերագրական և տեխնիկական որոշ առանձնահատկություններով։ Արցախի քարե մարդակերպ կոթողները երկրամասի նախաքրիստոնեական մշակույթի կարևոր բաղկացուցիչներից են։ Սալերը երկու հորիզոնական ակոսների միջոցով բաժանվում են երեք մասի՝ ընդգծելով մարմնի երեք մասերը՝ գլուխը, իրանը և ներքնամասը։  Այս, ինչպես նաև պատկերագրական այլ մանրամասներ, ինչպես օրինակ՝ ձեռքերի դիրքը (բոլոր կոթողների վրա ձեռքերը ծալված են կրծքին), որոշ կոթողների վրա դաշույնի առկայությունը, խոսում են կոթողների ծիսա-պաշտամունքային դերի մասին։ Այս կոթողները կանգնեցվել են խմբի  որևէ անդամի մահվան դեպքում։ Հավանաբար խոսքը գնում է մարդու մասին, ով սոցիալական բարձր խավի է պատկանել, իր խոսքում նշել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Նժդեհ Երանյանը։ 

Ըստ մասնագետի, նորահայտ կոթողները մեծ հետաքրքրություն են ներկայացնում նախ և առաջ մասնագիտական տեսանկյունից։ Հետաքրքրական է նաև այսքան կոթողների կուտակումը մեկ վայրում։ Բանն այն է, որ այս շարքի բոլոր կոթողները հայտնաբերվել են Խաչենագետի  ստորին հովտից կամ նրա շրջակայքից։ Այս գոտին, որտեղով և հոսում էր Արցախի խոշոր գետերից մեկը, պետք է, որ գրավիչ լիներ նրանց համար, ովքեր կանգնած են այս մշակույթի ակունքներում։ Իսկ Նոր Կարմիրավանից հայտնաբերված կոթողները գալիս են հաստատելու այն կարծիքը, որ այս կոթողները կանգնեցվել են հատկապես Արցախի մարգագետնա-տափաստանային գոտում` ներկայիս Մարտակերտի շրջանում և շրջակայքում։

Այս կոթողների հետազոտությունը կարևոր է նաև քաղաքական առումով։ Ադրբեջանցի որոշ հետազոտողներ՝ սկսած անցած դարի 60-ական թվականներից, փորձել են դրանց վերագրել աղվանական ծագում, իսկ դրանց տարածվածությունն Արցախում դիտել որպես աղվանական էթնոմշակութային սուբստրատի առկայություն։ Այս ուշագրավ մշակութային երևույթի չեզոք նկարագրությունն ու պարզաբանումը, նրանց գործառույթի, ժամանակագրության և պատկերագրության հստակեցումը հնարավոր են դարձնում խոսել ընդարձակ մշակութային մի երևույթի մասին, որ տարածված էր ողջ Առաջավոր Ասիայում և մ.թ.ա. առաջին հազարամյակի սկզբների ժողովուրդների և մշակույթների հզոր տեղաշարժի ամենաէական վկայություններն են, ընգծել է Նժդեհ Երանյանը։ 

Հետևաբար այդ հուշարձանների հետազոտությունը, նրանց հստակ ժամանակագրության և էթնոմշակութային պատկանելության խնդիրների քննությունը ներկայացնում է ոչ միայն գիտական հետաքրքրություն, այլև հնարավորություն է տալիս մերժել ադրբեջանական զեղծարարությունները։ 

 

Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ԼՂՀ էկոնոմիկայի  նախարարության զբոսաշրջության վարչության առաջատար մասնագետ